Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ չկայացավ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը


Արխիվային լուսնկար
Արխիվային լուսնկար

Ինչո՞ւ չկայացավ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի այսօրվա նիստը. քաղհասարակության ու իշխանության ներկայացուցիչները իրարամերժ հայտարարություններ են անում։

«Նիստը հետաձգվեց ըստ էության իշխանության տարբեր ներկայացուցիչների իրար հետ պասերով քվորումը տապալելու շնորհիվ», - ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

«Ազատության» հարցին՝ իշխանությո՞ւն էր, որ չէր գալու, Իոաննիսյանը պատասխանեց. - «Արդարադատության նախարարության բացատրությունն է, բայց խոսելով խորհրդի տարբեր անդամների հետ իմ տպավորությունն այն է, որ քվորում լավ էլ լինելու էր: Ամեն դեպքում թող նիստն անեին, քվորում չլիներ, որևիցե իրավական հիմք նիստը չանելու այն հիմքով, որ, այ, ոնց որ թե քվորում չի լինում, գոյություն չունի»:

ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանը նշեց. - «Նիստ կկայանա քվորումի առկայության պարագայում այն ժամանակ, երբ խորհուրդը նման որոշում կկայացնի: Մենք որևիցե իրավիճակում, որևիցե հարց, որը կապված է սահմանադրական քննարկումների հետ, չքննարկելու ցանկություն չունենք»:

Այսօրվա նիստի ժամանակ պետք է քննարկվեր կայուն մեծամասնությունից հրաժարվելու՝ քաղհասարակության առաջարկությունը։ Բանը կարող էր նաև քվեարկության հասնել, ասում են խորհրդի անդամները։ Ընդունվելու դեպքում խորհուրդը կառավարությանն առաջարկելու էր մինչև տարեվերջ կայուն մեծամասնությունից հրաժարվելու մասին սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել խորհրդարանում։

Սահմանադրությամբ երաշխավորվում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը, 2015 թվականին ընդունված սահմանադրական փոփոխություններով՝ առանվազն 51 տոկոս ստացած ուժի մանդատներն այնքան են ավելացվում, մինչև այդ ուժն ունենա կայուն մեծամասնություն՝ 54 տոկոսից ոչ պակաս ձայն։ Եթե կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության 2-րդ փուլ:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը կարծում է՝ այսօրվա նիստը չկայացավ՝ հենց իրենց առաջարկած օրակարգի պատճառով։

«Ես ունեմ այն վստահությունը, որ Սահմանադրական բարեփոխումների նիստը կկայանար, եթե դրանում քննարկվեր որևիցե այլ հարց: Բայց այս հարցի հետ կապված կա որոշակի ընդդիմություն իշխանության կողմից, այդ թվում նաև իշխանության այն ներկայացուցիչների, որոնք այժմ գործող և ժողովրդին կեղծված հանրաքվեով պարտադրված Սահմանադրության հեղինակների նախկին կոլեգաներն են, հեղինակների հետ միասին սերտորեն աշխատել են և մեծ հաշվով այս Սահմանադրության հետ գաղափարական տարաձայնություն չունեն», - ասաց Իոաննիսյանը:

«Ազատության» հարցին՝ «Դուք խոսում եք Վլադիմիր վարդանյանի մասի՞ն, ով Սահմանադրական դատարանի նախկին նախագահի աշխատակազմի ղեկավարն է եղել», նա պատասխանեց. - «Ասացի այնքան, ինչքան ասացի»:

Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հերքում է, թե իշխանականները նիստը միտումնավոր են տապալել։

«Ես չեմ անդրադառնա էթիկայի կանոններին չհամապատասխանող արտահայտություններին, կարծում եմ հետևյալը, տարակուսանք պետք է արտահայտեմ, եթե խնդիրն այդ հարցը քննարկելն էր, ըստ պարոն Իոաննիսյանը, ապա պետք է նշեմ, որ նախորդ նիստի օրակարգում, որը կայացավ, ընդգրկված էր նաև այդ հարցը և այդ հարցը չի քննարկվել պարզապես ժամանակի սակավության պատճառով», - ընդգծեց Վարդանյանը:

Միտում չի տեսնում նաև «Լուսավոր Հայաստանի» ղեկավար, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։ Նա էլ է ասում՝ քվորում չեղավ, հետևաբար նիստը չգումարվեց:

Խորհրդի անդամ Մարուքյանն էլ է կողմ, որ Սահմանադրությունից կայուն մեծամասնություն երաշխավորող դրույթը հանվի։ Բայց տպավորություն ունի, որ իշխանությունը, հնարավոր է, մտքափոխվել է։

Մինչ վարչապետը կհանձնարարեր նոր Սահմանադրության նախագիծ մշակել, խորհուրդը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ էր պատրաստել, որտեղ առաջարկել էին հրաժարվել կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից.:

«Դա որոշվել էր հանրաքվեի փաթեթով, որ հանվի, հիմա ես ունեմ այդ տպավորություն, որ չի ստացվելու հանել, կապրենք կտեսնենք: կարող է Սահմանադրական խորհրդում անցնի, օրինակ, նախագիծը գնա խորհրդարան, խորհրդարանում ձայներ չհավաքվի, Իշխան Զաքարյանը չքվեարկի, ասեն՝ դե մենք ինչ կապ ունենք, Իշխան Զաքարյանն արեց», - ասաց Էդմոն Մարուքյանը:

«Ցանկացած հարց պատրաստ ենք քննարկել, այդ թվում՝ բարձրացվածը», - հայտարարում էր Վլադիմիր Վարդանյանը։ Բայց այդպես էլ ուղիղ չպատասխանեց հարցին՝ իշխանությունը կո՞ղմ է կայուն մեծամասնության դրույթից հրաժարվելուն։

«Մահապատժի վերացմանը կո՞ղմ է, թե՞ դեմ, միանշանակ կողմ է, որ մահապատիժը պետք է վերացվի, սա հստակ է, ինչ վերաբերում է կայուն քաղաքական մեծամասնությանը, ըստ ընթացակարգի և ձևակերպումների, մենք այդ ձևակերումները պետք է մանրամասն ձևակերպենք, դրանից ելնելով փորձենք ստանալ այնպիսի ընտրական համակարգ, որը հնարավորություն կտա ապահովել և՛ ժողովրդավարական բալանսը, և՛ հնարավորություն կտա, որպեսզի մենք կարողանանք խորհրդարանական կառավարման մոդելն ավելի սերմանենք Հայաստանի Հանրապետությունում», - նշեց Վարդանյանը:

Մնալո՞ւ է հարցն օրակարգում։

«Մենք և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակը պնդելու ենք, բայց ես ուզում եմ՝ բոլորիս համար հստակ լինի, որ եթե դա առաջիկա շաբաթներում տեղի չունենա, ապա ուղղակի չենք հասցնելու այդ փոփոխություններն անել մինչև 2026 թվականի ընտրությունները», - ընդգծեց Իոաննիսյանը:

Հաջորդ նիստն անհայտ է՝ երբ կգումարվի։

XS
SM
MD
LG