Մատչելիության հղումներ

Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից


Ազգային ժողովի նիստը, 27-ը մարտի, 2025թ.
Ազգային ժողովի նիստը, 27-ը մարտի, 2025թ.

Պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը կզրկվեն անձեռնմխելիությունից։ Ազգային ժողովը համաձայնություն տվեց գլխավոր դատախազի միջնորդություններին։

Իշխող թիմի նախկին անդամ Հովիկ Աղազարյանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությանը մասնակցել են միայն իշխանական պատգամավորները: 65-ը կողմ են քվեարկել, երկուսը՝ դեմ:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի դեպքում էլ 67 պատգամավոր կողմ է քվեարկել, դեմ կամ ձեռնպահ չկար: Անձեռնմխելիությունից զրկվելուց հետո պատգամավորներին մեղադրանք կառաջադրվի:

Մարտի սկզբին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երկու ծավալուն միջնորդություն էր ուղարկել խորհրդարան՝ ակնկալելով պատգամավորների համաձայնությունը ստանալ, որ Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին մեղադրանք առաջադրեն:

Աղազարյանին առնչվող քրեական գործով կասկածներ կան, որ պատգամավորը խոշոր չափի կաշառքի դիմաց խոստացել է կազմակերպել մանր եղջերավորների արտահանումը առանց կարանտինի: Աղազարյանը պնդում է, թե ինքն անօրինական ոչինչ չի արել, պարզապես իրեն մանդատից զրկելու հարցը Նիկոլ Փաշինյանի օրակարգում է, և որ սա հենց վարչապետի հրահանգով է արվում:

Ամիսներ առաջ, երբ Աղազարյանը մերժեց մանդատը վայր դնելու վարչապետի հորդորը, նրան թիմակիցները հեռացրին կուսակցությունից ու խմբակցությունից: Մեղադրեցին կուսակցական փակ նիստերից արտահոսքեր կազմակերպելու, այդպես նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը վնասելու համար: Քրեական գործ էլ հարուցվեց՝ ենթադրյալ պետական գաղտնիք հրապարակելու հոդվածով:

Սերժ Սարգսյանի կուսակից Տարոն Մարգարյանին առնչվող քրեական գործն էլ վերաբերում է Երևանում մանկապարտեզների ու դպրոցների տարածքների ապօրինի օտարման դեպքերին:

Մարգարյանը հայտարարել է, որ «այս ամենն իմ դեմ արդեն 7 տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրվագն է՝ կեղծիքի ու փոքրոգության շքերթ, որի միակ նպատակը ինձ ու ընկերներիս մեր արդար պայքարից հետ պահելն է»։

Քրեական գործը Մարգարյանը շինծու է որակել:


XS
SM
MD
LG