Մատչելիության հղումներ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի տուգանել Պապիկյանի տիկնոջը


ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, արխիվ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, արխիվ

Ինչո՞ւ է պաշտպանության նախարարի տիկնոջ սխալը որակվել անկարևոր, և Արմինե Մուրադյանն ազատվել է պատասխանատվությունից, երբ չի հայտարարագրել հարսանիքի ժամանակ նվեր ստացած 2 միլիոն դրամն ու շուրջ 18 հազար դոլարը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանն իր բացատրությունն ունի.

«Երբեմն էդ պատժողական մեխանիզմը ինքնանպատակ է դառնում և ինքնըստինքյան չի հանգեցնում վարքագծի փոփոխության, այլ խրախուսական նորմերը, ի հակադրություն դրա, մարդկանց հնարավորություն են տալիս փոխել վարքագիծը, և իրականում կանխարգելիչ էն գործառույթը, որ մենք ունենք, դրա շրջանակներում ունենալ էն իրավիճակը, որը բոլորով ցանկալի է, բոլորով ձգտում ենք ունենալ»:

Երեք ամիս առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործող երեք անդամներով քննել է, բայց որոշում չի կայացրել, քանի որ երեք հանձնաժողովականները պետք է միաձայն լինեին: Ի տարբերություն երկուսի՝ Փաշինյանը եզրահանգել է, որ բարձրաստիճան պաշտոնյայի կնոջ խախտումն էական չէ, և դեմ է քվեարկել նրան տուգանելու մյուսների առաջարկին: Պնդում է՝ իր արարքն անձնավորված չէ, կապ չունի այն հանգամանքի հետ, որ այն վերաբերում էր բարձրաստիճան պաշտոնյայի կնոջը: Ասում է՝ մեղմ կլիներ ցանկացած մեկի նկատմամբ:

«Հայտարարատուի վարքագիծը՝ ստացված կանխիկ միջոցները բանկային հաշվին անկանխիկ դարձնելուն ուղղված, էական գործոն էր համարվել: Երկրորդ էական գործոնը համարվել էր նվազ նշանակության դիտելու համար, որ հայտարարագրում մի դեպքում, երբ որ տվյալը հայտարարագրված է, հանձնաժողովը նախորդ բոլոր դեպքերում նվազ նշանակության է դիտել», - նշում է Փաշինյանը:

Արամայիս Փաշինյանը, որը տուգանելու փոխարեն կողմ է եղել խրախուսմանը, ասում է՝ մեղմ է վարվել նաև, քանի որ այդ գումարն արտացոլված է եղել Արմինե Մուրադյանի բանկային հաշիվներում:

Ինքը Մուրադյանը հանձնաժողովին հավաստիացրել է, որ խնդիրը տեխնիկական է եղել, թաքցնելու միտում չի ունեցել: Պատմել է, որ հարսանիքի 490 հյուրերից յուրաքանչյուրը նվիրել է մինչև 150 հազար դրամ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձաժողովի արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը, մինչդեռ, կարծում է՝ հանձնաժողովը պարտավոր էր բովանդակային քննություն անցկացնել։

«Դուք ինքներդ նայեք միայն փաստերը, որոնք հանձնաժողովը հիմք է ընդունել վարքագիծը օրինական գնահատելով, իրենք իրենցով արդեն չափազանց խնդրահարույց են: Նորից եմ կրկնում՝ ինչպե՞ս են հավաստիացել, որ 150 հազար դրամ է յուրաքանչյուր հարսանիքի մասնակից վճարել: Սա շատ խնդրահարույց հարց է, որի պատասխանն ըստ էության չստանալով և չտրամադրելով՝ հանձնաժողովը պատասխանատվությունը ամբողջությամբ վերցրել է իր վրա: Կարճ ասած՝ իրենք են ստանձնել պատասխանատվությունը, որ եթե նույնիսկ էստեղ կոռուպցիոն որևէ խնդիր է եղել, դրա նկատմամբ զգայունություն չի դրսևորվել», - «Ազատությանն» ասաց Հարությունյանը:

Մինչ Հարությունյանի նախկին գործընկերը պնդում է, որ անօրինական բան տեղի չի ունեցել, ինքը Հարությունյանը հակադարձում է՝ նորաստեղծ ընտանիքի եկամուտների օրինականությունը չի ստուգվել, հանձնաժողովը Մուրադյանի պնդումներն ընդունել է որպես փաստ և ավարտված համարել գործընթացը:

«Ես չեմ տեսնում հաշվարկը, նաև, ըստ էության, թե ծախսերը կոնկրետ ինչքան են կազմել անձի տարվա ընթացքում, որի համադրման արդյունքում արդեն առհասարակ գույքի, կոնկրետ արդեն դրամական արտահայտությամբ եկամուտի ավելացումը համարվեր օրինական», - ասում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահը:

Պաշտոնյաների ու նրանց ընտանիքների հայտարարագրերն ուսումնասիրող հետաքննող լրագրող Վահե Սարուխանյանն ընդգծում է՝ այս մասին գուցե հանրությունը չիմանար, եթե հարսանիքից մոտ մեկ տարի անց Մուրադյանն այդ փողը չտաներ բանկ։

«Ու քանի որ էստեղ հանձնաժողովի անդամներից մեկը՝ Արամայիս Փաշինյանը՝ գլխավոր դատախազի տեղակալի փեսան, Սրբուհի Գալյանի քրոջ ամուսինը, որը, մամուլը շատ շատ է գրել էդ մասին, իշխանությունների հետ փոխկապակցված, իշխանություններին շատ մոտ կանգնած անձ է, իր որոշումը նպաստել է, որ Սուրեն Պապիկյանի կինը վարչական պատասխանատվության նույնիսկ չենթարկվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց հետաքննող լրագրողը:

Վահե Սարուխանյանի խոսքով՝ հանրությունը կարող է կասկածել, որ Արամայիս Փաշինյանի դիրքորոշումը պայմանավորված է եղել հենց նրա՝ իշխանականների հետ կապերով։ Հակառակ դեպքում հարց կբարձրացներ՝ արդյոք հենց այդքան գումար է նվեր ստացել պաշտպանության նախարարի ընտանիքը, և արդյոք չհայտարարագրելով այդ փողերը՝ փորձել են թաքցնել իրական եկամուտները։ Եթե հանձնաժողովը խախտում համարեր տեղի ունեցածը, Արմինե Մուրադյանը կտուգանվեր մինչև 400 հազար դրամով։ Տուգանելով պաշտպանության նախարարի տիկնոջը, ըստ լրագրողի, հանձնաժողովը կկանխեր հետագա բացթողումները։

Վահե Սարուխանյանն այլ հարց էլ է բարձրացնում՝ արդյոք հանձնաժողովի անդամ Փաշինյանը նույն մեղմությունը կդրսևորի մյուսների, առավել ևս` քաղաքացիների նկատմամբ, որոնք գուցե սխալվեն ու մեկ թիվ ավելի կամ պակաս գրեն հայտարարագրերում։ Սա ավելի ցայտուն կերևա մյուս տարի, երբ քաղաքացիները ևս սկսեն հայտարարագրել եկամուտները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG