Մատչելիության հղումներ

Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին Իրանը զորավարժություն է անցկացնում Կասպիցում՝ Ադրբեջանի սահմանին մոտ


Իրանական ռազմանավ, արխիվ
Իրանական ռազմանավ, արխիվ

Մերձավոր Արևելքում սրված իրավիճակի ֆոնին, երբ պաշտոնական Թեհրանը փաստացի մերժեց Արևմուտքի կոչերը՝ հրաժարվելու Իսրայելից վրեժխնդիր լինելու սպառնալիքից, Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում։

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող Աստարայի բազայում զորավարժությունների ընթացքում հարվածներ են հասցվել պայմանական թիրախներին։ Աստարայի փոխնահանգապետ Համիդ Մուսավին հայտարարել է, որ զորավարժությունների նպատակն էր բարձրացնել նավատորմի պաշտպանական ուժերի պատրաստվածությունը։

Վերջին օրերին Արևմուտքից է՛լ ավելի ինտեսիվ են մտահոգությունները, որ Իրանի հարձակումը Իսրայելի վրա կարող է տեղի ունենալ հենց այս շաբաթ։ Իրանը երեկ, արձագանքելով Արևմուտքից հնչող՝ հարձակումից զերծ մնալու հորդորներին, հայտարարեց՝ «վճռական է տրամադրված» և իր ինքնիշխանության ու ազգային անվտանգության ապահովման հարցում որևէ մեկից թույլտվություն խնդրելու կարիք չունի:

Տարածաշրջանում իրավիճակն է՛լ ավելի սրվեց ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի՝ հուլիսի 31-ին Թեհրանում տեղի ունեցած սպանությունից հետո։ Թեև Իսրայելը կատարվածի համար պատասխանատվություն չի ստանձնել, Իրանը մեղադրանքի սլաքները Իսրայելի ուղղությամբ է պարզում։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրում բանակը բերվել է պատրաստվածության ամենաբարձր աստիճանի։

Երեկ երեկոյան իսրայելական լրատվամիջոցները հաղորդեցին՝ Թել Ավիվում պայթյուններ են հնչել, սակայն զոհերի մասին տեղեկություններ չկան։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման զինված թևերից մեկն էր հայտարարել, որ երկու M90 հրթիռներով թիրախավորել են Թել Ավիվը և նրա արվարձանները:

ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ամոս Հոքշտեյնն էլ այսօր Բեյրութում Լիբանանի Ազգային ժողովի խոսնակ Նաբիհ Բըրրիի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ Իսրայելը և «Հեզբոլա»-ն ամեն դեպքում կարող են խուսափել պատերազմից։

«Մենք շարունակում ենք հավատալ, որ դիվանագիտական լուծումը հասանելի է, քանի որ շարունակում ենք հավատալ, որ ոչ ոք իրականում չի ցանկանում լայնամասշտաբ պատերազմ Լիբանանի և Իսրայելի միջև», - ասել է Հոքշտեյնը:

Չդադարող սպառնալիքների, Գազայում շարունակվող պայթյունների, ավերածությունների, զոհերի ֆոնին միջազգային դերակատարները հույս ունեն, որ վաղը հրադադարի և պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցություններ տեղի կունենան Իսրայելի ու «Համաս»-ի միջև։

Հավանականությունը, որ բանակցույթունների նոր փուլը վաղը կյանքի կկոչվի, այդուհանդերձ, շատ ցածր է։ Իսրայելը հայտարարել է, որ պատվիրակություն կուղարկի այդ բանակցություններին։ «Համաս»-ը դեռ հստակ չի ասել՝ կմասնակցի արդյոք նոր փուլին։

Այս ընթացքում նաև Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասն է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը հասցրել քննարկել Ռուսաստանի նախագահ հետ։ Մոսկվայում երեկ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո այսօր օրվա երկորրդ կեսին նա կհանդիպի Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի հետ։

Երեկ Պուտինն Աբասին հայտնել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների շուրջ անփոփոխ է. - «Այն վաղուց է ձևակերպվել և կախված չէ արտաքին հանգամանքներից։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում երկարատև, հուսալի, կայուն խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ է կատարել ՄԱԿ-ի բոլոր որոշումները և առաջին հերթին ստեղծել լիարժեք պաղեստինյան պետություն»:

Իսրայելը դեռ անցած տարեվերջին էր դժգոհություն հայտնել Ռուսաստանի «հակաիսրայելական դիրքորոշման» կապակցությամբ, ինչպես նաև «խստորեն քննադատել Ռուսաստանի և Իրանի միջև վտանգավոր համագործակցությունը»։

XS
SM
MD
LG