Մատչելիության հղումներ

ԼՂ նախկին պաշտոնյաները մեղադրում են Փաշինյանին «արցախատյացության կարկառուն դրսևորումների» մեջ


Արցախի և Հայաստանի դրոշները
Արցախի և Հայաստանի դրոշները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի կողմից ազդարարեց արցախցիների բնակարանային ծրագրի մեկնարկը, մյուս կողմից՝ զգուշացրեց՝ կառավարությունը թույլ չի տա Լեռնային Ղարաբաղի, ինչպես ինքը ձևակերպեց, «կղերաֆեոդալական էլիտան ժողովրդին օգտագործի կլանային նպատակների համար»: Թե ինչն էր Նիկոլ Փաշինյանի վրդովմունքի պատճառը, չբացատրեց։

«Մենք շատ համբերատար ենք, շատ հանդուրժող ենք, մեր սերը չենք թաքցնում, բայց որևէ մեկը սա չպետք է շփոթի, իշխանության թուլություն չպետք է ընկալի և գնահատի: Ես երեկ Ազգային ժողովի ամբիոնից էլ առիթ ունեցա սա ասելու, ես հույս ունեմ, որ այս ուղերձների հասցեատերերը կընդունեն այս ուղերձները և չեն հասցնի նրան, որ մենք, ինչպես ասում են, առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով», - հայտարարեց նա։

Իսկ խորհրդարանի ամբիոնից վարչապետը նախորդ օրերին հայտարարում էր. - «Ձեզ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 98 թվականից հետո պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար, այսօր իրենց բերել եք որպես ցույցի մատերիալ՝ 5000 դրամով ցույցերի բերելու համար»։

Բաքվի բանտերում գտնվող արցախյան էլիտային անվանելով «վախկոտ դասալիքներ» և նրանց մեղադրելով Լեռնային Ղարաբաղի հայաթափման համար՝ Նիկոլ Փաշինյանը նաև պնդում էր, թե Ղարաբաղի իշխանությունը հայաստանյան ընդդիմադիր շրջանակների հետ մարդկանց այնտեղից դուրս է բերել Հայաստանում ներքաղաքական գործընթացներին ներգրավելու նպատակով:

Երեկ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն է պատասխանել Նիկոլ Փաշինյանին, հիշեցրել, թե ինչ իրավիճակ էր այդ օրերին Լեռնային Ղարաբաղում, երբ գրեթե մեկ տարվա ադրբեջանական բլոկադային հաջորդեց ռազմական հարձակումը. - «Արցախցիները դիմացել են 32 տարի, և 7 տարեկանից բարձր ցանկացած արցախցի երեխա տեսել է 3 լայնածավալ պատերազմ։ Ինչ կապված է վերջին գործողությունների հետ, ես իմ ելույթներում նշել եմ, որ ժամեր անց մենք հասկացել ենք, որ մենք մենակ ենք, և դիմադրել 1/12 հարաբերությամբ Ադրբեջանի զինված ուժերին հնարավոր չէր, և պետք էր փրկել կյանքեր»։

Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի գնահատմամբ, արցախատյացության համակարգված մոտեցման մասին են վկայում, իսկ դրա կարկառուն դրսևորումների հեղինակը երբեմն հենց Նիկոլ Փաշինյանն է:

«Դա չի վերաբերում միայն արցախյան էլիտային։ Լավ, էլիտան իր սխալներով հանդերձ, տարբեր անձինք իրենց անցած դրական, բացասական ճանապարհն ունեն, բայց ընդհանրապես Արցախի նշանակությունը հայ ժողովրդի համար, Հայաստանի համար պարբերաբար, անընդհատ նվաստացվում է, իջեցվում է՝ դրանով, իհարկե, թիրախավորելով նաև արցախցիներին, վիրավորելով արցախցիներին, ընդ որում ոչ միայն արցախցիներին, նաև հայ ժողովրդի մի ստվար հատվածի, ում համար Արցախն ինքնության կարևոր հենասյուներից մեկն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Ընդ որում՝ ըստ Արտակ Բեգլարյանի ատելության և անհանդուրժողականության դրսևորումներ Հայաստանի վարչապետի ու նրա թիմակիցների կողմից նկատվել են տարբեր փուլերում: Այդպիսի մի դրվագ էլ, օրինակ, Լեռնային Ղարաբաղի շրջափակման օրերին առաջին տիկին Աննա Հակոբյանի հրապարակած բանջարեղենով լի զամբյուղի շուրջ եղավ, երբ սովի մատնված արցախցիներին դա վիրավորել էր, իսկ Նիկոլ Փաշինյանին զայրացրել մարդկանց քննադատությունը:

Այժմ էլ արցախցիներին «ցույցի մատերիալ» անվանելով կառավարության ղեկավարը կրկին վիրավորում է նրանց, ասում է Արտակ Բեգլարյանը, առաջարկում Նիկոլ Փաշինյանին ամեն դեպքում զսպվածություն ցուցաբերել. - «Իշխանության ներկայացուցիչները չպետք է լրացուցիչ տուրք տան, նույնիսկ եթե որոշակի, այպես ասած, հիմքեր կան, չպետք է տուրք տան ատելության խոսքին, անհանդուրժողականության խոսքին, իսկ Նիկոլ Փաշինյանի մոտ միշտ արտահայտվում են նմանատիպ դրսևորումներ, որը ես ցավում եմ. երկրի ղեկավարը չպետք է նմանատիպ վարք թույլ տա»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս և մյուս մեղադրանքներին Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը խոստացել է առավել մանրամասն անդրադառնալ առաջիկայում:

XS
SM
MD
LG