Քանի դեռ ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, Երևանի վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է ու բխում է Հայաստանի շահերից, այսօրվա ասուլիսին հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 2020-2022թթ. և շարունակվում են այսօր հանրային, տեղեկատվական տիրույթում, խոսում են նրա մասին, որ ՀՀ-ն իր խնդիրները պետք է լուծի իր ուժերով, բայց միևնույն ժամանակ այդ խնդիրների լուծումը շերտավորելով և բալանսավորելով», - ասաց նախարար՝ ի պատասխան ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը սառեցնելու մասին հարցին։
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
«Օբյեկտիվ և կշռադատված է արդյոք մեր դիրքրոշումը չլինել ՀԱՊԿ հովանու ներքո դե ֆակտո։ Ես կարծում եմ, որ ամեն օր դա ապացուցվում է, քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է ու բխում է ՀՀ շահերից։ <>
Մենք պետք է ունենանք արտաքին քաղաքական աջակցություն, միջազգային լեգիտիմություն , պաշտպանունակ բանակ և, իհարկե, ժողովրդավար երկիր, որը կենսունակ է լուծել իր խնդիրները», - հավելեց ռազմական գերատեսչության ղեկավարը։
Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։
Հայաստանը հրաժարվեց իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։