Մատչելիության հղումներ

Հայաստանի իշխանությունները փաստացի մերժում են Ռուսաստանի միջնորդական առաքելությունը. մեկնաբան


Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Այսօր Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում են Կրեմլն ու վարչապետի գրասենյակը։

Ռուսաստանի նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։ Սա Երևանի տարածած հաղոդագրությունն է։

Մոսկվայի տեքստն ավելի ընդգրկուն է. «Քննարկումները շարունակվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքու կատարած այցի ընթացքում։ Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու օժանդակել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանազատման ու սահմանագծման գործընթացի առաջ մղման, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման հարցերում։ Երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակության ընթացքում ընդգծվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան»։

Ռուսաստանի նպատակն է մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում. Արմեն Բաղդասարյան

Ակնհայտ է, որ տարածված երկու հաղորդագրությունները տարբեր շեշտադրումներ ունեն, նկատում է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

«Հիմնական տարբերությունն այն է, որ Ռուսաստանը շեշտը դնում է եռակողմ պայմանավորվածությունների վրա՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան, իսկ Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է, որ մեզ համար կարևոր են երկկողմ հարաբերությունները հայ-ռուսական։ Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները փաստացի մերժում են Ռուսաստանի միջնորդական առաքելությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Հայաստանը կարևորում է հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները, բայց այսօրվա հեռախոսազրույցին հաջորդած հաղորդագրությունները ևս մեկ անգամ ընդգծեցին, որ Երևանը չի տեսնում Մոսկվային որպես միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերություններում, վստահ է քաղաքագետը։ Մյուս կողմից, ըստ Արմեն Բաղդասարայնի, «Ռուսաստանի իրական նպատակը խաղաղություն հաստատելն ու անկեղծ միջնորդական ջանքերը չեն»։

«Ռուսաստանի նպատակն է մեծացնել իր ազդեցությունը մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում։ Այս առումով Ռուսաստանն անկողմնակալ միջնորդ չէ։ Ռուսաստանը նույնիսկ կարելի է ասել հակամարտության կողմ։ Եթե Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկնեն, Հայաստանը, բնականաբար, կցանկանա Ռուսաստանին տեսնել այդ դերակատարման մեջ, եթե ոչ, ապա շատ կտրուկ, կոշտ պատասխան, ինչը և մենք հիմա փաստացի տեսնում ենք», - նկատեց մեկնաբանը։

Ադրբեջանը ևս հետաքրքրված չէ ռուսական միջնորդությամբ. Տիգրան Գրիգորյան

Իր հերթին Բաքուն ևս կողմ չէ ռուսական միջնորդությանը, նկատում են քաղաքական մեկնաբանները, թեև Ալիևի ու Պուտինի վերջին հանդիպման առանցքային թեմաներից մեկը հենց հայ-ադրբեջանական հարաբերություններն էին։

«Ես չեմ կարծում, թե Ադրբեջանը ևս հետաքրքրված է ռուսական միջնորդության մեջ, որովհետև այն հանգամանքը, որ բանակցությունները հիմա երկկողմ ձևաչափով են ընթանում, առաջին հերթին Ադրբեջանի պահանջն է, և Ադրբեջանը վերջին ամիսների ընթացքում կարողացել է հասնել այդ նպատակին», - ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Մինչ Երևանը կտրուկ հրաժարվում է Մոսկվայի առաջարկած բանակցային հարթակից, հարց է առաջանում՝ արդյոք Մոսկվան ունի լծակներ՝ ստիպելու Երևանին ընդունելու իր առաջարկած խաղի կանոնները։

Տիգրան Գրիգորյանը չի կարծում, թե այս հարցում ռուսական կողմը փորձելու է չափազանց հետևողական լինել. - «Ռուսաստանի կողմից ինչ-որ ավելի կոշտ գործիքակազմի կիրառումը հավանական է այլ ուղղություններով, այլ հարթությունների մեջ առկա խնդիրների պարագայում, և մենք տեսնում ենք՝ վերջին շրջանում ինչ-որ ազդակներ կան՝ նմանատիպ պատժամիջոցներ մտցնելու կամ առնվազն սպառնալիքներ, բայց ես չեմ կարծում, թե դրանք կապված են հենց բանակցային գործընթացի հետ»։

Վերջին անգամ Փաշինյանն ու Պուտինը շփվել էին մայիսի 8-ին Մոսկվայում, ուր Հայաստանի վարչապետը մեկնել էր՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որից հետո տեղի էր ունեցել Փաշինյան-Պուտին առանձնազրույց։

Այսօր, չնայած հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությանը, ըստ հայկական կողմի, երկու առաջնորդները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել՝ երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG