Բանակցությունների ռուսական հարթակն ընդունելի է Բաքվի համար, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե որքանո՞վ է ուժեղ Ռուսաստանի դերը հակամարտությունների կարգավորման գործում և ի՞նչ է ակնկալում Բաքուն Մոսկվայից։
Բայրամովն ի պատասխան նշել է Պուտինի դերը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածություններում, հիշեցրել հետպատերազմական ժամանակահատվածում Ռուսաստանի մասնակցությամբ բազմաթիվ հայ - ադրբեջանական հանդիպումների մասին։
«․․․ բանակցային գործընթացի անցկացման ձևաչափը․ մենք բաց ենք դրա համար։ Այդ նպատակով մենք օգտագործում ենք ուղիղ երկկողմ ձևաչափ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք երբեք չենք հրաժարվել նաև տարբեր հարթակներից: Ռուսաստանի Դաշնության հարթակը մեզ համար միշտ ընդունելի է եղել, և բնականաբար այսուհետ ևս մենք պատրաստ են օգտագործել տվյալ հարթակը», - ասել է Բայրամովը՝ նշելով, որ վերջին շրջանում Երևանն է անհամաձայնություն հայտնել այդ հարթակին:
Այսօր Բաքվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կցանկանար մասնակցել հայ - ադրբեջանական կարգավորմանը:
«Բոլորին շատ լավ հայտնի է, որ Ռուսաստանը նույնպես բախվում է ճգնաժամերի, այդ թվում՝ առաջին հերթին ուկրաինական ուղղությամբ, բայց Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում վերջին մի քանի տարիներին մեզ թելադրում է այդ իրադարձություններին մասնակցության անհրաժեշտություն, իհարկե՝ այնքանով, որքանով պահանջված կլինի կողմերից», - ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցությունների մեկնարկին հայտարարել է Պուտինը: