Հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները որոշել են սահմանազատումը շարունակել հյուսիսից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ:
Մեկնարկն, ըստ քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի, տրվելու է հայ-վրացա-ադրբեջանական միակ հատման կետից՝ Պապաքար բարձունքից, հետո արդեն ըստ նկարագրվածի շարունակվելու է հայ - ադրբեջանական ողջ սահմանով՝ հյուսիսից հարավ:
«Սա նշանակում է, որ հիմա սկսելու են Տավուշից և շարժվելու են հարավ, մինչև հասնեն Արաքս գետը: Այսինքն՝ առաջին փուլում դա Տավուշն է, ու բավականին երկար գործընթաց է, տարիների գործընթաց է: Հետևաբար՝ այն տարածքները, որ գրավել է Ադրբեջանը 2021-22 թվականներին՝ Վարդենիս, Ջերմուկ և այլ հատվածներում, դրանք մնում են ապագային՝ ապագա գործընթացին, այսինքն՝ Ադրբեջանը թողնում է որոշակի ժամանակային, այսպես ասած, հատված՝ ապագայում նաև այդ հարցերի շուրջ բանակցելու, Հայաստանի վրա հավելյալ ճնշում գործադրելու», - «Ազատությանն» ասաց Մելիսքեթյանը:
Համաձայնությունը ձեռք է բերվել այսօր՝ երկու երկրների փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ սահմանազատման հանձնաժողովների 11-րդ համատեղ նիստում: Հայաստանն, ըստ քաղաքագետի, 1990-ականներից տարածքային կորուստներ ունի նաև Տավուշում. - «Հիմա, եթե շարունակվի այս գործընթացը, արդեն Հայաստանին վերադառնալու են, օրինակ, Բարեկամավան գյուղի, Կոթի գյուղի հատվածները, Պառավաքար, Վազաշեն՝ դրանք բավականին խոշոր տարածքներ են»:
Իսկ եթե սկսելու են Պապաքար բարձունքից, այստեղ, քաղաքագետն ասում է՝ պետք է ներգրավվի նաև վրացական կողմը: Սահմանազատումից հետո էլ արդեն պետք է եռակողմ պայմանագիր կնքվի՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև:
«Այդտեղ Ադրբեջանը դիրքավորվել էր նաև Վրաստանի տարածքում, ասինքն՝ իրենք այդտեղ խախտել էին Վրաստանի տարածքը և դիրքեր էին կառուցել, ու հետևաբար սա Վրաստանի համար նաև լավ լուր է ու նաև հետագա հայ-վրացական սահմանազատման համար լավ լուր է, որովհետև կարելի է նույն ուղղությամբ շարունակել, այսինքն նաև՝ Ադրբեջանի հետ՝ դեպի հարավ, Վրաստանի հետ՝ դեպի արևմուտք», - ասաց Սամվել Մելիքսեթյանը;
Նրա խոսքով՝ Տավուշի հատվածում գուցե տարիներ տևի սահմանազատումը, այնտեղ խնդիրները բազմաթիվ են, ենթակառուցվածքների մասով՝ հատկապես, կառաջանան նաև տարածքային փոփոխությունների հարցեր:
«Եթե շարունակեն նույն տրամաբանությամբ, ինչ եղավ Կիրանցում, նշանակում է, որ այդ գյուղերը կորուստներ են ունենալու, բայց դա վատ սկզբունք է: Ու այն, որ Ադրբեջանը ընտրել է Տավուշը, ենթադրում եմ, որ այդ մոտեցումը փոխվելու է, և հնարավորություն կլինի լուծել այդ հարցերը ևս; Այսինքն՝ այնտեղ, որտեղ հայկական գյուղերն ունեն տրանսպորտային, կոմունիկացիոն այլ խնդիրներ, հողատարածքներ, այդ տարածքները մնան հայկական գյուղերին, որտեղ ադրբեջանականն ունեն, մնան ադրբեջանական գյուղերին», - ասաց քաղաքագետը:
Անցած գարնանը Երևանն ու Բաքուն մոտ 12 կիլոմետր սահմանազատեցին Տավուշի ու Ղազախի հատվածներում, հայկական կողմը նախկին ադրբեջանական չորս գյուղ վերադարձրեց Ադրբեջանին։ Այն ժամանակ Հայաստանի վարչապետը դա պիլոտային սահմանազատում էր անվանել, գործընթացը տեղի ունեցավ նախքան սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հաստատումը։
Հայ - ադրբեջանական սահմանը մոտ 1000 կմ է։ Այսօր նկարագրված հատվածները, ըստ Սամվել Մելիքսեթյանի, ներառում են շուրջ 700 կմ։