Մատչելիության հղումներ

Հրադադարի շուրջ բանակցությունների ֆոնին՝ Գազայում իսրայելական հարվածներից 20 մարդ է զոհվել


Իսրայելական հարվածներից ավերակների վերածված շենք Գազայի հատվածում, 17-ը դեկտեմբերի, 2024թ․
Իսրայելական հարվածներից ավերակների վերածված շենք Գազայի հատվածում, 17-ը դեկտեմբերի, 2024թ․

Մինչ Միացյալ Նահանգներն, արաբ միջնորդների աջակցությամբ, փորձում է համաձայնության գալ Իսրայելի և «Համաս»-ի միջև Գազայի հատվածում 14-ամսյա պատերազմի ավարտի շուրջ՝ դեկտեմբերի 18-ին իսրայելական հարվածներից, ըստ տեղի բժիշկների, Գազայում առնվազն 20 պաղեստինցի է սպանվել։

Չորեքշաբթի օրը իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի մի շարք գրոհայինների, որոնք պատրաստվում էին հարձակվել Ջաբալիայում գործող իսրայելական ուժերի վրա:

Երեքշաբթի օրը Կահիրեի բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ առաջիկա օրերին հնարավոր է համաձայնագիր ստորագրվի Գազայի հատվածում հրադադարի հաստատման ու պատանդների ազատ արձակման վերաբերյալ՝ Իսրայելում պահվող պաղեստինցի գերիների դիմաց:

Բանակցություններին մոտ կանգնած պաղեստինցի պաշտոնյան նախօրեին Reuters-ին ասել է, որ կրճատվել են տարաձայնությունները համաձայնագրի դրույթների մեծ մասի շուրջ, սական, նրա խոսքով, Իսրայելը պայմաններ է առաջադրել, որոնք ծայրահեղական «Համաս»-ը մերժել է։ Պաշտոնյան չի մանրամասնել թե ինչ պայմանների մասին է խոսքը։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 41 հազարը։

Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

XS
SM
MD
LG