«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Տավուշի մարզ մեկնելու նպատակներին։
«Փորձենք տեսնել էդ ցանկապատ ասվածը որտե՞ղ է։ Ցանկապատ էր, սահմանագիծ էր, փշալար էր, որտե՞ղ է գտնվում, որը մինչև հիմա տեսանյութերով, նկարներով չկա։ Գնանք մեր աչքերով տեսնենք՝ կա՞, թե չկա։ Ամեն դեպքում ասել էր Ոսկեպարում է, գնանք տեսնենք»,- ասաց արքեպիսկոպոսը, նշելով, թե տեղյակ չէ, արդյոք ոստիկականական ուժեր կան այնտեղ։
Օրերս Սյունիքի մարզ այցից հետո վարչապետն ասաց, թե «Ճակատենում, Ներքին Հանդում՝ սահմանամերձ համայնքներում հարցնում էին՝ «հույս կա՞, որ մեզ մոտ էլ սահմանազատում կլինի»։ Փաշինյանն ընդգծեց, որ գյուղացիները, մասնավորապես, բողոքում էին, թե իրենց անասունները գնում են արտովայրեր ու հետ չեն գալիս, ինքն էլ լուսանկարով ցույց է տվել, թե ինչպես են այդ խնդիրը լուծել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում՝ նշելով, որ այդ հատվածում սահմանի երկայնքով տեղադրված փշալարե ցանկապատն անհնար է դարձնում՝ անասունն անցնի մյուս կողմ։
«Երբ որ Ոսկեպարի ինժեներական պատնեշներն էդ մարդկանց ցույց տվեցի, էդ մարդկանց ոգևորությունը տեսնեիք, ասում էին՝ «մեզ մոտ էլ էդպես լինի», - ասաց գործադիրի ղեկավարը։