ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին մեղադրանքներ առաջադրվեցին: Երկուսի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը, «Ազատությանը» հայտնում են Գլխավոր դատախազությունից:
«Հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել, խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը»,- նշեցին կառույցից:
Հովիկ Աղազարյանին, ըստ իրավապահների, մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար (435-րդ հոդվածի երրորդ մաս, երրորդ կետ), ինչպես նաև պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը՝ առանձնապես խոշոր չափերով (438-րդ հոդվածի երրորդ մաս, երկրորդ կետ):
Տարոն Մարգարյանը մեղադրվում է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկման կամ փոխանցման համար, որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, տեղաբաշխումը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը, կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ պահելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (296-րդ հոդվածի, երրորդ մասի երկրորդ, երրորդ կետեր), պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու մեջ, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք (441-րդ հոդված, երկրորդ մասի երկրորդ, չորրորդ, հինգերորրդ կետեր), և 447-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքի համար՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը կամ ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) մասին որոշում չկայացնելը կամ ինքնակամ կառույցների քանդման մասին որոշման կատարումը չապահովելը պաշտոնատար անձի կողմից:
Ե՛վ նախկին իշխանական պատգամավոր Աղազարյանը, և՛ ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից Մարգարյանը երեկ զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից:
Աղազարյանը երկու դրվագով կասկածվում է կոռուպցիոն գործարքների համար: Մեկով, ըստ գլխավոր դատախազի, Աղազարյանը 200-300 հազար դոլար կաշատքի դիմաց համաձայնել է միջնորդել, որ մանր եղջերավորներ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ առանց կարանտինի՝ կեղծ փաստաթղթերով: Մյուս դրվագով կասկածներ կան, որ Աղազարյանը 23 հազար դոլար կաշառք է ստացել, որ միջնորդի կառուցապատման թույլտվության համար:
Պատգամավորն այս ամենը համարում է քաղաքական ճնշման փորձ, որի հրահանգը, ինչպես ինքն է ձևակերպել, տվել է հենց վարչապետը, քանի որ ինքը հրաժարվել է մանդատը վայր դնել: Երեկվա նիստին նման հայտարարություններ արեցին նաև ընդդիմադիրները:
Ամիսներ առաջ, երբ Աղազարյանը մերժեց մանդատը վայր դնելու վարչապետի հորդորը, նրան թիմակիցները հեռացրին կուսակցությունից ու խմբակցությունից: Մեղադրեցին կուսակցական փակ նիստերից արտահոսքեր կազմակերպելու, այդպես նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը վնասելու համար: Քրեական գործ էլ հարուցվեց՝ ենթադրյալ պետական գաղտնիք հրապարակելու հոդվածով:
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ կասկածվում է փողերի լվացման, դպրոցների ու մանկապարտեզների տարածքներն ապօրինի օտարելու համար: Տարոն Մարգարյանը և նրա թիմակիցները սա որակել են քաղաքական հետապնդում: Մարգարյանը հայտարարել է, որ «այս ամենն իմ դեմ արդեն 7 տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրվագն է՝ կեղծիքի ու փոքրոգության շքերթ»։