Մատչելիության հղումներ

Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. արդարադատության նախարար


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով, 14-ը հունվարի, 2025թ.
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով, 14-ը հունվարի, 2025թ.

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խոստանում է մինչև խորհրդարանական ընտրություններ մշակել նոր Սահմանադրության տեքստը։

«Ես՝ որպես նոր նախարար, կարծում եմ, որ պետք է ստանձնեմ պարտականություն և պատասխանատվություն՝ ի վերջո մշակել նոր Սահմանադրության նախագիծ», - այսօրվա ասուլիսին ասաց նա։

Նախարարն հստակ չպատասխանեց, թե Սահմանադրության նախաբանը պահպանվելու է, թե ոչ, խորհուրդ տվեց հետևել քննարկումների ընթացքին. - «Ոչ մի ինտրիգ, ոչ մի խնդիր այս ամենում պետք չէ փնտրել»։

Նոր Սահմանադրության հարցը իշխանության օրակարգ մտավ Բաքվի պահանջից հետո։ Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի մայր օրենքը։ Ադրբեջանը խնդրահարույց է համարում նախաբանում Անկախության հռչակագրին հղումը, իսկ հռչակագրում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։ Անցած տարի Սահմանադրական դատարանը որոշեց, որ Անկախության հռչակագրի ու Սահմանադրության բովանդակությունը նույնական չեն։ Բայց, դրանից հետո էլ չդադարեց Բաքվի պահանջը։

Ի վերջո, այս պահանջը կատարելու են, թե ոչ, ինչ է որոշել կառավարությունը, նախարար Գալյանը շեշտեց, թե Սահմանադրական դատարանն այս մտահոգությունը փարատել է։ «Այս առումով ես թեման համարում եմ փակված և Սահմանադրության տեքստի հետ կապված առաջարկում եմ ուղղակի հետևել հանձնաժողովի աշխատանքներին, իսկ դրանք մոտ ապագայում վերսկսվելու են», - ասաց նա։

Ըստ նախարար Գալյանի՝ մայր օրենքը փոխելու նպատակը ավելի լավ Սահմանադրություն ունենալն է։ Հրատապ հարց չկա, Ադրբեջանի պահանջի հետ կապ չունի, ավելացրեց նա։

Նիկոլ Փաշինյանը գործող Սահմանադրության վտանգներից խոսեց անցած տարվա սկզբին, դրանից հինգ ամիս անց հանձնարարեց մինչև 2026-ի դեկտեմբերի 30-ը մշակել նոր Սահմանադրության տեքստը։ Սահմանադրական բարեփոխումների անդամ Դանիել Իոաննիսյանը երկու ամիս առաջ «Ազատության» հետ զրույցում դժգոհել էր, որ Փաշինյանի նշած ժամկետում հնարավոր չէ դա անել, քանի որ գործընթացը կանգ է առել։ Այս ամբողջ ընթացքում երկու անգամ են նիստ արել։

«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ», - հայտարարեց նախարար Գալյանը։

Կոռուպցիան դրվագային է. նախարար

Նոր Սահմանադրություն մշակելու հարցում վճռական նախարարն ի՞նչ կարող է ասել պետական համակարգում կոռուպցիայի մասին, հաջողվե՞լ է արմատախիլ անել, որ խոստանում էր վարչապետ Փաշինյանը. նորանշանակ Գալյանը խոստովանում է՝ կոռուպցիա կա, բայց համակարգային չէ, դրվագային է։

Համակարգային կոռուպցիան իշխանական բուրգում ներքևից վերև ձգվող կաշառքի շղթան է, երբ ծառայությունների մատուցման համար վերցրած կաշառքից բաժին է հասնում բուրգի գագաթին, պարզաբանեց մոտ երկու ամիս արդարադատության համակարգը ղեկավարող Գալյանը. - «Իհարկե, դրվագային կոռուպցիա կա։ Թույլ տվեք, որպես երևույթ, ասել, որ այն եղել է մշտապես հասարակության ծագման ու զարգացմանը համընթաց։ Կարծում եմ՝ կոռուպցիան այնպիսի երևույթ է, որ կա բոլոր երկրներում, ուղղակի ծավալներն են տարբեր»։

Շարունակությունը՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG