Սպիտակ տուն վերադարձող Դոնալդ Թրամփը մտադիր է իր նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում այլևս չսահմանափակվել սահմանների անվտանգության ամրապնդմամբ՝ խոստանալով այս անգամ ամեն գնով հասնել ապօրինի միգրանտների զանգվածային արտաքսմանը։ Սա Թրամփի նախընտրական քարոզարշավի առանցքային խոստումներից է։
«Մենք պատրաստվում ենք ավարտին հասցնել Ամերիկայի պատմության մեջ ամենազանգվածային արտաքսումը: Մենք ընտրություն չունենք, ընտրություն չունենք, ընտրություն չունենք: Չունենք ընտրություն, քանի որ սա կայունություն չի բերում որևէ երկրի», - հայտարարել է ԱՄՆ ընտրյալ նախագահը:
Ինչպե՞ս է իրականացնելու «զանգվածային արտաքսումը» ԱՄՆ 47-րդ նախագահը: Մասնագետների գնահատմամբ՝ միլիոնավոր մարդկանց վտարումը հսկայական իրավական ջանքեր, նյութատեխնիկական ռեսուրսներ է պահանջում:
Թրամփի պլանները նախ և առաջ ենթադրում են կալանավայրերի ընդլայնում, ինչպես նաև «Մնա Մեքսիկայում» ծրագրի վերագործարկում։ Այս գաղափարը սկիզբ էր առել Թրամփի առաջին նախագահության ընթացքում, ծրագրի համաձայն՝ ապաստան փնտրող միգրանտները պետք է սպասեն Մեքսիկայում, մինչև իրենց գործերը կքննվեն:
Անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու, երկրից նրանց վտարելու համար Թրամփը մտադիր է ներգրավել ԱՄՆ Ազգային գվարդիային՝ գործի դնելով ընդհուպ 18-րդ դարում ընդունված «Օտար թշնամիների մասին» օրենքը, որը թույլ է տալիս նախագահին արտաքսել Միացյալ Նահանգների քաղաքացի չհանդիսացող՝ այն երկրների քաղաքացիներին, որոնք թշնամաբար են տրամադրված ԱՄՆ-ի նկատմամբ:
Այս քաղաքականությունը կյանքի կոչելու նպատակով Թրամփի կողմից առաջադրված պաշտոնյայի՝ Թոմ Հոմանի խոսքով, իշխանության գլխավոր նպատակը հանրային պաշտպանության ու ազգային անվտանգության բարելավումն է:
«Այս երկրում երբևէ տեղի ունեցած ամենամեծ Անօրինական ներգաղթին պետք է հաջորդի զանգվածային արտաքսումը», - հայտարարել է ԱՄՆ Սահմանային անվտանգության հարցերով գերատեսչության ղեկավարի թեկնածու Հոմանը:
Միգրացիայի հարցերով փորձագետների համոզմամբ, սակայն, զանգվածային արտաքսումը ոչ միայն ահռելի ֆինանսական բեռ կդառնա պետբյուջեի համար, վնաս կհասցնի երկրի տնտեսությանը, այլև կթուլացնի հանրային անվտանգությունը՝ միգրանտներին զրկելով հանցագործության մասին իրազեկելու ցանկությունից:
«Միգրանտներն ավելի հաճախ են ոստիկանությանը հայտնում հանցագործությունների մասին, քան ԱՄՆ միջին վիճակագրական քաղաքացիները։ Ուսումնասիրությունները բազմիցս են փաստել, որ երբ տվյալ տարածքում առանց խտրականության ուժ է կիրառվում, նվազում են առանց այդ էլ բարձր մակարդակի հանցավորության մասին հաղորդումները», - ընդգծել է միգրացիայի հարցերով փորձագետ Դեյվիդ Բիերը:
Նախկինում, եթե միգրանտը չուներ դատվածություն, կառավարությունը հաճախ ազատ էր արձակում նրան մինչ կքննվեր միգրացիայի հարցով գործը։ Այս ընթացակարգն այժմ կարող է փոխվել, և նոր կառավարությունը կարող է դիտարկել միգրանտի կալանքի հնարավորությունը։
Թրամփի պաշտոնյաները պնդում են, որ այս քայլերը կզսպեն հանցագործներին։ Միգրացիոն հարցերով որոշ փորձագետներ, այդուհանդերձ, հակադարձում են:
«Զանգվածային արտաքսումը հանգեցնելու է լուրջ իրավախախտների առաջնահերթության նվազեցմանը։ Անցած անգամ Թրամփի վարչակազմը չեղարկեց լուրջ իրավախախտների՝ այդ թվում քրեական հանցագործների վրա կենտրոնանալու պահանջները, և արդյունքում, զարմանալի չէ, որ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը կրկնապատկեց ոչ հանցագործների ձերբակալությունների թիվը», - նշել է Դեյվիդ Բիերը:
Չնայած ընդդիմախոսների հակափաստարկներին՝ Թրամփը խոստանում է Միացյալ Նահանգներում գտնվող ապօրինի միգրանտների վտարման գործընթացը սկսել հենց պաշտոնավարման առաջին օրը՝ հունվարի 20-ին: