Ազգային ժողովը հերթական քառօրյա նիստն է գումարել, օրակարգում նաև իշխանական նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանին ու ընդդիմադիր պատգամավոր Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն է։
Մարտի սկզբին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր երկու ծավալուն միջնորդություն ուղարկել խորհրդարան՝ ակնկալելով պատգամավորների համաձայնությունը ստանալ, որ Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին մեղադրանք առաջադրեն:
Աղազարյանին առնչվող քրեական գործով կասկածներ կան, որ պատգամավորը խոշոր չափի կաշառքի դիմաց խոստացել է կազմակերպել մանր եղջերավորների արտահանումը առանց կարանտինի: Աղազարյանը պնդում է, թե ինքն անօրինական ոչինչ չի արել, պարզապես իրեն մանդատից զրկելու հարցը դեռ Նիկոլ Փաշինյանի օրակարգում է:
Ամիսներ առաջ, երբ Աղազարյանը մերժեց մանդատը վայր դնելու վարչապետի հորդորը, նրան թիմակիցները հեռացրին կուսակցությունից ու խմբակցությունից: Մեղադրեցին կուսակցական փակ նիստերից արտահոսքեր կազմակերպելու, այդպես նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը վնասելու համար: Քրեական գործ էլ հարուցվեց՝ ենթադրյալ պետական գաղտնիք հրապարակելու հոդվածով, բայց մինչ օրս այս գործով տեղաշարժ չկա:
Սերժ Սարգսյանի կուսակից Տարոն Մարգարյանին առնչվող քրեական գործն էլ վերաբերում է Երևանում մանկապարտեզների ու դպրոցների տարածքների ապօրինի օտարման դեպքերին:
Մարգարյանը նախօրեին հայտարարել է, որ «այս ամենն իմ դեմ արդեն 7 տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրվագն է՝ կեղծիքի ու փոքրոգության շքերթ, որի միակ նպատակը ինձ ու ընկերներիս մեր արդար պայքարից հետ պահելն է»։
Քրեական գործը Մարգարյանը շինծու է որակել ու հայտարարել․ - «Մեկ է՝ գործը «կարելու» հրամանը տրված է, իսկ քվեարկությունը զուտ ձևական բնույթ է կրում։ Ուստի, կոչ եմ անում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներիս որևէ կերպ չմասնակցել այդ կրկեսին»։
Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունը գաղտնի է: Պատգամավորների մեծամասնությունը պետք է կողմ քվեարկի, իշխող թիմի ձայները բավարար են: