Մատչելիության հղումներ

Օրհներգի նոր տեքստն առանց օրենքի փոփոխության արդեն հնչել է պաշտոնական միջոցառումների ժամանակ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ մասնակցել է կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, 8-ը նոյեմբերի, 2024թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ մասնակցել է կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, 8-ը նոյեմբերի, 2024թ.

Իշխանությունը շտապում է երգել դեռ օրենք չդարձած նախագիծը։

Վարչապետ Փաշինյանն ու Հակակոռուպցիոն կոմիտեի անձնակազմը՝ Սասուն Խաչատրյանի գլխավորությամբ, օրեր առաջ ծափահարել են Երևանի կամերային երգչախմբի կատարումից հետո։ Միայն թե այստեղ հնչում է ոչ թե Հայաստանի պետական օրհներգը, որ ամրագրված է օրենքով, այլ այն վերադասավորված տարբերակը, որ իշխանական երեք պատգամավորներ են շրջանառում։

«Վարչապետի պաշտոնը ներկայացնող անձը երբ այցելել էր Հակակոռուպցիոն կոմիտե և, ըստ էության, մի մարմին, որն իրավունք պաշտպանող, իրավապահ մարմին է, նկատեցի, որ ՀՀ հիմնը կատարվեց ճիշտ այն տարբերակով կամ հղացմամբ, որը դեռևս նույնիսկ լուրջ շրջանառության մեջ չի մտել։ Ինձ համար դա նախ անարգանք է ՀՀ կարևորագույն պետական խորհրդանիշի՝ ՀՀ օրհներգի նկատմամբ», - ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Հայաստանի գործող օրհներգը եզրափակվում է «բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի» բառերով, իսկ իշխանականների նախագծում երրրոդ քառատողը «թող միշտ պանծա Հայաստան» տողով վերջաբան է դարձել։

Ընդդիմադիր խորհրդարանական Գալստյանը տարակուսած է՝ «Պետական օրհներգի մասին» օրենքում փոփոխություն անելու Ալեն Սիմոնյանի, Սիսակ Գաբրիելյանի ու Թագուհի Ղազարյանի այս առաջարկը դեռ չի քննարկվել, օրենք չի դարձել, ինչպե՞ս է դա հնչում պաշտոնական արարողության ժամանակ։

«Պետական սիմվոլների ներկայությամբ պետական սիմվոլների անարգում, և անմիջապես ես զուգահեռներն անցկացրի, թե տարիներ առաջ այդ նույն վարչապետը ինչ խանդավառությամբ հունից դուրս եկավ, երբ, կարծեմ, շարքային մի պաշտոնյայի աշխատանքային սենյակում՝ ակնյունում դրված ՀՀ դրոշի նկատմամբ փրփրուն վերաբերմունք դրսևորեց», - հավելեց Լիլիթ Գալստյանը։


Հակակոռուպցիոն կոմիտեից ասում են՝ օրհներգի կատարման հետ իրենք կապ չունեն։ Կառավարության լրատվականը օրենքի խախտմամբ օրհներգի կատարման մասին հարցն առաջարկեց գրավոր ուղարկել։ Իշխանականների վերափոխած տեքստը հնչեցնում է Երևանի պետական կամերային երգչախումբը։ Գուցե նրա՞նք ասեն, թե ով է հուշել վերուվար անել քառատողերը։

«Չեմ կարող ասել, բայց վարչապետի անձնակազմից է այդ ցանկությունը հնչել։ Մեզ տվել են այդ տարբերակը, մենք այդ տարբերակն ենք կատարել։ Դա վերջնական պետական որոշում է եղել», - պատասխանեց Երևանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Եվա Խաչատրյանը։

Նա հավելեց՝ ամիսներ շարունակ երգում են հենց այսպես։ Իսկապես խորհրդարանի նստաշրջանի հանդիսավոր բացումն էլ էր օրենքից տարբերվող տեքստով։

Այն, որ նստաշրջանը բացվել է օրենքով չնախատեսված օրհներգով, կադրերից դատելով՝ ընդդիմադիրներն էլ չեն կռահել, կարծես թե իշխանականներից շատերը՝ նույնպես։

Օրեր առաջ փոփոխության հեղինակներից Թագուհի Ղազարյանին «Ազատություն»-ը հարցրել էր՝ «հիմնավորման մեջ գրել եք, թե որոշ միջոցառումների ժամանակ արդեն իսկ փոփոխված տարբերակը հնչել է և հավանության արժանացել, ինչպե՞ս է հնչել, եթե դեռ օրենք չէ»։ Նա արձագանքել էր. - «Ոչ այն միջոցառումների, որտեղ օրենքը սահմանում է»։

Այսօր բոլորովին այլ պատասխան ուներ նախագծի մեկ այլ հեղինակ՝ Սիսակ Գաբրիելյանը. - «Օրենքն ասում է, որ օրհներգը պետք է կատարվի այս տեքստով և այս երաժշտությամբ։ Հակակոռուպցիոն կոմիետում կատարվել է այդ տեքստով, այդ երաժշտությամբ։ Որևէ տեղ օրենքում չկա գրված, որ այս հերթականությամբ պետք է լինի»։

«Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է կատարվի օրենքի հավելվածով հաստատված երաժշտական խմբագրությամբ և տեքստի համապատասխանությամբ», - նշված է օրհներգի մասին օրենքում, իսկ հավելվածում «Մեր հայրենիք»-ն է՝ 4 քառատողերով և երաժշտությամբ։

«Օրենքի խախտում չկա, ինչո՞ւ, որովհետև նորից եմ կրկնում՝ մինչև այս պահը չկա ՀՀ պետական օրհներգի պաշտոնական հրապարակված երաժշտական, գործիքային կամ վոկալային կատարման պաշտոնական տարբերակ», - նկատեց Սիսակ Գաբրիելյանը։

Մի՞թե օրենքում ներառված օրհներգի տեքստը չի ենթադրում, թե ինչ հերթականությամբ պիտի քառատողերը երգվեն։ Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ջեմմա Բառնասյանն ասում է. - «Այդ հերթականությունը պահպանելը նաև հարգանք է տեքստի հանդեպ, և եթե դա արդեն օրհներգի արժեք ունի, նշանակում է՝ մենք օրհներգն աղավաղում ենք այս ձևով, օրինակ՝ Չարենցի տեքստն իրավունք ունե՞նք խախտելու, չէ։ Եթե դա ընտրել ենք որպես օրհներգի տեքստ, ուրեմն պիտի պահպանենք ամբողջականությունը»։

Լեզվի ինստիտուտի գիտաշխատողի գնահատմամբ՝ սա կոչվում է աղավաղում։ Գնահատական կա նաև քրեական օրենսգրքում՝ պետական խորհրդանիշներն անարգողը պիտի կամ տուգանվի, կամ մինչև 100 ժամ տևողությամբ հանրային գործ անի, կամ էլ ազատազրկվի՝ ամենաշատը երկու ամսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG