Մատչելիության հղումներ

Հրադադարի խախտման մեղադրանքներ՝ բանակցային գործընթացում պասիվության ֆոնին


24 ժամվա ընթացքում հրադադարի խախտման 2 պնդում Ադրբեջանից և երկու հերքում Հայաստանից։ Պաշտպանության նախարարությունը երեկ ապատեղեկատվություն որակեց հունվարի 5-ի երեկոյան և երեկ ցերեկը 2-ի սահմաններում Լաչինի ուղղությամբ հայկական զինուժի արձակած կրակոցների մասին Բաքվի պնդումները։

Այս հայտարարությունները հնչում են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում տևական պասիվության ֆոնին։ Անցած տարի իրար պարբերաբար հաջորդում էին պատերազմի հավանականության և պայմանագիրը կնքելու լավատեսության մասին հայտարությունները։

Երևանը, վարչապետ Փաշինյանի հայտարարության համաձայն, մոտ 60 օր առաջ է Բաքվին փոխանցել խաղաղության պայմանագրի 2 չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ իր առաջարկները։ Պաշտոնապես մինչև այս պահը չի հայտարարվել, թե դրանց պատասխանը ստացվել է։

Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն հաստատել են՝ խաղաղության 17 կետանոց համաձայնագրի նախագծում 2 չհամաձայնեցված հոդվածների շուրջ են բանակցում։ Ընդ որում, տարաձայնությունների մասին բավականին բաց են խոսում, Բաքվից պնդել են՝ մեկը հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերումն է, մյուսը՝ Հայաստանի հետ իրավական վեճերի բացառումը։

Երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը Երևանը մեծ հաշվով դեմ չէ, բայց առաջարկում է, որ դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա։

Մինչ Բաքվից չկա պատասխան, չկա նաև հստակություն Եվրադիտորդների ժամկետի երկարաձգման մասով։ Առաքելության տեղակայման ավարտին բառացիորեն հաշված օրեր են մնացել։

Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում Փաշինյանն ընդունելի էր համարել հայցերը միջազգային դատարաններից երկկողմանի հետ կանչելը։ Բաքուն, կարծես թե, փոխադարձության սկզբունքն էլ չի մերժում։ Ուրեմն որն է վեճի առիթը՝ պարզ չէ։

Փաշինյանը տարեվերջյան հարցազրույցներից մեկում շատ թռուցիկ կարևորել էր «անհատական հումանիտար» խնդիրները լուծելու ռեալ հեռանկարը։ Արդյոք խոսքը Ադրբեջանում մինչև հիմա պահվող 23 հայ գերիներին, նրանց թվում՝ բարձրագույն ղեկավարությանն է վերաբերում՝ այստեղ էլ հստակություն չկա։

Ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի միջազգային 5 հայցերից մեկը հենց տարբեր փուլերում հայաստանցիների ապօրինի բանտարկություններին ու նրանց դատավարություններին է վերաբերում։

Քաղաքագետն անիրատեսական է համարում պայմանագրի կնքումը այս տարի ևս

Հայ-ադրբեջանական բանակցություններին հետևող քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ՝ Բաքվի պահանջը միջպետական հայցերի հետկանչումից ավելին է. - «Ես, ինչպես հասկանում եմ, Բաքուն պահանջում է, որ ընդհանրապես որևէ հայց չլինի Ադրբեջանի դեմ։ Այստեղ, բնականաբար, կառավարությունը ցանկության դեպքում նույնիսկ չունի այդ հնարավորությունները՝ այդ պահանջը կատարելու»։

Կարծում է՝ ավելի բարդ է դիտորդների հարցում համաձայնության հասնելը։ Քաղաքագետի տեղեկություններով՝ չնայած պաշտոնապես չի հայտարարվել, բայց եվրադիտորդների տեղակայման ժամկետը երկարաձգելու հարցում կա համաձայնություն։

«Ինչ վերաբերում է Հայաստանի պատասխանին, որ դելիմիտացված հատվածում նրանք ծառայություն չեն իրականացնելու, ավելի շատ դիվանագիտական պատասխան է, և պարզ է, որ Բաքուն այն չի ընդունելու։ Այստեղ կա նաև վտանգ, որ Բաքուն կարող է դելիմիտացիայի գործընթացը տորպեդավորելու իր փորձերը հիմնավորել Հայաստանի կողմից դիտորդներին դուրս մղելու ցանկության բացակայությամբ», - ասաց նա։

Տիգրան Գրիգորյանը փաստաթղթի նախագծի փոխանակման գործընթացի երկարաձգումը պայմանավորում է չհարթվող տարաձայնություններով։ Նա Երևանի ու Բաքվի հակասությունները երկու խմբի է բաժանում՝ խաղաղության պայմանագիրն վերաբերող ու դրանից դուրս ադրբեջանական պահանջներ, որոնցից գլխավորը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։ Այն, ըստ Բաքվի, իրենց նկատմամբ «տարածքային պահանջներ է պարունակում»։ Բայց Ալիևի նախապայմանները դրանով չեն սահմանափակվում, նա ուզում է, որ Հայաստանը չզինվի, վերադառնան մինչև 80-ականների վերջն ու 90-ականների սկիզբը՝ սովետմիության ժամանակ Հայաստանում ապրած ադրբեջանցիները։

Այս ամենի ֆոնին քաղաքագետը 2025-ին էլ խաղաղության պայմանագրի կնքումը անիրատեսական է համարում։

«Եթե արևտմյան կամ այլ կողմերի ակտիվ դերակատարություն չլինի, ես չեմ կարծում, թե Բաքուն հետ է կանգնելու իր դիրքորոշումներից, մեծ հաշվով վերջին 3-4 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը գրեթե երբեք հայտարարված դիրքորոշումներից հետ չի կանգնում։ Իսկ եթե Ադրբեջանը հետ չկանգնի, ես դժվար եմ պատկերացնում, թե Հայաստանի իշխանություններն ինչպես են իրականացնելու այդ պահանջները նույնիսկ ցանկության դեպքում, կարող են սկսել Սահմանադրության փոփոխության պահանջից, բայց նաև մյուս հարցերում դժվար է լինելու գնալ այդ զիջումներին», - հավելեց քաղաքագետը։

Այս փուլում տեղաշարժ չկա նաև խաղաղության պայմանագրից առանձին բանակցվող սահմանազատման շարունակության ու տարածաշրջանի ապաշրջափակման շուրջ։ Հայ-ադրբեջանական բանակցություններում միջազգային ամենամեծ ներգրավվածությունը ԱՄՆ-ն ուներ, Թրամփի նախագահության շրջանում, կարծում է, այն նվազելու է։

XS
SM
MD
LG