Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու գործարկման ուղղությամբ «ինտենսիվ բանակցություններ են»


Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու ապաշրջափակման և դրա գործարկման ուղղությամբ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, խորհրդարանում այսօր հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ առանց մանրամասնելու, թե ինչ ձևաչափով։

Նախարարն այդ ուղղությամբ առաջընթացի հույս հայտնեց։

Ավելի վաղ կողմերի պաշտոնական հաղորդագրությունից պարզ էր դարձել, որ սահմանազատման աշխատանքները համակարգող Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը վերջին հանդիպմանը քննարկել էին տրանսպորտային հաղորդակցության հարցը։ Ազգային ժողովի նախագահն էլ չէր բացառել, որ տարածաշրջանային երթուղիների ապաշրջափակման հարցը Երևանն ու Բաքուն այսուհետ քննարկեն երկկողմ ձևաչափով՝ փոխվարչապետերի գլխավորությամբ:

Երկաթգծի բացումը Հայաստանն ու Ադրբեջանը ռուսական կողմի միջնորդությամբ ակտիվ քննարկում էին 2021-22 թվականներին, Հայաստանի կառավարությունը նույնիսկ նախնական հաշվարկ էր արել, նշվում էր՝ երկաթգծի կառուցումը կարժենա 200 միլիոն դոլար:

Հաջորդ տարվա բյուջեի քննարկման ընթացքում ելույթում Արարատ Միրզոյանը նաև անդրադարձավ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքներին՝ կրկին նշելով, որ մեկ- երկու ձևակերպումներ կան, որոնց շուրջ քննարկումներն «ավելի ինտենսիվ ու ավելի համագործակցաբար են շարունակվում»։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ զգուշավոր լավատեսություն հայտնեց խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, Արարատ Միրզոյանը նշեց, թե ընթանում են Կարս-Գյումրի երկաթգծի շուրջ գնահատման աշխատանքներ։

Ում շահերն են բախվում և ինչ հնարավորություններ են բացվում տարածաշրջանի ապաշրջափակմամբ

XS
SM
MD
LG