Մատչելիության հղումներ

Ո՞վ է թույլ տվել շինարարական թափոնները Դեբեդը լցնեն ու փոխեն դրա հունը. դատախազությունն ուսումնասիրություններ է սկսել


Վարարած Դեբեդ գետը, արխիվ
Վարարած Դեբեդ գետը, արխիվ

Մոտ մեկ ամիս առաջ Դեբեդն ափերից դուրս էր եկել նաև Ալավերդու Սանահին կայարանի այն հատվածում, որտեղ անցած 5 տարիներին պարբերաբար քար ու ավազ են լցրել, գետը նեղացրել ու հողածածկ տարածք ստեղծել գետի հաշվին։

Սանահինկայարանցի Վոլիկ Կոլոլյանն ասում է՝ գետը նախկինում իրենց թաղամասի ճանապարհին կպած էր հոսում։ Մ6 միջպետականը կառուցելիս շինարարական թափոնները լցրել ու մոտ 6 մետր նեղացրել են Դեբեդը։ Բնակիչներին խոստացել են, թե նորաստեղծ հողատարածքը թաղամասի համար զբոսայգի է դառնալու՝ երեխաների համար խաղալու հնարավորություններով:

Ո՞վ է թույլ տվել ճանապարհաշինական կազմակերպություններին, որ շինարարական թափոնները գետը լցնեն ու փոխեն դրա հունը։ Ո՞վ է դատարկ խոստում տվել բնակիչներին, թե լիցք են անում, որ հետո խաղահրապարակ կառուցեն։ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ասաց՝ դատախազությունն ափամերձ տարածքներում ուսումնասիրություններ է սկսել՝ պարզելու՝ տարիներ շարունակ ի՞նչ է կատարվել, ի՞նչ են կառուցել ու ո՞վ է տվել դրանց իրավունքը։

Դատախազությունից հաստատեցին, որ ուսումնասիրում են՝ առանց մանրամասնելու՝ որքան կտևի ուսումնասիրությունը, արդյո՞ք քրեական վարույթներ կհարուցվեն, որոնք կտան այս հարցերի պատասխանները՝ ջրհեղեղից առաջ հաշվի՞ են առել՝ ինչ կարող է տեղի ունենալ գետերի վարարման ժամանակ։ Արդյո՞ք գետափերին կառուցապատման թույլտվություններն օրինական են ու արդյո՞ք պահպանվել են գետերի վարարման գոտիները։ Մարզի ղեկավարն ասում է՝ իրավապահները կտան այս հարցերի պատասխանները:

Սանահին կայարանում գետի ափին հյուրատներ, խանութներ ու այլ կառույցներ կան, որոնք մեծ վնասներ են կրել ջրհեղեղից։ Հյուրատներից մեկի գետին նայող հատվածը փլուզվել է, սենյակներն ամբողջովին ողողվել։ Սեփականատերերը հրաժարվեցին խոսել, բայց ասացին՝ օրինական է։ Հայտնի չէ՝ ինչ եզրակացության կգան իրավապահները, ու արդյո՞ք այդ եզրակացությունը կազդի փոխհատուցումների վրա։

Ծաթեր գյուղի տարածքում է Արսեն Պետրոսյանի տնտեսությունը։ Ժամանակ առ ժամանակ վարարող Դեբեդի կողքին նրա հայրը դեռ խորհրդային տարիներին է տուն կառուցել ու այգի հիմնել։ Անցած ամսվա ջրհեղեղը այգու հետքն անգամ չի թողել։ Տունն էլ բնակության համար, գոնե վերանորոգումից առաջ, պիտանի չէ։ Ասում է՝ տասնամյակներ շարունակ ապօրինի կառույց է համարվել իրենց ձեռքով կառուցած տունը։ Բայց անցած տարի օրինականացրել ու սեփականության վկայական են ստացել։

Արսեն Պետրոսյանն էլ մյուս տուժածների նման կառավարությունից վնասի փոխհատուցման է սպասում՝ շեշտում, որ գետի հունը չեն փոխել, միայն գետից պաշտպանող հենապատ են կառուցել: Հաճախ վարարած գետն անգամ խորովածի սեղանին է հասել, բայց որ գետի տիղմը տուն կմտներ՝ չի պատկերացրել։

Բնական աղետից գրեթե չորս շաբաթ անց կառավարությունը դեռ չի հայտարարել՝ փոխհատուցման ինչ ծրագրեր ունի։

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG