Ըստ Կիևի՝ Ռուսաստանն առաջիկայում կուժեղացնի իր հարձակումը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ահազանգում է՝ Ուկրաինական բանակը հակաօդային պաշտպանության անհրաժեշտ միջոցների միայն մեկ քառորդն ունի։
AFP-ին տված հարցազրույցում նախագահ Զելենսկին նաև նշել է, որ վերջին օրերին Խարկովի ուղղությամբ ռուսական զորքերի ռազմական ակտիվությունը ավելի լայն հարձակման «առաջին ալիքն է»։
«Չեմ ասի, որ սա մեծ հաջողություն է (Ռուսաստանի համար), բայց մենք պետք է սթափ լինենք և հասկանանք, որ նրանք ավելի են խորանում մեր տարածք»,- ասել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ իրավիճակը Խարկովի մարզում «վերահսկվում է», բայց «չի կայունանում»։
AFP-ն վկայակոչում է Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի տվյալները, որոնց համաձայն, մայիսի 9-ից մայիսի 15-ը ռուսական զորքերը գրավել են 278 քառակուսի կիլոմետր տարածք: Սա ռուսական զորքի ամենամեծ տարածքային նվաճում է 2022 թվականի վերջից ի վեր։