ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, կենթարկվի խիստ քննադատության՝ ներգաղթի հարցով օրենսդիրների հետ հանդիպման ընթացքում վիրավորական արտահայտություն թույլ տալու համար:
Ըստ ականատեսների, Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, թե ինչո՞ւ պետք է թույլ տալ, որ «Ամերիկա ժամանեն ավելի մեծ թվով մարդիկ Հայիթիից և աֆրիկյան կեղտոտ երկրներից»:
Թրամփն այդպես արտահայտվել է այն պահին, երբ երկու սենատորներ ներկայացրել են հանրապետականների ու դեմոկրատականների կազմած փոխզիջումային օրինագիծը, որը թույլ կտա հետաձգել հարյուր հազարավոր երիտասարդ ներգաղթյալների արտաքսումը և միաժամանակ կընձեռի սահմանների հսկողությունը խթանելու հնարավորություն:
Թրամփն ասել է, որ Ամերիկան պետք է ավելի մեծ թվով ներգաղթյալներ ընդունի «Նորվեգիայի նման երկրներից»:
Սպիտակ տան խոսնակ Ռաջ Շահը չի հերքել դեմոկրատականներին և հանրապետականներին զայրացրած հայտարարության փաստը:
«Վաշինգտոնում որոշ քաղաքական գործիչներ ընտրել են օտար երկրների համար պայքարելու ուղին, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը միշտ պայքարելու է Ամերիկայի ժողովրդի համար», - ասել է Շահը:
Դեմոկրատական կոնգրեսական Սթենի Հոյերն ասել է, որ Թրամփի մեկնաբանությունը «ռասիզմ է և խայտառակություն»:
Հանրապետական կոնգրեսական Միա Լովը, ով ծնվել է Հայիթիից ժամանած ներգաղթյալների ընտանիքում, Թրամփի մեկնաբանությունն անվանել է «չար, պառակտող, արհամարհական և ոչ խելացի հայտարարություն, որը հակասում է Ամերիկայի ժողովրդի դավանած արժեքներին»։
Միա Լովն ասել է, որ Թրամփի կեցվածքն անընդունելի է և պահանջել է, որ նախագահը ներողություն հայցի: