Միջազգային դատարաններում իրավական վեճերի նպատակը տարաձայնությունները քաղաքակիրթ եղանակով լուծելն է, ինչը չի կարող խանգարել խաղաղության գործընթացին, կարծում է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Իրավական վեճերի նաև ինչ-որ տեղ իմաստը խաղաղության հաստատումն է, այսինքն՝ ընդհանրապես երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճ և տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ, միջազգային հիմքով նախատեսված եղանակով, դա նաև ուժի կիրառում բացառել է նշանակում, պատերազմի կանխարգելել», - ասաց նա։
Մինչ այդ՝ երեկ, վարչապետ Փաշինյանը հայտնեց, որ Երևանը Բաքվին «երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու» համատեքստում առաջարկել է «հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, այդ թվում՝ միջազգային դատական ատյաններում»։ Ինչ առաջարկ է Երևանը Բաքվին արել և ինչու՝ միջազգային դատարաններում Երևանի ներկայացուցիչը տեղյակ չէ։
Եթե վեճերը միջազգային դատարաններում լուծելը կարող է նպաստել խաղաղության գործընթացին, ինչո՞ւ է Բաքուն տևական ժամանակ նման պահանջ ներկայացնում Երևանին, Երևանն էլ ի պատասխան ասում՝ պատրաստ է քննարկել այդ հարցը, «Ազատության» հարցին Կիրակոսյանը հստակ չպատասխանեց, մինչ այդ ավելի մանրամասնեց իր տեսակետը. - «ՀՀ կողմից նախաձեռնած, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանում քննվող ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի հիման վրա ընթացող վեճը, հիմնվելով նաև ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի վրա, միտված է պատերազմը կանխարգելել, որովհետև ի սկզբանե հենց կոնվենցիայի նպատակներից մեկը եղել է այն, որ ռասիզմի քարոզելու կանխարգելումը և արգելքը միտված է խաղաղություն ամրապնդելուն և պատերազմը կանխարգալելուն, որը, իմ կարծիքով, շատ ողջամիտ ու տրամաբանական է»։
Փաշինյանի երեկվա գրառումից պարզ չէր՝ Երևանը պատրաստ է միջազգային հայցերը հետ կանչել խաղաղության բանակցությունների ընթացքո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրումից հետո։ Ավելի վաղ՝ նոյեմբերին, վարչապետն ասել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում է Հայաստանը պատրաստ միջազգային ատյաններից փոխադարձաբար հայցերը հետ կանչել:
«Միջպետական գանգատից հրաժարումը հանգեցնելու է տուժողների իրավունքների պաշտպանության գործընթացի կասեցման»
Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում առանձին գործ ունի Ադրբեջանում պահվող անձանց ապօրինի ձերբակալման ու դատական գործընթացների մասին։
Այն սցենարի դեպքում, եթե Հայաստանն առանց գերիների վերադարձի հետ կանչի գործերը միջազգային դատարաններից, կստեղծվի փակուղային իրավիճակ, «Ազատության» հետ զրույցում նկատեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Միջպետական գանգատներից հրաժարումը նշանակում է, որ այդ գանգատների շրջանակում ներկայացված զոհերի իրավունքների պաշտպանության հարցերով ՄԻԵԴ-ը չի կարող զբաղվել՝ թե՛ գերիներին առնչվող խնդիրներ, թե՛ պատերազմի հետևանքով սպանվածներ, խոշտանգումների ենթարկվածներ, բռնի տեղահանվածներ և այլն։ Միջպետական գանգատից հրաժարումը հանգեցնելու է բոլոր տուժողների իրավունքների պաշտպանության գործընթացի կասեցման», - ասաց նա։
Հայաստանի կառավարության, նաև իրավապաշտպանների առանձին ներկայացրած գանգատները միջազգային դատարաններ այս պահին եղած իրավական միակ մեխանիզմն են, որ հնարավորություն են տալիս՝ փորձելու պաշտպանել Ադրբեջանում բանտարկված հայերի իրավունքները, հավելեց իրավապաշտպանը։ Նա նշեց, որ գանգատների հետկանչի սցենարի դեպքում հարցը կմնա բացառապես քաղաքական տիրույթում. - «Եթե քաղաքական լուծումները չաշխատեն, այս անձինք հայտնվելու են անպաշտպան իրավիճակում, և նրանց կյանքը բացառապես կախված է լինելու Բաքվի իշխանությունների քմահաճույքից»։
Այսօր լրագրողների հետ զրույցում Եղիշե Կիրակոսյանը անգամ չցանկացավ քննարկել սցենարը, թե Երևանը որևէ պահի կարող է որոշել հետ կանչել գործերը միջազգային դատարաններից առանց գերիների հարցի լուծման։ Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները։