«Ազատության» ընթերցողների ուշադրությունից, հավանաբար, չի վրիպել այն փաստը, որ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանում անորոշության ժամանակներ են: Մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց հրաման, որը էականորեն կրճատեց ռադիոկայանի վերահսկիչ մարմինը՝ USAGM-ը, որին հաջորդեց USAGM-ի գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական Քարի Լեյքի նամակը։ Փաստաթղթում ասվում էր, որ Կոնգրեսի կողմից հաստատված դրամաշնորհը, որով ֆինանսավորվում է մեր աշխատանքը, դադարեցվել է:
Այժմ, երբ դուք կարդում եք այս տողերը, մենք դեռ աշխատում և պայքարում ենք: Ռադիոն դատի է տվել և՛ USAGM-ին, և՛ Քարի Լեյքին։ Զուգահեռ, մենք փնտրում ենք ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ, այդ թվում՝ Եվրոպական միությունից:
Այս հանգամանքների պատճառով ես այս շաբաթ չեմ կենտրոնանա իմ սիրելի թեմաների՝ ԵՄ/ՆԱՏՕ-ի ընդլայնման կամ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վրա: Փոխարենը, ես ուզում եմ մի քայլ հետ գնալ և պատմել մի պատմություն, որի մասին երբեք չեմ գրել։ Սա անձնական պատմություն է, որը ոչ միայն բացատրում է, թե ինչու եմ ես աշխատում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանում, այլ նաև ինչու եմ ես սիրում իմ աշխատանքը:
Պատմությունը սկսվում է արևմտյան Լեհաստանի Պոզնան քաղաքում 1939 թվականին։ Հենց այդտեղ ու այդ տարում ծնվեց իմ հայրը։ Կարելի է ասել, որ նրա բախտը չի բերել ծնվելու տեղի ու ժամանակի առումով՝ հորիզոնում արդեն ուրվագծվում էր Լեհաստանի՝ նացիստական Գերմանիայի կողմից օկուպացիան։ Նրա հայրը հենց սկզբից զինվորագրվել է լեհական բանակին, հետագայում՝ գերեվարվել, իսկ մայրը ներգրավված է եղել հականացիստական ընդհատակյա գործունեության մեջ, հետագայում՝ բանտարկվել։ Հայրս պատերազմի մեծ մասն անցկացրել է իր ավագ եղբոր և շվեդական «Կարմիր խաչի» բուժքրոջ խնամքի տակ: Սա նրա կենսագրության մեջ առաջին կապն է Շվեդիայի հետ, բայց ոչ վերջինը։
Երկրորդը եղավ պատերազմից հետո։ Ընտանիքիս մեծ մասը, այդ թվում՝ հայրս, ողջ մնացին պատերազմում։ Աշխատանքի ավելի լավ հնարավորություններ փնտրելով՝ նրանք տեղափոխվեցին Լեհաստանի հյուսիս՝ նավահանգստային Գդանսկ քաղաք։ Այդ ժամանակ Եվրոպայի ամենամեծ առևտրային նավատորմերից Շվեդիայում էր, և նրանց փայլուն նավերը, պատերազմից տնտեսապես քայքայված և կոմունիստական իշխանության տակ հայտնված Լեհաստանի ֆոնին, ուժեղ տպավորություն թողեցին մի տղայի վրա, ով ընկերների հետ ողջ օրը անցկացնում էր նավահանգստի շրջակայքում:
Ինչպես շատ լեհեր, չեխեր, հունգարացիներ և այլք, որ հայտնվեցին երկաթե վարագույրի այս կողմում, հայրս ունկնդրում էր «ձայները»՝ ռադիոհեռարձակումներ արևմտյան լրատվամիջոցներից՝ BBC, «Ամերիկայի ձայն» և հատկապես «Ազատ Եվրոպա» ռադիոկայան գաղտնի, իհարկե, հաճախ բարձի տակ թաքնված տրանզիստորային ռադիոյով ու դրան սեղմված ականջով։ Դժվարին ժամանակներ էին՝ կոշտ գրաքննությամբ, բռնաճնշումներով և հեռվից հնչող այս «ձայները» խլացնելու փորձերով։ Սակայն, այդ հաղորդումները հասնում էին ունկնդիրներին ու մարդկանց ոգեշնչում: Իմ հայրիկի դեպքում հենց դրանք օգնեցին նրան հասկանալ, որ պետք է փախչի դեպի Արևմուտք, դեպի Շվեդիա։
Նա առաջին անգամ նման փորձ արեց 17 տարեկանում։ Փորձեց Բալթիկ ծովի սառույցի վրայով անցնել Դանիայի Բորնհոլմ կղզի, այնուհետև շարունակել ճանապարհը դեպի Շվեդիա: Այդ տարիներին ձմեռները շատ ավելի սաստիկ էին, և սառույցը իսկապես ծածկում էր Բալթիկ ծովի մեծ մասը, բայց ձեռնարկն ինքնին հուսադրող չէր, քանի որ ճանապարհին կային սառցահատներ։ Հայրս վերադարձավ պարտված, բայց ոչ հուսահատված։ Հաջորդ տարի կրկին փորձեց: Այս անգամ նա ընկերոջ հետ փորձեց նավակով հատել ծովը։ Լեհական մի նավ, սակայն, որի մեջ այդ պահին գործակալներ էին, բռնել էին հորս ու նրա ընկերոջը: Սկանդինավիա հասնելու փոխարեն նրանք հայտնվեցին բանտում։ Ծեծի ենթարկվելուց հետո հարցաքննության ժամանակ նրանք «խոստովանել էին», թե Միացյալ «Նահանգների Կենտրոնական հետախուզական գործակալություն լրտեսներ են»։ Նրանց դատապարտել էին տասը տարվա ազատազրկման։
Բարեբախտաբար, 1950-ականների վերջին Լեհաստանում սկսվեցին լիբերալ բարեփոխումներ, մեկ տարի անց նրանք ազատ արձակվեցին: Հայրս հրաժարվեց Արևմուտք գնալու երազանքից, բայց միայն ժամանակավոր։ Այնտեղից եկող «ձայները» լսելը, սակայն, երբեք չդադարեց․ լսում էր ջազ, ռոքնռոլ, բայց ամենից շատ տեղեկատվություն այն մասին, թե ինչ է իրականում կատարվում: Հետո կրթություն ստացավ, ծանոթացավ մորս հետ, ամուսնացավ, երկուսն էլ աշխատանքի անցան Գդանսկ քաղաքի այդ ժամանակվա Լենինի անվան նավաշինարանում։ Փախուստի մասին երազանքները նոր շունչ առան «1970 թվականի դեկտեմբերյան իրադարձություններից» հետո, երբ ռեժիմը դաժանորեն ճնշեց թանկացման դեմ ցույցերը․ առնվազն 44 մարդ զոհվեց:
Ծնողներս այդ ժամանակ այցելել էին Հարավսլավիա՝ այն սակավաթիվ երկրներից մեկը, որտեղ թույլատրվում էր այցելել։ Ներկայիս Խորվաթիայի Պուլա քաղաքի լողափում նրանք հանդիպեցին հասակակից գերմանացի մի զույգի։ Տղամարդը սևահեր էր, ինչպես հայրս, կինը՝ շիկահեր, ինչպես մայրս։ Կորցնելու ոչինչ չունենալով՝ ծնողներս մոտեցել են նրանց և հարցրել՝ արդյոք Արևմտյան Գերմանիայից են։ Դրական պատասխան ստանալով՝ լկտիաբար հարցրել՝ կարո՞ղ են ճանապարհը շարունակել նրանց անձնագրերով: Երբեք չեմ կարողացել հասկանալ, թե ինչպես ծնողներս հանդգնեցին նման քայլի, առավել ևս, թե ինչու են գերմանացիները համաձայնել դրան: Բայց «արևելքցիներին» օգնելը, ըստ երևույթին, հազվադեպ չէր Սառը պատերազմի տարիներին:
Այսպիսով, ծնողներս վերցրել են ոչ միայն գերմանացի զույգի նույնականացման քարտերը, այլև նրանց մեքենան, դրանով անցել Իտալիայի սահմանը: Գերմանացի ամուսիններն, իրենց հերթին, գնացել են մոտակա հյուպատոսություն և հաղորդել, որ իրենց կողոպտել են։ Ծնողներս մեկ տարի մնացել են Իտալիայում որպես քաղաքական փախստական, դրանից հետո նրանց թույլատրվել է մեկնել Շվեդիա և դիմել կացության թույլտվության, ապա քաղաքացիություն ստանալու համար: Հայրս ասում է, թե բախտը ժպտաց, ու երրորդ փորձից հետո վերջապես նա կարողացավ հասնել իր երազանքների երկիր։ Մայրս միշտ հակադարձում էր, որ դրա համար նրան ոչ թե բախտ, այլ իր նման կին էր հարկավոր։ Ու թեև հայրս մեծացել էր գերմանացիներին ատելով, ինչը հասկանալի է՝ հաշվի առնելով նրա մանկության տրավմաները, ճակատագրի բերումով նա հենց մեծահոգի գերմանացիների շնորհիվ կարողացավ հասնել արևմուտք և վերջապես ապրել ազատության մեջ։ Նա երբեք չէր մոռանում դրա մասին։ Մեր ընտանիքն ամեն տարի այս զույգին ուղարկում էր Սուրբծննդյան բացիկներ ու միշտ անում էր դա ամենամեծ սիրով:
Ես ծնվել եմ Շվեդիայում 1980-ականներին։ Դա, թերևս, ժամանակի և տեղի առումով լավագույն համակցությունն էր։ Ես մեծացել եմ խաղաղության, բարգավաճման և ազատության բացարձակ արտոնության մեջ, որի մասին իմ ծնողները կարող էին միայն երազել, երբ երիտասարդ էին: Ինչպես «Էրազմուսի սերնդի» շատ հասակակիցներ, ովքեր սովորել են արտասահմանում, տիրապետում են մի քանի եվրոպական լեզուների և առանց մեծ ջանքերի և դժվարությունների կարողանում ճանապարհորդել մայրցամաքում, ես «ընդհանուր եվրոպական տարածության» ջատագով դարձա՝ ի վերջո հայտնվելով Բրյուսելում:
2011 թվականի սկզբին ինձ առաջարկվեց փորձել ուժերս որպես «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակից Բրյուսելում: Քանի որ ես մեծացել եմ՝ լսելով հորս պատմությունները «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի դերի և նշանակություն մասին, սա ավելին էր, քան պարզապես աշխատանքի առաջարկ: Ես փակում էի ընտանեկան շրջանը։ Սա հնարավորություն էր, որից ես պետք է կառչեի երկու ձեռքով:
Այն ժամանակ՝ 2011-ի սկզբին, լրահոսի հիմնական թեմաներից մեկը Բելառուսի կեղծված նախագահական ընտրություններն էին և դրանց դեմ դուրս եկած ցուցարարներին բռնությամբ ճնշելու՝ Լուկաշենկոյի փորձերը։ ԵՄ-ն պատժամիջոցներ էր սահմանում, և ես խորասուզված լուսաբանում էի այդ զարգացումները։
Այս տեքստը հրապարակվում է Լուկաշենկոյի «երդմնակալության» օրը։ Այո, նա դեռ շարունակում է իշխանության ղեկին մնալ, շարունակվում են նաև նրա դեմ պատժամիջոցները, որոնց մասին գրել էի գրեթե 15 տարի առաջ։ Իսկ քաղբանտարկյալների թիվը աճում է՝ արդեն հասնելով գրեթե 1500-ի։ Ինչ-որ մեկը գուցե ասի՝ աշխահում ոչինչ չի փոխվում։ Ու երբեմն դա իսկապես այդպես է թվում: Ու թեև «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի իմ գործընկերներից մեկը՝ Անդրեյ Կուզնեչիկը, ազատ է արձակվել բելառուսական բանտից այս տարվա սկզբին, երկար տարիներ բանտարկված Իհար Լոսիկը դեռ շարունակում է մնալ ճաղերի հետևում։ Բանտարկված է մնում նաև Վլադիսլավ Եսիպենկոն Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմում։
Երբ մտածում եմ Անդրեյի, Իհարի և Վլադիսլավի մասին, միշտ մտքիս է գալիս հորս պատմությունը։ Ի վերջո, նա վայելեց ազատության բերկրանքը։ Իսկ նրանք կվայելե՞ն: Երբ անցնում եմ Պրահայի մեր գրասենյակի մոտ՝ զոհված լրագրողներին նվիրված հուշակոթողի մոտով, հաճախ կանգ եմ առնում և նայում Վիրա Հիրիչի լուսանկարին: Նա զոհվեց 2022 թվականին, երբ ռուսական հրթիռը խոցել էր Կիևի նրա բնակարանը: Դա կարող էր պատահել մեզնից յուրաքանչյուրի հետ։
Մեր հաղորդումները ամեն շաբաթ հասնում են մոտ 50 միլիոն մարդու այն վայրերում, որտեղ մամուլի ազատություն չկա, որտեղ այն լուրջ դժվարությունների է բախվում, կամ ապատեղեկատվություն է տարածված: Ես չեմ ձևացնում, թե ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի տարբեր որոշումների մասին իմ հոդվածները անպայմանորեն հասնում են բոլոր այս մարդկանց, կամ որ մեր լսարանի մեծ մասին դա հետաքրքիր է: Բայց կարծում եմ, որ այս աշխատանքը կարևոր է, դա հույսի փոքրիկ շող է, ինչին սպասում են շատերը, ինչպես իմ ծնողներն էին սպասում կոմունիստական Լեհաստանում: Կարևոր է Անդրեյի, Իհարի և Վլադիսլավի համար։ Ես գիտեմ, որ դա կարևոր էր Վիրայի համար: Մենք Վիրայի հետ այդ մասին խոսել ենք նրա մահվանից մի քանի տարի առաջ, երբ նա, ինչպես միշտ անձնուրաց, իր ազատ ժամանակն օգտագործելով, դիմավորեց ինձ Բորիսպիլի օդանավակայանում:
Այժմ ոմանք ուզում են լռեցնել այս «ձայները»։ Ես և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի իմ գործընկերներն աշխատում ենք, որ դա տեղի չունենա: Սրանից ավելի ոգեշնչող բան կյանքումս չի եղել: Այս պատմությունը պետք է շարունակվի։