Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր Х-ում արված գրառմամբ իր աջակցությունն է հայտնել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին՝ նշելով, որ այն «անկախ տեղեկատվության աղբյուր է շատ երկրների համար, որտեղ խոսքի ազատությունը վտանգված է»։
«Լրատվամիջոցների ազատությունը անհրաժեշտ է աշխարհին»,-նշել է ֆոն դեր Լայենը՝ հավելեով. «Կաշխատենք Չեխիայի, Ավստրիայի, Սլովենիայի, Շվեդիայի, Բելգիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Նիդերլանդների և Գերմանիայի հետ «Ազատ Եվրոպա/Ազատությանն» աջակցելու համար»։
Տասնյակ ամերիկացի օրենսդիրներ էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել չեղարկել ԱՄՆ Գլոբալ մեդիա գործակալությունը (USAGM) փակելու մասին իր հրամանագիրը՝ պնդելով, որ այդ քայլը վնասակար ազդեցություն կունենա իր հեռարձակողների, այդ թվում ՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի վրա և միայն կօգնի ԱՄՆ հակառակորդներին, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան:
USAGM-ը պարտավորվել է «Ազատությանը» փոխանցել մարտի 1-ից մարտի 14-ն ընկած ժամանակահատվածի համար Կոնգրեսի տրամադրած դրամաշնորհը՝ 7,46 միլիոն դոլարը։ USAGM-ն նման որոշում է կայացրել մարտի 24-ին՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գործով նիստից առաջ։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը 1953-ին հիմնադրված անկախ մեդիա կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից՝ USAGM-ի միջոցով:
Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը յոթ դաշնային գործակալությունները կրճատելու հրամանագիր ստորագրեց։ Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև ԱՄՆ Գլոբալ մեդիա գործակալությունն է։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը հայտարարել է, որ դրամաշնորհի համաձայնության չեղարկումը «հսկայական նվեր կլիներ Ամերիկայի թշնամիների համար»: