Մատչելիության հղումներ

Հռոմի ստատուտի վավերացումն ուղիղ վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին․ Զախարովա


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Հռոմի ստատուտի վավերացումն ուղիղ վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Հայաստանի՝ միջազգային քրեական դատարանին միանալու հետ կապված մեր դիրքորոշումը հայտնի է։ Հաագայում Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների ձերբակալելու օրդեր տալու ֆոնին Հռոմի ստատուտի վավերացումը ուղիղ վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է արտգործնախարարության խոսնակը։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ այդ վնասը ոչ միայն խորհրդանշական է, այլև գործնական։

Երևանը Հռոմի ստատունը վավերացրեց անցած տարի, իսկ այս փետրվարից պաշտոնապես միացավ Միջազգային քրեական դատարանին։

Հռոմի ստատուտին միանալու քայլը հավելյալ լարվածություն էր առաջացրել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում, քանի որ հենց այս դատարանն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվել։

Երևանն, իր հերթին, հայտարարել է, որ Հռոմի կանոնադրությանը միանալով՝ ցանկանում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն օրերս Նիդերլանդներում Հռոմի ստատուտի մասնակից պետությունների ասամբլեային էր մասնացկում։

Իր ելույթում արտաքին գերատեսչության ղեկավարը համոզմունք էր հայտնել, թե ՄՔԴ-ն միջազգային իրավունքի կարևոր տարրերից մեկն է՝ ընգծելով, որ միանալու Երևանի որոշումը հեշտ չի կայացվել։

«Հայաստանը պատրաստ է ակտիվորեն մասնակցել տարածաշրջանային և միջազգային համագործակցության գործընթացներին՝ կանխելու անպատժելիությունը և ամրապնդելու միջազգային նորմերի պահպանման հանձնառությունը», - հայտարարել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG