Մատչելիության հղումներ

Մակրոնը վերահաստատում է անվերապահ աջակցությունը Հայաստանին

Լրացված

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

Փարիզում այսօր հանդիպել են Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարները։ Փաշինյան-Մակրոն հանդիպումը տեղի է ունենում ֆրանս-ադրբեջանական հարաբերություններ լարվածության ֆոնին։

Բաքուն պարբերաբար քննադատում է Փարիզին ռազմական տեխնիկայի վաճառքի համար ու մեղադրում կողմնակալության մեջ։

Հայկական կողմը հաղորդում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Էմանյուել Մակրոնը Ելիսեյան պալատում քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։ Հայաստանի վարչապետը կարևորել է բարեկամ Ֆրանսիայի մշտական աջակցությունը։ Նիկոլ Փաշինյանը Փարիզում վերստին հայտարարել է՝ Երևանը պատրաստ է Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը կնքել արդեն իսկ համաձայնեցված հոդվածներով ու շարունակել հետագա քննարկումները:

«Քննարկվել են նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա գնալ տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման», - նշված է հայտարարությունում:

Ըստ Հայաստանի կառավարության հաղորդագրություն՝ Ֆրանսիայի նախագահն էլ իր հերթին վերահաստատել է Փարիզի անվերապահ աջակցությունը Հայաստանին։

«Էմանյուել Մակրոնն իր երկրի սատարումն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի Կառավարության քայլերին` ուղղված խաղաղությանն ու կայունությանը, միաժամանակ ողջունել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը», - նշված է հայտարարությունում:

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրները, բնակարանային ապահովման Հայաստանի կառավարության ծրագիրը: Հայաստանի ու Ֆրանսիայի առաջնորդները կարևորել են միջազգային հանրության հետևողական աջակցությունը` ԼՂ տեղահանվածների խնդիրների լուծման գործում:

Հայաստանի վարչապետը Փարիզում է աշխատանքային այցով, նա հանդիպել նաև Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեին։ Փաշինյանը հոկտեմբերի 4-ից 5-ը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին։

Ֆրանսիայում է նաև Հայաստանի արտգործնախարարը։ Արարատ Միզրոյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին։ Միրզոյանը կարևորել է համաժողովի ամփոփիչ բանաձևի նախագծի հատվածը, որը վերաբերում է հայ - ադրբեջանական կարգավորմանը։

«Կարևոր ենք համարում, որ բանաձևն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ հիմնված պետությունների տարածքային ամբողջականության հարգման վրա՝ համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի։ Բանաձևը ողջունում է նաև 2024թ. ապրիլի 19-ի Արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա միջպետական սահմանի սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և խրախուսում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների նկատմամբ հարգանքի հիման վրա», - ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Միրզոյանը վերստին հայտարարել է, որ Հայաստանը հանձնառու է շարունակելու իր ջանքերը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման օրակարգի առաջխաղացման համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG