Մատչելիության հղումներ

Բաքվում մեկնարկել է Պուտին-Ալիև պաշտոնական հանդիպումը


Պուտինը ժամանում է Բաքու, 18-ը հուլիսի, 2024թ․
Պուտինը ժամանում է Բաքու, 18-ը հուլիսի, 2024թ․

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները։

Ռուսաստանը ուրախ կլինի, եթե կարողանա ինչ-որ բան անել խաղաղության ստորագրման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը սահմանազատելու համար, հայտարարել է Պուտինը։

«Եթե մենք կարողանանք ինչ-որ բան անել, որպեսզի հասնենք Ադրբեջանի և Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, գործը հասցնենք սահմանի սահմանազատման և սահմանազատման, ինչպես մենք բազմիցս խոսել ենք Ձեզ հետ, ապաշրջափակենք լոգիստիկ և տնտեսության համապատասխան ուղղությունները, մենք շատ ուրախ կլինենք դրա համար»,- վստահեցրել է Ռուսաստանի նախագահը։

Նա նաև ընդգծել է՝ Մոսկվան պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի կարգավորմանն այնքանով, որքանով կպահանջեն երկու կողմերը։

«Մենք երեկ Ձեզ հետ անդրադարձանք այս թեմային, իսկ այսօր կշարունակենք։ Խոսքը վերաբերում է Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանը, և բոլորին շատ լավ հայտնի է, որ Ռուսաստանը նույնպես բախվում է ճգնաժամերի, այդ թվում՝ առաջին հերթին ուկրաինական ուղղության, բայց Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում վերջին մի քանի տարիներին մեզ թելադրում է այդ իրադարձությունների մասնակցության անհրաժեշտություն, իհարկե, այնքանով, որքանով պահանջված կլինի կողմերից», - ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է, որ պատրաստվում է Բաքվի բանակցությունների արդյունքների մասին պատմել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Բանակցությունների ռուսական հարթակն ընդունելի է Բաքվի համար, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե որքանո՞վ է ուժեղ Ռուսաստանի դերը հակամարտությունների կարգավորման գործում և ի՞նչ է ակնկալում Բաքուն Մոսկվայից։

Բայրամովն ի պատասխան նշել է Պուտինի դերը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածություններում, հիշեցրել հետպատերազմական ժամանակահատվածում Ռուսաստանի մասնակցությամբ բազմաթիվ հայ - ադրբեջանական հանդիպումների մասին։

«Մենք օգտագործում ենք ուղիղ երկկողմ ձևաչափ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք երբեք չենք հրաժարվել նաև տարբեր հարթակներից: Ռուսաստանի Դաշնության հարթակը մեզ համար միշտ ընդունելի է եղել, և բնականաբար այսուհետ ևս մենք պատրաստ են օգտագործել տվյալ հարթակը», - ասել է Բայրամովը՝ նշելով, որ վերջին շրջանում Երևանն է անհամաձայնություն հայտնել այդ հարթակին:

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները կանցկացվեն նեղ և ընդլայնված կազմերով, օրակարգում ոչ միայն ռուս-ադրբեջանական, այլ նաև տարածաշրջանային, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր են։ Բանակցություններից հետո երկու պետությունների ղեկավարնեը հանդես կգան համատեղ հայտարարությամբ, ինչպես նաև միջկառավարական և այլ փաստաթղթեր կստորագրեն։

Ռուսական կողմը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Պուտին-Ալիև հանդիպման համար նախապատրաստված նյութերին։

Ռուսական պետական լրատվական գործակալությունը նաև նշել է, որ ըստ այդ նյութերի, «առանցքային խնդիրներից են մնում խաղաղության պայմանագրի ստորագրումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանազատման գործընթացի խթանումը, տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի ապաշրջափակումը` հիմնված 2020-2022 թվականներին հայտնի եռակողմ համաձայնագրերի հիման վրա»։

Պուտինը երեկ է ժամանել Բաքու, ճաշել Ալիևի տանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG