Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը մեկօրյա արտակարգ դադարից հետո վերսկսել է աշխատանքը, հայտնում է Associated Press-ը։
Դադարի պատճառը օդանավակայանի ենթակայանում բռնկված հրդեհն էր, որից խոշորագույն «Հիթրոու»-ն հոսանքազրկվել էր։ Ավելի քան 1300 թռիչք էր հետաձգվել, շուրջ 200 հազար քաղաքացիներ ուրբաթ օրը անելանելի դրության մեջ էին։
Ոստիկանությունը հայտարարել էր, որ հրդեհը կասկածներ չի հարուցում, հետաքննությունը կկենտրոնանա ենթակայանի էներգաբաշխիչ ցանցի վրա։
Մինչ այս, բրիտանական իշխանությունը քննադատություն է լսում․ երկրի ենթակառուցվածքները նախապատրաստված չեն ֆորսմաժորների համար, հակառակ դեպքում ինչո՞ւ պիտի մեկ պատահական հրդեհը փակեր Եվրոպայի ամենածանրաբեռնված օդային հանգույցը։
«Հիթրոու»-ն միայն անցյալ տարի 84 միլիոն ուղևորի է սպասարկել։ Օդանավակայանի փակման մասին հայտարարելու պահին օդում 120 ինքնաթիռ կար, որ ստիպված ուղևորվեցին այլ քաղաքների ու երկրների օդակայաններ։