Մատչելիության հղումներ

«Ինչի՞ դիմաց է միանձնյա սեփականությունն անցել Կարապետյան Սամվելին». ՀԷՑ-ի վերաբերյալ քննարկում ԱԺ-ում


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

«Ամենակարևոր հարցը՝ սեփականատերը ի՞նչ գնով է ձեռք բերել բաշխիչ ցանցերը». - իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այս հարցի պատասխանն ուզում էր լսել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարից։

Իշխող խմբակցությունը Գարեգին Բաղրամյանին Ազգային ժողով էր հրավիրել՝ պարզաբանումներ պահանջելու՝ ինչո՞ւ են մարդիկ այդքան դժգոհ էլեկտրական ցանցերի աշխատանքից, ինչո՞ւ են այդքան հաճախակի հոսանքի անջատումները։

Բայց Անդրանիկ Քոչարյանին ավելի շատ այլ հարց էր անհանգստացնում. - «Արդյոք մենք տիրապետո՞ւմ ենք էն տեղեկատվությանը՝ սեփականատերը ի՞նչ գնով է ձեռք բերել բաշխիչ ցանցերը: Պատասխանը մինչև հիմա ոչ ոք չգիտի: [...] Դուք ունե՞ք էդ տեղեկատվությունը՝ ինչի՞ դիմաց է միանձնյա սեփականությունն անցել Կարապետյան Սամվելին, և ինչո՞ւ է այս վիճակը»:

Գարեգին Բաղրամյանն արձագանքեց. - «Մեզ հետաքրքրում է միայն այն հատվածը, որը գալիս է և սակագնում բեռ է դառնում, իսկ դա տեղի է ունեցել Հայաստանի էլեկտրական ցանցերը 12 թվականի մասնավորեցման ժամանակ: Մասնավորեցվել է 40 միլիոն դոլարով, էնտեղ ինչ-որ պոչեր կան, էդ 40 միլիոն դոլարն է եկել սակագնային մարժա: Դրանից հետո «Ինտեր ՌԱՕ»-ն ծախել է էնտեղ չեմ իմանում ում, հետո ծախել են «Տաշիր գրուպ»-ին՝ էդ արանքում ով ում ինչ է վճարել, սակագնային տեսանկյունից չի հետաքրքրում մեզ, որովհետև դա սակագին չի գալիս և բաժանորդի վրա որևիցե ձև չի անդրադառնում»:

Իշխանական պատգամավորին պատասխանը չբավարարեց, պահանջեց սեփականատիրոջից ճշտեն. - «Ձեզ չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է, ես խնդրում եմ՝ մեր հաջորդիվ հանդիպումներից մեկի ժամանակ սեփականատիրոջից, թե այլ տարբերակով՝ ճշտեք՝ ի՞նչ գնով է ձեռք բերել: Հետաքրքրում է հաստատ»:

Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատերը Ռուսաստանում խոշոր գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ»-ն է։ Այս ընկերությունը ՀԷՑ-ը ձեռք է բերել 2015 թվականին։ Անդրանիկ Քոչարյանը, որ Երևանի կենտրոնում է ապրում, ու 14-15 ժամ զրկված է եղել հոսանքից, կասկածներ է լսել, որ հոսանքի անջատումները քաղաքական դրդապատճառով են։

«Այնուամենայնիվ, վերջին շրջանի անջատումները էնքան շատ էին և անբացատրելի, որ մեր հասարակության մեջ կասկածներ կան, որ սա կարող է՞ քաղաքական ինչ-որ պատճառներ ունի», - նշեց Քոչարյանը:

Իշխող խմբակցության կազմակերպած քննարկմանը ոչ ընդդիմադիրներն էին հրավիրված, ոչ էլ Էլեկտրական ցանցերից մարդ կար։ Գարեգին Բաղրամյանն ասաց՝ փոխանցել է այս հանդիպման մասին, բայց որևէ ներկայացուցիչ չի եկել ՀԷՑ-ից։ Իսկ հանդիպումը կազմակերպած «Քաղաքացիական պայմանագիր»-ը հրավիրե՞լ է ՀԷՑ-ից որևէ մեկին, որ Քոչարյանին հուզող հարցերին ուղիղ պատասխանեին, այդպես էլ չպատասխանեցին ՔՊ-ից։

«Կփորձեմ զերծ մնալ քաղաքական տեքստից, քանի որ ես քաղաքականությամբ ի պաշտոնե էլ իրավունք չունեմ զբաղվելու». - Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի ղեկավարը շեշտեց՝ քաղաքականությամբ չի զբաղվում ու հարցերին կպատասխանի ոչ այդ տեսանկյունից։ Ըստ Գարեգին Բաղրամյանի՝ հաճախակի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է։

Նա մանրամասն տեխնիկապես բացատրեց՝ ինչի հետևանքով են վթարները եղել, ու գծերի գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու, խնդիրը լուծելու համար ինչ քայլեր են արել. - «Մեր կարծիքով՝ ամենամեծ խնդիրը, որ էսօր ունենք հոսանքի անջատումների և հաճախակի անջատումների, համակարգի մաշվածությունն է, և փաստորեն ռեսուրսները, որոնք ուղղվում են այդ ուղղությանը, որոշակի նվազել են, քանի որ կանխատեսվող նոր սպառողների միացումներն են շատացել: Ի՞նչ է արվել էս ուղղությամբ՝ վերջին երկու տարիներում մոտ երեք միջոցառում է իրականացվել»:

Իշխանականներից Վահագն Ալեքսանյանին գյուղերում բողոքել են, թե քամուց էլեկտրասյուները տապալվում են։ Քաղաքացիները Բաղրամյանի նշած 698 միլիարդի դրամի ներդրումը չեն նկատում։ Հարցրեց՝ քանի՞ սյուն է փոխվել այդ ներդրումների դեպքում։

ՔՊ-ականներից Ծովինար Վարդանյանի տպավորությամբ՝ տասը տարի առաջ, երբ ավելի քիչ էին վճարում, սպասարկումն ավելի բարձր էր, քան հիմա, երբ ավելի շատ են վճարում։ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովից ավելի կոշտ մոտեցում էր պահանջում։

«Կարող եմ ասել, որ անպայման շատ լավ կլինի, որ մի առիթով էլ հանդիպենք ՀԷՑ-ի ներկայացուցիչների հետ ու հարցերը առավել ուղիղ ուղղենք իրենց, որովհետև, նորից եմ ասում, էն, ինչը որ կա, էդ ամեն ինչը չի գոհացնում», - ասաց Վահագն Ալեքսանյանը:

Իշխանականների կազմակերպած քննարկումը կապ ունի՞ մամուլի այսօրվա հրապարակման հետ, թե իշխանությունը մտադիր է ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանից հետ վերցնել էլեկտրական ցանցերը։

«Էսքան ժամանակ իշխանությունը էդ ո՞ւմ բիզնեսն է վերցրել կամ էդ ո՞ւմ բիզնեսն է վաճառել ուրիշի, էդ ի՞նչ հեքիաթներ են պատմում: Նման քննարկում չկա, խոսքը գնում է քաղաքացիներին մատուցվող ծառայության որակի մասին՝ մենաշնորհային դիրք ունեցող կազմակերպության կողմից, որը 2002 թվականին, ինչպես ինքներդ լսեցիք, մասնավորեցվել է 40 միլիոն դոլարով և տարեկան ունենում է տենց շատ հետաքրքիր թվերի շահույթներ», - ընդգծեց Ալեքսանյանը:

Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ օրեր առաջ էլ ՔՊ-ականները Ազգային ժողովում փակ դռների հետևում քննարկել են էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտի խնդիրները և դրանց լուծման ուղիները:

XS
SM
MD
LG