Մատչելիության հղումներ

Պուտինը պնդել է, թե Ռուսաստանը ներկայումս Խարկովը գրավելու ծրագրեր չունի


Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, թե ուկրաինական Խարկովի մարզում առաջխաղացող ռուսական ուժերը «անվտանգության սանիտարական գոտի» են ստեղծում՝ պաշտպանելու Ռուսաստանի սահմանամերձ շրջանները։ Նա միևնույն ժամանակ պնդել է, թե Ռուսաստանը ներկայումս Խարկովը գրավելու ծրագրեր չունի։

Ռուսաստանի նախագահը Խարկովի մարզում ռուսական զորքերի հարձակողական գործողության մեղքը բարդել է ռուսական Բելգորոդը գնդակոծող ուկրաինական իշխանությունների վրա։

«Սա նաև նրանց մեղքն է, քանի որ, նրանք, ցավոք, շարունակում են գնդակոծել սահմանամերձ տարածքների բնակելի թաղամասերը, այդ թվում՝ Բելգորոդը։ Այնտեղ քաղաքացիական անձինք են մահանում։ Եվ ես հրապարակավ ասացի, որ եթե այսպես շարունակվի, մենք ստիպված կլինենք ստեղծել անվտանգության սանիտարական գոտի։ Սա այն է, ինչ մենք անում ենք», - նշել է Պուտինը:

Ռուսաստանի հարձակումը Խարկովի մարզում սկսվել է մեկ շաբաթ առաջ։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն ընդունել է, որ ռուսական զորքերը «մարտավարական հաջողություններ» են գրանցել Վոլչանսկ քաղաքի համար մղվող մարտերում։ Ըստ բանակի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի՝ նպատակը Բելիյ Կոլոդեզ ավանի գրավումն է, որպեսզի ռուսական ուժերը ուկրաինական զորքի թիկունքից հարձակում սկսեն։ Սիրսկին ասել է, որ ռուսները հարձակումը Խարկովի ուղղությամբ սկսել են նախատեսվածից շուտ, երբ նկատել են ուկրաինական զորքերի վերատեղակայումը, և ըստ գլխավոր հրամանատարի՝ միևնույն է չեն կարողացել ճեղքել զինված ուժերի պաշտպանությունը։

Զելենսկին պնդում է, թե ուկրաինական կողմին հաջողվել է «կայունացնել» իրավիճակը

Այսօր արդեն նախագահ Զելենսկին պնդել է, թե ուկրաինական կողմին հաջողվել է «կայունացնել» իրավիճակը։ Նրա խոսքով, ռազմաճակատի այս հատվածում ռուսական զորքերը տասը կիլոմետրից առաջ չեն անցել։

«Մինչ այժմ ռուս զինվորականներին հաջողվել է առաջ անցնել միայն պաշտպանության առաջին գծից, որից հետո դեռևս կան երկրորդ և երրորդ գծերը», - ընդգծել է Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը պաշտպանական գծերը ճեղքելու փաստը բացատրել է հակաօդային պաշտպանության բացակայությամբ, ինչպես նաև ասել, որ ռուսական զորքերը «հեռավորության վրա, որտեղ առավելություն ունեն, օգտագործում են ավիառումբեր և հրետանի»։

Ռազմական գործողությունները վերջին շրջանում ավելի ինտենսիվ են դարձել ոչ միայն ճակատում, այլև ռուսական տարածքներում։ Այսօր առավոտյան անօդաչուների հարձակումից հրդեհ է բռնկվել Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի նավթավերամշակման գործարանում։ Իսկ Նովոռոսիյսկի բնակիչներն ավելի քան 30 պայթյուն են հաշվել։

Նշվում է, որ հարձակման են ենթարկվել նավահանգիստը և նավթի պահեստը։ Անօդաչուները նաև Կուրսկի մարզ են հասել։

Ըստ ռազմական վերլուծաբանի, ուկրաինական կողմն այսօր ամենավատ վիճակում է ռուսական ագրեսիայի մեկնարկից ի վեր

Այսօր կրկին հարվածի տակ էին Ռուսաստանի սահմանամերձ Բելգորոդ քաղաքը և բռնակցված Ղրիմը։ Սակայն ռազմական վերլուծաբան Կոնրադ Մուզիկայի կարծիքով, այս հարձակումները ռազմաճակատում իրավիճակը չեն փոխում, ուկրաինական կողմն այսօր ամենավատ վիճակում է ռուսական ագրեսիայի մեկնարկից ի վեր։

«Ուկրաինան գտնվում է ամենաթույլ կետում մեծամասամբ՝ կադրերի պակասի պատճառով։ Բացի այդ ՝ ուկրաինական ամրությունները դեռ ամբողջությամբ չեն կառուցվել և բավարար զինամթերք չկա։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը ունի կրակային հզորություն և ռազմաճակատում նորակոչիկների ու անձնակազմի կայուն հոսք: Սա թույլ է տալիս ռուսներին պահպանել շարունակական հարձակողական գործողություններ», - ասել է վերլուծաբանը:

Հայտնի ռազմական փորձագետը կարծում է, թե այս իրավիճակը ճակատում կարող է պահպանվել ևս երկու-երեք ամիս, քանի դեռ տեղ չի հասել ամերիկացիների ամբողջ օգնությունը և քանի դեռ ուկրաինացիները չեն լուծել ճակատում մարդուժի պակասի խնդիրը։ Ռուսները մարդուժի խնդիր, ըստ վերլուծաբանի, չունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG