Ջրհեղեղից տուժած Քարկոփի բնակիչ Գարեգին Հակոբյանը տեղեկացել է՝ որպեսզի օգտվի պետության ավելի քան 4 միլիոն դրամի օժանդակությունից, պետք է տունն ու գույքն իր սեփականը լինեն։ Մինչդեռ Գարեգին Հակոբյանն ու իր կինն արդեն 27 տարի ապրում են Քարկոփի իրենց տանն՝ առանց սեփականության իրավունքի։
«Առուծախ ձևակերպել ենք, բայց նոտարով չենք հաստատել, միշտ իրանց ասել ենք, որ իրանք գոնե լիազորագիր ուղարկեն ու տենց էլ եկող չի եղել կամ իրենց հարմար չի եղել ուղարկելու, ձգձգվել է», - ասաց Հակոբյանը:
Դեռ 27 տարի առաջ առուծախ են արել, Քարկոփի երկհարկանի շենքերից մեկի առաջին հարկում տուն գնել՝ բանավոր։ Որևէ փաստաթուղթ, որ տունը նախկին տերերինը չէ, չկա։ Հիմա եկել, փաստի առաջ են կանգնել. կառավարությունը վերջին նիստում որոշեց՝ ջրհեղեղից տուժածներից 33-ը պետության աջակցությունը տան վերանորոգման ու գույքի ձեռքբերման մասով, չեն ստանա՝ ապացույց չունեն, որ վնասված տունն իրենցն է, կամ դեռևս ժառանգության ու նմանատիպ այլ հարցեր փաստաթղթավորված չեն։
Լոռու և Տավուշի մարզերում պաշտոնական տվյալներով 263 բնակելի տուն է վնասվել ջրհեղեղից, կառավարության նիստում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«263-ի մասին ամբողջ ինֆորմացիան ունենք, միակ խնդիրն այն է, որ 263-ից 33-ի սեփականության իրավունքի հետ կապված խնդիր կա, մեր կարգավորումներով պետք է աշխատենք, հասկանանք՝ այնտեղ սեփականության իրավունքի, ժառանգության և այլ հարցեր կան», - ասել է Սանոսյանը:
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դիտարկեց՝ գուցե անարդար է այն մարդկանց նկատմամբ, որոնք փաստացի բնակվում են այդ տներում. - «Բնակվողները չունեն իրավունքը սեփականության կամ ժառանգության, բայց փաստացի այդ մարդիկ այդտեղ ապրել են ու այլևս չեն կարողանում ապրել, այս հարցը որևէ կերպ ո՞նց ենք նախատեսում կարգավորել, կա՞ մեխանիզմ, որ ուշադիր չլինեն ու էական չհամարենք փաստաթղթերով ինչպես է, փաստացի գիտենք՝ այս ընտանիքն այս տանն ապրել է ու այս տունն արդեն շահագործել է»:
Վարչապետ Փաշինյանն էլ արձագանքեց. - «Էդ տան կարգավիճակը պիտի ճշտվի, կարող է այդ մարդու տունը չի, մենք էդ մարդուն տանք էդ գումարը, հետո տերը գա ասի՝ իմ գումարը տվեք ինձ: Աջակցությունն աջակցություն, բայց պետք է հասկանանք, չէ՞, կարգավիճակը: Էդ հարցերով մենք շարունակելու ենք զբաղվել»:
Հիմա քարկոփցի Գարեգին Հակոբյանը միջոցներ է փնտրում տասնամյակներ շարունակ Ռուսաստանում բնակվող նախկին տանտիրոջից լիազորագիր ստանալու կամ որևէ կերպ նրան Հայաստան հասցնելու ուղղությամբ։ Հակառակ դեպքում հեղեղված տան վերանորոգումն օդից կախված կմնա. - «Հիմա ինքն էլ հնարավորություն չունի վերադառնալու կամ գործ ունի՝ չի կարողանում գա, լիազորագիր է երևի անհրաժեշտ իրենցից»:
Գարեգին Հակոբյանի երկու հոգանոց ընտանիքն առայժմ կօգտվի միայն կառավարության սոցիալական աջակցությունից։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ անկախ տարիքից կստանա 60 հազարական դրամ։
Մայիսի 26-ի աղետից տուժել է Լոռու և Տավուշի 9 համայնք՝ 39 բնակավայրով։ Կառավարությունը դեռևս հաստատել է միայն տուժած բնակարանատերերին վերանորոգման ու գույքի ձեռքբերման հարցում։ Ինչպես նաև սոցիալական աջակցությամբ ընտանիքի անդամների թվով։