Հազարավոր մարդիկ այսօր հավաքվել էին Հյուսիսային Մակեդոնիայում՝ պահանջելով արդարադատություն նախօրեին գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 59 մարդու համար։ Հավաքվածները նաև պահանջում էին վերջ տալ երկրում կոռուպցիային, հաղորդում է Reuters-ը։
Կոչանի քաղաքի գիշերային ակումբում հրդեհը բռնկվել է DNA խմբի համերգի ժամանակ պիրոտեխնիկայի օգտագործման հետևանքով, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Պանչե Տոշկովսկին։ Նրա խոսքով՝ ակումբի առաստաղն ակներևաբար եղել է դյուրավառ նյութից, այդտեղից էլ սկիզբ է առնել կրակը, և ծուխն արագ տարածվել է։
Հաղորդվում է, որ ավելի քան 150 մարդ է վիրավորվել, կան անհետ կորածներ։
Իրավապահները նշել են, որ ակումբի արտոնագիրն ապօրինի է եղել, և որ տեղում բացակայում են կրակմարիչներն ու վթարային ելքերը:
«Ես ուզում եմ, որ բոլոր նրանք, ովքեր օգնել են այս վայրին շարունակելու բիզնեսը, բանտարկվեն։ Մեզ փոփոխություն է պետք, քանի որ սա կոռումպացված երկիր է», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է 16-ամյա Ջովանը, ով հրդեհի ժամանակ կորցրել է ընկերոջը։
Կոչանին 80 կմ է հեռու մայրաքաղաք Սկոպյեից։