Մատչելիության հղումներ

Հիսուսի արձանի վրա աշխատանքն ընթացքի մեջ է, թեև տեղադրման վայրի հարցում դեռ հստակություն չկա


Փրկչի արձանի փեշերը պատրաստ են. ոտնաթաթից մինչև ծունկ՝ մոտ 10 մետր արդեն կա։

Դավթաշեն վարչական շրջանի ծայրամասում է աշխատում Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի հաղթող քանդակագործը՝ Արմեն Սամվելյանը։ Քանդակագործն ու նրա հետ աշխատող թիմը նկարահանում այս տարածքում արգելեցին, բայց ալյումինե Հիսուսը շողշողում է նաև հեռվից։

Փրկիչը 33 մետրանոց պիտի լինի, կտեղադրվի 44 մետրանոց պատվանդանի վրա։ 77 մետրանոց այս համալիրի գաղափարի հեղինակի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոստմամբ՝ աշխարհում ամենամեծն է լինելու։ Բայց թե որտեղ է լինելու, առայժմ պարզ չէ։

«Էդ հողերի աճուրդը պետք ա չեղյալ համարել։ Ընդհանրապես ընթացակարգերը բոլոր խախտվել են, և ներկայում էդ տարածքը որպես բնության հուշարձան, օտարման ենթակա չէր։ Ես ուղղակի ապշում եմ, ոնց մինչև հիմա դատախազությունը վարույթ չի ընդունել։ Որովհետև օրենքի կոպիտ խախտում ա տեղի ունեցել», - ասում է Հատիսի պաշտպանության նախաձեռնության խմբի անդամ Գարեգին Միսկարյանը։

Ի սկզբանե Հիսուսը պիտի վեր հառներ Հատիս լեռան գագաթին, որտեղ 8 ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը մեծ շուքով հիմնարկեք արեց, ու սկսվեց լայնածավալ շինաշխատանք։ Հետո պարզվեց, որ հողային լիցք են արել հնագույն ամրոցի միջնաբերդի վրա, բայց հողերն ու Հատիսի գագաթն արդեն Ծառուկյանի սեփականությունն էին։

Գարեգին Միսկարյան
Գարեգին Միսկարյան

«Հատիսի պաշտպանության նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունն այժմ զբաղվում է այդ աճուրրդների վիճարկմամբ։ Վարչական դատարան էին դիմել, հայցն այստեղ վարույթ չէին ընդունել։

«Մենք բողոքարկել ենք էդ որոշումն էլ, և վարչական վերաքննիչ դատարան ենք դիմել, որը վարույթ է ընդունել մեր բողոքը։ Հիմա քննության փուլում է», - փոխանցեց Միսկարյանը։

Հատիսի հնավայր ամրոցը պահպանվող հուշարձանների ցանկ դեռ չէր մտել, բայց նորահայտ հուշարձանների ցանկում էր, որ նույնպես, ըստ օրենքի պիտի պահպանվեր. Հատիսը նաև բնության հուշարձան է։ Ինչպե՞ս է ավագանին օտարել այդ հնավայրը, հարցնում է Միսկարյանը՝ հույսով, որ ի վերջո չեղյալ կհամարվի այդ որոշումը։

Ակունք խոշորացված համայնքի ղեկավարն ու ավագանին, հուշարձանների պահպանության կոտայքի մարզային ծառայողները շինարարության փուլում անակնկալի եկան։ Չգիտեին, որ այդտեղ՝ Հատիսի վրա, հնավայր կա։

Հիսուսի մոնումենտալ արձանի համար Հատիսի գագաթն ակտիվ նախապատրաստվում էր, վարչապետ Փաշինյանը գաղափարը դրական էր համարել։ ԿԳՄՍ ու Շրջակա միջավայրի նախարարությունները հանկարծ հիշեցին՝ բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը: Շինարարությունը կասեցվեց, քանի դեռ փորձաքննական եզրակացություններ ու թույլտվություններ չկան։

Փրկչի թեման սառեցվեց ամիսներով և ահա այս ամսվա սկզբին համագործակցության հուշագիր ստորագրվեց ԿԳՄՍ նախարարության ու «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև։

Իվետա Տոնոյան
Իվետա Տոնոյան

«Հիմնադրամը սեփական ֆինանսական միջոցների հաշվին իրականացնելու է ամրոցի հնագիտական պեղումների, ինչպես նաև ամրակայման և վերականգնման աշխատանքները։ Եվ ԿԳՄՍ նախարարությունը այդ ընթացքում ցուցաբերելու է մասնագիտական և գիտագործնական աջակցություն», - «Ազատությանը» փոխանցեց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նրա տեղեկացմամբ, մասնագիտական ուսումնասիրությունից հետո միայն կանդրադառնան արձանի տեղադրման տեխնիկական հարցին։ Այժմ շինաշխատանք էլ Հատիսում չի կատարվում. - «Մենք սպասում ենք հնագետներից և մասնագետներից բաղկացած խմբի ուսումնասիրությունների արդյունքին»։

«Եթե մասնագիտական եզրակացությունը կլինի, որ դա հնարավոր է վերականգնել, ամրակայել, ապա պետք է նաև իրականացվեն էդ աշխատանքները», - օրեր առաջ հայտարարել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ արդեն պեղումների համաձաձայնագիր կա, և հենց Հատիսի գագաթի ձյունը հալվի, հնագետների խումբը կսկսի աշխատել։

Հատիսի տարածքում 5 տարի առաջ էր հայ-իտալական արշավախումբը աշխատել ու փաստագրել բրոնզ-երկաթեդարյա հնավայրը հենց գագաթին։ Այդ խմբի ղեկավար Արթուր Պետրոսյանը դրական է համարում Հատիսի տարածքն ուսումնասիրելու, քարտեզագրելու այս նոր քայլը։ Միայն թե նա վստահ է, որ այն, ինչ արդեն ավերվեց Փրկչի արձանի անվան տակ, վերականգնել այլևս հնարավոր չէ, հնավայրն էլ հարմար վայր չէ արձանի համար։

Հատի՞սը, թե՞ մեկ այլ գագաթ։ Մի՞թե Դավիթաշենը կմնա Հիսուսի մոնումենտալ արձանի առաջին ու վերջին հասցեն՝ առանց միլիոնանոց տուրիստական հոսքերի։ Այս հարցերի պատասխանները դեռ չկան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG