Կառավարության առաջին նիստը բարի չէր տարածքային կառավարման նոր նախարարի համար։ Պաշտոնին նշանակվելու հենց առաջին օրը Դավիթ Խուդաթյանը խիստ զգուշացում ստացավ վարչապետից։ Իսկ պատճառը դեռ Արմավիրի մարզպետի պաշտոնում տված ու չկատարած խոստումն էր։
«Ես զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն։ Որևէ մեկն ինձ չասի մի հատ ժամկետ, մի հատ տվյալ, որը ստուգված, վերստուգված չէ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Այսօր նախարարի զեկուցման ընթացքում Փաշինյանը պատահաբար պարզեց, որ Արմավիրի մարզի Այգեվան համայնքում կառուցված մանկապարտեզը դեռ շահագործման չի հանձնվել, մինչդեռ մարզպետի պաշտոնում Խուդաթյանն իրեն վստահեցրել էր՝ այն պետք է գործեր դեռ հոկտեմբերին։ Նորանշանակ նախարարը փորձեց արդարանալ, թե մանկապարտեզը դեռ չի գործում գազամատակարարման խնդիրների պատճառով, բայց դա վարչապետին չհամոզեց։
«Բայց որ գալիս ենք այցի, մի ասեք, որ հոկտեմբերին բացվելու է։ Հիմա էդ գյուղի ժողովուրդը տեսել է, չէ՞, տեսախցիկների առջև ասել եմ՝ ե՞րբ է բացվում։ Ասել եք հոկտեմբերին, ես էլ գրել եմ՝ հոկտեմբերին մանկապարտեզը բացվում է։ Հիմա չստացվե՞ց, որ ես սուտ ասեցի, ստացվեց։ Կարա՞ գյուղի ժողովուրդն ասի, որ վարչապետը սուտ ասեց, կարող են, իհարկե», - ընդգծեց գործադիրի ղեկավարը։
Հաշվի առնելով, որ կառավարության անդամների խոստացած ժամկետներն այդպես էլ իրականություն չեն դառնում, վարչապետն այսօր որոշեց գյուղ առ գյուղ, դպրոց առ դպրոց անվանական ճշտել մարզպետներից՝ կառուցվող ու նորոգվող կրթական հաստատությունների շինարարական ժամկետները պահպանվում են, թե ոչ։
Սանոսյանը կկենտրոնանա ՔՊ-ի աշխատանքների վրա
Ի դեպ, կառավարության անցած նիստում էլ վարչապետը, խոսելով Բայանդուրի չկառուցած ճանապարհի մասին, դժգոհել էր՝ իրեն ներկայացնում են մի բան, բայց իրականությունն այլ է։ Հենց այս դժգոհությունից հետո պաշտոնանկ արվեց տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, որին այսօր Փաշինյանը շնորհակալություն հայտնեց պաշտոնավարման ընթացքում ահռելի ծավալի շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։ Փաշինյանը տեղեկացրեց՝ Սանոսյանն առաջիկայում կկենտրոնանա իշխող կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» աշխատանքերի վրա։
Ներկայացնելով նորանշանակ նախարար, 33-ամյա Դավիթ Խուդաթյանին՝ վարչապետն ընդգծեց՝ չնայած երիտասարդ տարիքին՝ նա մեծ փորձ ունի, երկու անգամ ստացել է Արմավիրի համայնքի ընտրողների բացարձակ մեծամասնության մեծամասնությունը և գրեթե մեկ տարի էլ Արմավիրի մարզպետի պաշտոնն է զբաղեցրել։
Փաշինյանը հաստատեց՝ ՆԳ նախկին նախարարն իր ընկերն է
Ի դեպ, մամուլը գրում է, որ տարածքային կառավարման նորանշանակ նախարարը վարչապետ Փաշինյանի սանիկն է։ Այս փաստին, սակայն, Փաշինյանը որևէ կերպ չանդրադարձավ, փոխարենն այսօր Ներքին գործերի նախարարությունում հաստատեց՝ պաշտոնանկ արված նախարար Վահե Ղազարյանն իր ընկերն է. - «37 տարի գիտենք իրար, մանկությունից ընկերներ ենք, և սա մի հանգամանք է, որը, իհարկե, շատ հարցերում մեզ մեծապես օգնել է, բայց հանգամանքն այն է, որ որոշ հարցերում, այնուամենայնիվ, մի քիչ խանգարել է»։
Վարչապետ շնորհակալություն հայտնեց ընկերոջը, իսկ նորանշանակ նախարար, 30-ամյա Արփինե Սարգսյանին հաջողություններ մաղթեց՝ շեշտելով, թե Սարգսյանը նախարարության ձևավորման հենց առաջին օրից զբաղեցրել է փոխնախարարի պաշտոնը և ամբողջությմաբ տիրապետում է բովանդակությանը։ Ներքին գործերի նորանշանակ նախարարն էլ երկրի անվտանգության ոլորտում նոր նվաճումներ խոստացավ վարչապետին. - «Ճիշտ նկատեցիք, որ ես նախարարության համար նոր մարդ չեմ, սա թույլ կտա էլ ավելի արդյունավետ կերպով շարունակել աշխատանքը»։
Նոր նախարարներին ներկայացնելիս և նախկիններին հրաժեշտ տալիս վարչապետը ոչ մի խոսք չասաց նրանց պաշտոնանկության պատճառների մասին։ Այսօր փոխադարձ շնորհակալությունների օր էր։