Մատչելիության հղումներ

Երևանն իրեն հեռու է պահում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերից․ ՌԴ փոխարտգործնախարար


ՀԱՊԿ անդամ երկրների դրոշները
ՀԱՊԿ անդամ երկրների դրոշները

Հայկական կողմի հայտարարությունները վկայում են, որ Երևանն իրեն հեռու է պահում ՀԱՊԿ-ի բոլոր ձևաչափերից, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին։

Հարցին, թե հավանակա՞ն է, որ Հայաստանը մասնակցի ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը, Պանկինը պատասխանել է․ - «Հարցն ուղղեք հայկական կողմին։ Դատելով հայկական կողմի հայտարարություններից, այն այս փուլում զերծ է մնում տարբեր մակարդակներում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերով միջոցառումներին մասնակցելուց»:

Պաշտոնական Երևանը նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու մասին չի հայտարարել։

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը օրերս Մոսկվայում մասնակցել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների և ներկայացուցիչների հանդիպմանը։ «Ազատության» հարցին ի պատասխան Հայաստանի արտգործնախարարությունից ասել էին, որ ՀԱՊԿ աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։

Հայաստանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, վերջերս հրաժարվեց իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։

Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։

Այս տարվա սեպտեմբերին՝ Համաշխարհային հայկական երկրորդ գագթնաժողովի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար՝ հավելելով՝ դրա համար է Երևանը սառեցրել իր անդամակցությունն այդ կառույցում։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հոկտեմբերին Վարշավայում, անվտանգության միջազգային ֆորումի ժամանակ, ասաց, որ Երևանը հաշվարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու բոլոր ռիսկերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG