Եվրամիության (ԵՄ) դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը Եվրախորհրդարանի պատգամավորների հետ եկող երեքշաբթի կքննարկեն ժողովրդավարական լրատվամիջոցների հասանելիության հարցը, այն բանից հետո, երբ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը զրկվեց Միացյալ Նահանգների ֆինանսավորումից։
Ի պատասխան ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության՝ «Ազատություն» ռադիոկայանի դրամաշնորհը դադարեցնելու որոշման՝ Եվրամիության 10 երկրներ մարտի 18-ին համատեղ հայտարարություն տարածեցին՝ միանալով ռադիոկայանը փակումից փրկելու չեխական նախաձեռնությանը։ Հայտարարությամբ շեշտադրեցին այս հեռարձակողի նշանակալի դերը քաղաքացիներին անկախ, անկողմնակալ փաստերի վրա հիմնված տեղեկատվություն տրամադրելու հարցում, աշխարհի տարբեր կողմերում, որտեղ մամուլի ազատությունը վտանգված է։
Այս երկրները Եվրամիությանը կոչ արեցին համատեղել ջանքերը լրատվամիջոցի կայուն ֆինանսական աջակցության համար։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը այս նախաձեռնությունը պաշտպանել էր։