Անցյալ տարի ամբողջ աշխարհում հակամարտությունների ժամանակ մարդասիրական օգնության 280 աշխատակից է զոհվել։
Նրանց կեսից ավելին զոհվել է հոկտեմբերին՝ Գազայի հատվածում բռնկված պատերազմի առաջին երեք ամիսների ընթացում, հիմնականում Գազայի հատվածի վրա ավիահարվածների հետևանքով։ Սա ռեկորդային բարձր թիվ է, որը գրեթե 2 անգամ ավելին է նախորդ տարվա համեմատ՝ 2022-ին հումանիտար օգնության 118 մարդ է զոհվել։
Տվյալները հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը, նշելով, որ ընթացիկ տարին ավելի մահաբեր կլինի։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 40 հազարը։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:
Մերձավոր Արևելքում շուրջ 10 ամիս ընթացող պատերազմն էլ ավելի թեժացավ հուլիսի վերջին՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանություններից հետո։
Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղեցին դեպի Իսրայել՝ սպառնալով պատասխան գործողություններով: