Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն անվանել է պաղեստինցիների ցեղասպանություն։
Կազմակերպությունը ուսումնասիրություն է անցկացրել և զեկույց հրապարակել, որտեղ նկարագրված է, թե «ինչպես, 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում «Համաս»-ի սարսափելի հարձակումներից հետո սկսված ռազմական գործողության ընթացքում Իսրայելը Գազայում պաղեստինցիների կյանքը լիակատար դժոխք է դարձրել՝ անողոքաբար և անպատժելիորեն»։
Ըստ Amnesty International-ի խոսնակ Ագնես Կալլամարի՝ Իսրայելը Գազայում կատարում է գործողություններ, որոնք արգելված են Ցեղասպանության մասին կոնվենցիայով՝ միտումնավոր ստեղծելով կենսապայմաններ, որոնք նախատեսված են պաղեստինցիների ֆիզիկական ոչնչացման համար:
Կազմակերպությունը բացահայտել է դրան հասնելու համար օգտագործվող երեք մեթոդներ՝ կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ոչնչացում, բնակչության տարհանման բազմաթիվ հրամաններ և մարդասիրական օգնության մատակարարման խոչընդոտում:
Կալլամարը զգուշացրել է Իսրայելին զենք մատակարարող երկրներին, որ նրանք «մեղսակից են ցեղասպանությանը», նաև կոչ է արել միջազգային հանրությանը՝ քայլեր ձեռնարկել Գազայում ցեղասպանությանը վերջ տալու համար։
Իսրայելը բազմիցս հայտարարել է, որ իր նպատակը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան «Համաս» խմբավորման ամբողջական ոչնչացումն է։
Նշվել է, որ գրոհայինները Գազայի տակ թունելների ցանց են կառուցել և թաքնվել են խաղաղ բնակիչների թիկունքում։
Amnesty International-ը կարծում է, որ դա, ինչպես «Համաս»-ի հարձակումն Իսրայելի վրա, չի արդարացնում պաղեստինցիների ոչնչացումը։
Կազմակերպությունը կոչ է անում բոլոր մեղավորներին՝ և՛ Իսրայելի, և՛ «Համաս»-ի կողմից, պատասխանատվության ենթարկել, նրանց դեմ պատժամիջոցներ սահմանել, ինչպես նաև ազատ արձակել պատանդներին: