Վարչապետ Փաշինյանն այսօր, ըստ էության, ընդունեց, որ Հայաստանում օրենք է խախտվել և այլն էլ իր հանձնարարությամբ։ Խոսքը «Օրհներգի մասին» օրենքին է վերաբերում։
«Արդեն բավականին երկար հենց այս տարբերակն է հնչում, ինչը կարող է նաև մեկնաբանվել որպես օրենքի որոշակի խախտում, բայց մյուս կողմից մենք ցանկացանք նաև պրակտիկայում տեսնել, թե այդ տարբերակն ինչպես է հնչում և ինչ ընկալման է արժանանում հանրության շրջանում, և մենք տեսանք, որ այդ մոտեցումը դրական է», - այսօր կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վերջին շրջանում պաշտոնական միջոցառումների ժամանակ պետական օրհներգը հնչում է ոչ այնպես, ինչպես օրենքով է նախատեսված, այլ այնպես, ինչպես նախընտրել է վարչապետը, և դա օրենքի նախագծի են վերածել երեք պատգամավորներ «Քաղաքացիական պայմանագրից»։
«Տվել եմ հանձնարարական, որ իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ», - ասաց նա։
Հայաստանի պետական օրհներգը փաստորեն արդեն երգում են տեղափոխված քառատողերով, իսկ այդ մասին օրենսդրական նախագիծն այսօր նոր ստացավ գործադիրի հավանությունն, ու առաջիկայում փաստորեն հետին թվով քննարկման թեմա կդառնա խորհրդարանում։
«ՀՀ կառավարության դահլիճում նստած՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ խախտել ենք օրենքը, ոչինչ, մի քիչ էլ ներողամիտ եղեք։ Այնքան օրենք են խախտել, Սահմանադրություն են խախտել, սա երևի ամենաանմեղն է», - «Ազատությանն» ասաց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորն այս ամենը մեկ՝ խայտառակություն բառով բնութագրեց, հիշեցրեց օրենքի մասին գործող օրենքը, որ «պետք է կատարվի սույն օրենքով հաստաված երաժշտական խմբագրությամբ և տեքստով»։ Մանուկյանի գնահատմամբ ՝ պետական խորհրդանիշի փոփոխություն է արվում մեկ հոգու անձնական ճաշակով, առանց օրենքի փոփոխության։
Բացի լավատեսական ավարտից՝ նախագծի հեղինակ պատգամավորներն ու այն հավանած կառավարական կաբինետի անդամները պնդում են՝ Հայաստանի օրհներգը մեկ ընդհանուր ստանդարտ չունի, ով ոնց ուզում՝ երգում է։
Հիմնի քառատողերն այլ հերթականությամբ դասավորելը նույնպես պետականությունն արժևորելու քայլ է, բացատրում է կրթության փոխնախարար Դանիել Դանիելյանը. - «Առաջին տնով խոսում ենք հայրենիք-պետության մասին, երկրորդ տնով այժմյան՝ ազատության փիլիսոփայության մասին, երրորդ տնով խոսում ենք մեր պետականության մյուս կարևոր նշանի՝ դրոշի մասին և վերջացնում ենք ուղերձով՝ «թող միշտ պանծա Հայաստան», որն ուղերձ է այսօրվա քաղաքացուն»։
Փոխնախարար Դանիելյանը չանդրադարձավ օրենքի խախտմամբ պետականությունն արժևորելու ջանքերի վերաբերյալ ընդդիմադիրների մեղադրանքներին։ Ասաց՝ շուտով օրհներգի որակյալ ու ճշգրիտ ձայնագրություններ կլինեն մանկապարտեզներից մինչև պետական միջոցառումներ՝ նույն ստանդարտով։
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.