Սյունիքի մարզի դատարանն այսօր Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանք։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց տուժողի կողմի շահերի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։
Նա հայտնեց, որ Հարությունյանը մեղադրանքը չի ընդունել։
Ըստ փաստաբանի՝ դատարանը մեղավոր է ճանաչել Ջալալ Հարությունյանին 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 12 -ին, Ֆիզուլիի ուղղությամբ՝ Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում, «Ցորի» զորամասի 20 զինծառայողների մահվան համար, ովքեր սխալ հրամանի պատճառով հայտնվել էին ադրբեջանական զինուժի շրջապատման մեջ և սպանվել։
Սիմոնյանը հավելեց, որ պատիժ դեռ չի սահմանվել, դա կորոշվի հաջորդ նիստին։ Նաև հայտնեց, որ սրանով 5-10 տարվա ազատազրկում է նախատեսվում։
Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանն էլ «Ազատությանը» փոխանցեց, որ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը չի ընդունում իր մեղավորությունը, և միանշանակ բողոքարկելու են դատարանի որոշումը։
Ըստ իրավապահների՝ Ջալալ Հարությունյանի սխալ հրամանի պատճառով են զինվորները հայտնվել հակառակորդի թիրախում՝ 20 զինծառայողներ զոհվել են, 7-ը՝ վիրավորվել, զորամասն էլ անցել է Ադրբեջանի հսկողության տակ։
Տե՛ս նաև այստեղ