Մատչելիության հղումներ

Մակրոն․ «Դուրովի ձերբակալությունը քաղաքական որոշման արդյունք չէ»


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

«Պավել Դուրովի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ չունի», - պնդում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Telegram-ի հիմնադրի ձերբակալությանը վերաբերող իր առաջին մեկնաբանության մեջ։

«Ֆրանսիայի տարածքում Telegram-ի ղեկավարի ձերբակալությունն իրականացվել է դեռևս անավարտ մի հետաքննության շրջանակներում։ Այն քաղաքական որոշման արդյունք չէ։ Բոլոր որոշումները կայացվելու են դատավորների կողմից», - Х-ի իր օգտահաշվում գրել է Մակրոնը։

Reuters-ի տեղեկություններով՝ Դուրովին ձերբակալել են Telegram-ում կատարված չարաշահումների հետաքննության ընթացքում իրավապահների հետ համագործակցությունից խուսափելու համար։

Դուրովն արդեն շուրջ 48 ժամ է ինչ գտնվում է ֆրանսիացի ոստիկանների հսկողության տակ՝ Փարիզի արվարձան Նանտերում գտնվող Ներքին գործերի նախարարության շենքում։ Ֆրանսիական դատարանն այսօր ևս 48 ժամով երկարաձգեց աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցերից մեկի գլխավոր տնօրենի կալանքի ժամկետը։ Ֆրանսիական օրենսդրության համաձայն՝ ցանկացած անձ կարող է մինչև 96 ժամ պահվել կալանքի տակ առանց մեղադրանքի ներկայացման։

Ֆրանսիական ոստիկանությունը Դուրովին ձերբակալեց շաբաթ ուշ երեկոյան՝ Փարիզից ոչ հեռու գտնվող «Լը Բուրժե» օդանավակայանում, Բաքվից մասնավոր օդանավով ժամանելուց անմիջապես հետո։ Ռուսական որոշ շրջանակներ պնդում էին, որ Դուրովը Բաքվում էր այդ նույն օրերին այնտեղ գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու նպատակով։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, այսօր,լրագրողների հետ զրույցում կտրուկ հերքեց Պուտին-Դուրով հանդիպման մասին տեղեկությունները։

AFP գործակալության տեղեկություններով, գործարարի ձերբակալության օրդերն արձակել է Ֆրանսիայի անչափահասների դեմ հանցագործությունները հետաքննող ազգային գործակալությունը՝ Telegram-ի հիմնադրին մեղադրելով թմրամիջոցների անօրինական շրջանառության և ահաբեկչական գործունեության քարոզչության համար հարթակ տրամադրելու մեջ։ TF1 հեռուստաալիքի՝ ուժային կառույցներում գտնվող աղբյուրները ևս պնդում են, որ իրավապահները Դուրովին կասկածում են Telegram-ի միջոցով երեխաների դեմ հանցագործություններին, խարդախությանն ու թմրաբիզնեսին նպաստելու մեջ։ Նույն աղբյուրը նաև պնդել է, թե հետաքննությունն ավելի վաղ էր մեկնարկել, սակայն Դուրովի հետախուզման օրդերն ուժի մեջ է մտել միայն այն պահին, երբ նրա օդանավը վայրեջք է կատարել Ֆրանսիայի տարածքում։

Telegram-ի ղեկավարությունը ֆրանսիացի իրավապահների կասկածներն աբսուրդ է որակում՝ նշելով, թե «Դուրովը թաքցնելու որևէ բան չունի»։ «Սոցիալական ցանցը հետևում է ԵՄ կողմից ընդունված օրենքներին՝ ներառյալ «Թվային ծառայությունների մասին» օրենքի պահանջներին», - նշում են Telegram-ի ղեկավարները՝ հավելելով. - «Պնդումը, թե սոցիալական ցանցը կամ դրա սեփականատերը պատասխանատվություն են կրում հարթակում թույլ տրվող չարաշահումների համար, աբսուրդային է»։

Եվրամիության պաշտոնյաներն, ի դեպ, նույնպես նշում են, թե Դուրովի դեմ հարուցված քրեական գործը ԵՄ կանոնների խախտման հետ որևէ կապ չունի։

«Քրեական հետապնդումը «Թվային ծառայությունների մասին» օրենքի պահանջների խախտման դեպքում սահմանվող պատժամիջոցների շարքում չէ: ԵՄ օրենքը չի սահմանում, թե ինչն է օրինական, իսկ ինչն՝ անօրինական, հետևաբար՝ այն չի կարող հիմք հանդիսանալ ձերբակալության համար», - Euronews-ի հետ զրույցում այսօր նշել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG