Արդյոք կընտրվի՞ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը նույն կառույցի անդամ. հարցն, ամենայն հավանականությամբ, վաղը կստանա պատասխան։ Մինչ քվեարկությունը ընդդիմությունը խորհրդարանական այսօրվա քննարկումներից տպավորություն էր ստացել, որ՝ ոչ։
ՔՊ-ն հավանաբար որոշել է ազատվել Հարությունյանից. քաղհասարակության պլատֆորմի հայտարարություն
Այսօրվա թեժ քննարկմանը նախորդել էր Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի հայտարարությունը, թե իշխանական խմբակցությունն, ամենայն հավանականությամբ, որոշել է ազատվել Հայկուհի Հարությունյանից՝ «տուրք տալով անձնական շահագրգռվածությամբ առաջնորդվող մի քանի անդամների ցանկություններին»:
Հայտարարությունում նաև մամուլի հրապարակումներին կար անդրադարձ, թե իշխող խմբակցության փակ նիստին մի քանի պատգամավորներ Հարությունյանին դժգոհել են իրենց, իրենց ընտանիքների անդամներին և ընկերներն առնչվող հանձնաժողովի որոշումներից և գործողություններից
Պլատֆորմի երկու օր առաջ արված առաջարկը՝ հետաձգել ընտրությունը, փաստացի չէր ընդունվել։
Եկել եմ համոզվելու, որ կոռուպցիան արմատախիլ անելու օրակարգը շարունակում է մնալ առաջնահերթություն. Հարությունյան
«Այսօրվա քվեարկությունն ինձ համար ժողովրդի կողմից լիազորությունների մանդատ ստացած անձանց և ինստիտուտի առջև դրված հարցադրում է՝ արդյոք այս ամենը զարգացնելու կամքը ժողովրդի քվեն ստացած պետական մարմինն ապահովվելու է։ Չորս տարի անց՝ այսօր, ես եկել եմ վերստին ինքս համոզվելու, որ կոռուպցիան արմատախիլ անելու օրակարգը շարունակում է մնալ այն առաջնահերթությունը, որով նոր Հայաստան է կերտվում», - Հայկուհի Հարությունյանն իր ելույթը հենց այսպես ավարտեց։
Դրանից առաջ ասել էր՝ ինքը վճռական է կանխարգելել կոռուպցիան, իսկ հանձնաժողովը, ըստ նրա, կայացել է որպես պետական անկախ ինստիտուտ, գործել է անկաշկանդ, ճնշումներ չի հանդուրժել։
Հենց այս հանձնաժողովն է հետևում պաշտոնյաների անհամատեղելիության պահանջներին, շահերի բախմանը, ստուգում հայտարարագրերը։
«Շանտաժ». իշխանականների հարցադրումներն ու արձագանքները
Հարությունյանի այս հայտարարությունը միակը չէր, որ իշխանական պատգամավորների քննադատությանն արժանացավ։
Հասմիկ Հակոբյանը հայտարարեց. - «Շանտաժ, որ եթե դուք՝ պատգամավորնե՛ր, ինձ չընտրեք, ուրեմն ձեզ համար այլևս օրակարգային չէ կոռուպցիայի դեմ պայքարը։ Հայկուհի Հարությունյանը և կոռուպցիայի կանխարգելումը հավասար չեն։ Նորից առաջադրվել եք, և մենք կարող ենք ընտրել, կարող ենք ոչ»։
ՔՊ-ից Արման Եղոյանը հետաքրքրվեց՝ իրենց 71 հոգանոց խմբակցությունից քանիսի՞ նկատմամբ են նրա պաշտոնավարման ընթացքում վարույթներ հարուցվել։
«Մինչև 25 շահերի բախում անհամատեղելիություն և հայտարարագրերի սխալ ներկայացման հիմքում», - պատասխանեց նա։
«ԿԿՀ կայքից պարզեցինք, որ մեր 5 պատգամավորի վերաբերյալ է վարույթ հարուցվել։ Դուք ասել եք 25 կամ մինչև 25, այնինչ 5 է, հիմա մենք ո՞նց Ձեզ ընտրենք, եթե Դուք այս պրիմիտիվ հարցի դեպքում 5-ը ներկայացրել եք 25», - ասաց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Եթե այդ տեղեկությունները կային, դրանք առնվազն մենք պիտի քննարկեինք ի պաշտոնե», - պատասխանեց Հարությունյանը։
Այս տարի, օրինակ, հանձաժողովը 200 հազար դրամով տուգանել է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին՝ 2021-ի հայտարարագրում անզգույշ սխալ ու ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար։ Բայց, մեկ այլ ՔՊ-ականի՝ Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ էլ որոշել է, որ նա անհամատեղելիության պահանջները չի խախտել։
Իշխանականները խնդրեցին նշել ոչ միայն հաջողությունները, այլև թերությունները, հիշեցին հրապարակումները, ըստ որոնց Հարությունյանի ընտանիքի անդամները տարիներ շարունակ հայտարարագիր չեն ներկայացրել։
«Հանձնաժողովը 4 տարիների գործունեության ընթացքում համատեղ բնակվող անձանց վերաբերյալ վարույթներ չի հարուցել, և պատասխանատվությունն, ըստ էության, նույնիսկ չի կիրառել։ Միակ ընտանիքի անդամի մասով իրականացված վարույթը, որը նաև հիմա դատական վիճարկումների փուլում է, փաստաբան Հայկ Ալումյանի առնչությամբ է եղել, որը, ցավոք սրտի, նաև վիճարկվել է, նաև այդ հանգամանքը հաշվի առնելով…», - արձագանքեց Հայկուհի Հարությունյանը։
ԱԺ նախագահն էլ հարց ուներ ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման մասին. - «Եղե՞լ է դեպք, որ Դուք զանգահարել եք կամ ինչ-որ ձևով խոսել եք, կամ ինչ-որ ձևով հաղորդակցելով ասել եք՝ եթե այս մարդը այստեղ աշխատի, մենք ձեր հետ չենք աշխատի»։
«Ո՛չ, զանգ և նման ձևակերպում իմ կողմից չի եղել», - ասաց նա։
Ի դեպ, Հայկուհի Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասել էր՝ մեկ անգամ, երբ նոր էր ստանձնել պաշտոնը, եղել է ճնշման փորձ, որի մասին կառավարությանը տեղեկացրել է, և սա հետո չի կրկնվել։
Իշխանությունը ճնշման մասին կոնկրետ փաստեր էր պահանջում։ Հայկուհի Հարությունյանն առանց պաշտոնյայի անունը տալու միայն ասաց՝ ԱԱԾ-ից է եղել զանգը։
Դրական գնահատական ընդդիմադիրներից
Աշխատանքի դրական գնահատական ընդդիմադիրներից լսեց՝ Գեղամ Նազարյանից. - «Ունենք Հայկուհի Հարությունյան, որը բավական բարդ կառույց է ղեկավարել ու շատ լավ, նույնիսկ դեմ արտահայտվելը ձև ու հատուկ կարգ ունի»։
Իր տպավորությունները «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը ներկայացրեց. - «Մինչև հիմա Ձեր հասցեին հնչող քննադատությունների առյուծի բաժինն այն էր, որ Դուք բավականին բարեհաճ վերաբերմունք ունեք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և կուսակցության անդամ պաշտոնյաների նկատմամբ։ Մենք հիմա մի փոքր, կարծեք թե, այլ իրավիճակի ենք ականատես լինում»։
Հայկուհի Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց տեսակետ հայտնել՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ է հայտնվել իշխանության քննադատության թիրախում։
Խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՔՊ-ի անունից ելույթ դեռ չի հնչել, չնայած անթաքույց դժգոհությանը՝ իշխանականները չեն բացահայտել՝ ինչպես կքվեարկեն։