Մատչելիության հղումներ

Հեռակա բանավեճ՝ Գյումրիի նախկին քաղաքապետի ու «ԴՕԿ» կուսակցության ղեկավարի միջև


Գյումրի քաղաքը, արխիվ
Գյումրի քաղաքը, արխիվ

Գյումրիում նախընտրական մթնոլորտն աստիճանաբար թեժանում է: Թեև դեռ ո՛չ ընտրության օր է պաշտոնապես նշանակած, ո՛չ հայտնի է՝ քանի ուժ է ի վերջո մասնակցելու արտահերթին, բայց արդեն սկսել են իրարից հաշիվ պահանջել՝ առայժմ հեռավար:

Առաջին վեճը ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած երկու Վարդան Ղուկասյանների միջև է՝ «ԴՕԿ» կուսակցության ղեկավարի ու Գյումրիի նախկին քաղաքապետի։

Վերջինս «Ազատությանն» ասել էր, որ մարտի վերջին կայանալիք արտահերթ ընտրություններում կոմունիստների ցուցակն է գլխավորելու։

Իր հայհոյախառն, շանտաժային բնույթի տեսանյութերով հայտնի «ԴՕԿ» կուսակցության ղեկավարը տարակուսած է, թե ինչպես է եկեղեցու հետևորդը առաջադրվում Կոմկուսի ցուցակով:

«ԴՕԿ» կուսակցության ղեկավարը մեղադրվում է խոշոր գումարի շորթման, բռնության հրապարակային կոչերի համար, նրա նկատմամբ միջազգային հետախուզում կա ու չնայած սոցցանցային ակտիվությանը, իրավապահները մինչ օրս չեն հայտնաբերել նրան։

Գյումրիի նախկին քաղաքապետը մեղադրյալ է փողերի լվացման ու պաշտոնական կեղծիքի հոդվածներով, նաև ապօրինի գույքի բռնագանձման գործով է անցնում, խափանման միջոցը չբացակայելու ստորագրությունն է։

Հիմա մի Վարդան Ղուկասյանը մեղադրում է մյուսին, թե նախկին քաղաքապետը գործարքի մեջ է մտել իշխանությունների հետ։ Նպատակն էլ, որ իր ու իր մերձավորների դեմ հարուցված քրեական գործերը ջրվեն ու ընտրություններից հետո միանա «Քաղաքացիական պայմանագրին»։ Անգամ ժամանակ է տվել ու առաջարկել՝ եթե չկա նման բան, ապա թող Աստվածաշնիչ կամ Կտակարանի վրա երդվի:

Գյումրիի նախկին քաղաքապետի արձագանքը շատ չուշացավ, նա էլ Ֆեյսբուքի իր էջում մի տեսանյութ տեղադրեց. խաչերով ու սրբապատկերներով շրջապատված Ղուկասյանը Աստվածաշնչի վրա չերդվեց, փոխարենը հարցը փակեց տղամարդու խոսքով. - «ՔՊ-ի հետ ճանապարհ գնալու ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ իմ բարոյականությունն ու իմ ապրած կյանքը ինձ թույլ կտան»:

Քաղաքական խաղեր տալը նա բացառեց. - «Չի եղել մի բան, որ ասեմ ու ինչ-որ խաղեր տամ, քաղաքականությունն է էդպես պահանջում, մյուսն էդպես է պահանջում»:

Գյումրիի արտահերթ ընտրությունների մասնակիցների պատկերը դեռ պարզ չէ, իշխող ՔՊ-ից, Վարդան Ղուկասյաններից բացի մասնակցելու մտադրություն ունեն արտախորհրդարանական «Հանուն Հանրապետության», «Ապրելու երկիր» կուսակցությունները, մյուս ուժերը դեռ լռում են։

Մինչ այդ «ԴՕԿ» կուսակցության ղեկավարի հետ հեռակա բանավեճի մեջ մտած Գյումրիի նախկին քաղաքապետը հայտնի մուլտի Լիոպոլդ կատվի խոսքերով է համերաշխության կոչ անում. - «Ես ասում եմ՝ ребята давайте жить дружно»:

XS
SM
MD
LG