Մատչելիության հղումներ

Հաշմանդամության գնահատման նոր համակարգում միջավայրի գործոնը չի դիտարկվում. դատարանը դա ոչ իրավաչափ է համարել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Եթե կինը մի օր չկարողանա ամուսնուն՝ Ապավեն Բեգլարյանին օգնել, ապա 20 տարի սայլակով տեղաշարժվող տղամարդը ոչ աշխատանքի կգնա, ոչ էլ տնից դուրս կգա: Բազմահարկ շենքի 7-րդ հարկում են ապրում, խնդիրները սկսվում են հենց մուտքից՝ թեքահարթակը կա, բայց վտանգավոր է, վերելակի դռները, միջանցքները նեղ են: Ստիպված կինն է սայլակին նստած ամուսնու համար վերելակի դռները բաց պահում, որ նա կարողանա ներս մտնել, աստիճաններով բարձրացնում, իջեցնում ու անգամ մինչև 7-րդ հարկ հասցնում, երբ վերելակն է փչանում։

«Թեքահարթակից չօգտվեցի, քանի որ ինքը չի համապատասխանում չափորոշիչներին՝ շատ թեք է, էստեղ առնվազն պետք է լինես կասկադյոր: Չափերով նեղ է, ու իմ սայլակը տեղ էլ չի անի, որպեսզի ես այնտեղով բարձրանամ կամ իջնեմ», - «Ազատությանն» ասաց Ապավեն Բեգլարյանը:

Մշտական աջակցության կարիք ունեցող մարդկանց պետությունն անձնական օգնական է տրամադրում, հաճախ հենց ընտանիքի անդամն էլ կարող է լինել այդ օգնականը: Որպեսզի ծրագրից օգտվեր, 44-ամյա տղամարդը նոր փորձաքննություն է անցել: Նոր համակարգով հաշմանդամության իր ծանր կարգը փոխվել է ավելի թեթևի, թոշակն էլ՝ 111 հազար դրամից իջել 65 հազարի, մտավախություն ունի, որ մի շարք այլ արտոնություններից էլ կզրկվի. - «Իմ կարգի թոշակի հետ միաժամանակ իջավ արդեն: Եթե Միասնական սոցիալական ծառայությունը հաշվի առներ կոնկրետ իմ էս անմատչելի միջավայրի բաները, ինձ թվում է՝ բալլերս ավելի կբարձրանար»:

Թե միջավայրը որքանով է հարմար հաշմանդամություն ունեցող մարդուն կամ ինչպես է նպաստում նրա խնդիրների բարդացմանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գնահատման նոր համակարգով չի դիտարկում: Վարչական դատարանը սա ոչ իրավաչափ է ճանաչել, վճռել, որ հաշմանդամության խումբը որոշելիս պետք է հաշվի առնվի նաև միջավայրի գործոնը։

Ինչպե՞ս է սոցապնախարարությունը կատարելու դատարանի այդ որոշումը, արդյո՞ք հաշմանդամության խմբերը գնահատող նոր համակարգում փոփոխություն կարվի, կվերանայվե՞ն արդյոք այն քաղաքացիների հաշմանդամության խմբերը, որոնք արդեն ստուգվել են նոր որոշմամբ։ Նախարարությունը առհասարակ հրաժարվում է այս թեմայով որևէ հարցերի պատասխանել։

Իսկ սոցապնախարարությանը դատի էր տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը՝ խնդրահարույց համարելով մարդու ֆունկցիոնալության գնահատման նոր մեթոդը։ Դատարանը նրանց պահանջը մասնակի է բավարարել, իսկ որ անձի ֆունկցիոնալությունը գնահատելիս նախարարությունը չի դիտարկում միջավայրային գործոնները, ՀԿ-ի ղեկավար Մուշեղ Հովսեփյանն ասում է՝ դատարանում են իմացել:

«Նախարարությունը պիտի փոխի բանաձևը և այդ բանաձևում պիտի ամրագրի միջավայրային գործոնները: Եվ դատարանը առանձին նշում է նաև, որ ընդունելի չէ նախարարության այն փաստարկը, որ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կմեծանա միջավայրային գործոնները հաշվի առնելու դեպքում: Նշում է նաև, որ նախարարության փաստարկներից մեկն այն էր, որ դժվար է գնահատել միջավայրային գործոնները, այդ թվում՝ վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ, մինչդեռ դատարանը ասում է՝ որքան էլ դժվար լինի, միևնույն է, օրենսդիրը ասել է, որ հաշմանդամությունը առողջական խնդիրներ ունեցող անձանց և միջավայրի փոխազդեցության արդյունք է, գործադիրը չէր կարող դա շրջանցել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հովսեփյանը:

ՀԿ-ն նաև պնդել էր՝ հրապարակել այն բանաձևը, որով հազարավոր մարդիկ կրկին փորձաքննություն են անցնում, ու նախորդ մեթոդով ստացած հաշմանդամության իրենց խմբերը փոխվում է կարգերի՝ ըստ հավաքած բալլերի: Այս պահանջը դատարանը մերժել է, Մուշեղ Հովսեփյանն ասում է՝ իրենք կբողոքարկեն. - «Կոռուպցիոն ռիսկերը ներքևի մակարդակից բարձրացրել է նախարարությունը վերև, և բանաձևը պարբերաբար փոխելու հնարավորություն ունենալով՝ նախարարությունը կարող է վերահսկելի դարձնել, խիստ կարգավորելի դարձնել հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը, բայց որը չի բխում հաշմանդամություն ունեցող մարդկանց շահերից: Այսինքն՝ դա չի փոխում իրականությունը, հաշմանդամություն ունեցող մարդկանց գոյությունը դրանից չի փոխվում, այլ ուղղակի փոխվում է նրանց ստացած աջակցությունը»:

2023-ից գործող գնահատման նոր համակարգով՝ նախկին 1-ին խումբը ֆունկցիոնալության խորը սահմանափակումն է, 2-րդը՝ ծանր, 3-րդը՝ միջին: Այս նոր համակարգով որոշվում է մարդու հաշմանդամության ոչ թե խումբը, այլ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը: Գնահատման հիմքում ոչ միայն մարդու բժշկական ախտորոշումն է դիտարկվում, այլև նրա ֆունկցիոնալ հնարավորությունները: Ինչո՞ւ, ինչպե՞ս, հարցնում է Մուշեղ Հովսեփյանը:

«Գնահատման պահից 10 օր անց կարող է մարդը ամբողջությամբ այլ իրավիճակում առողջական լինել: Կարևոր են գնահատման պահին եղած իրողությունները, այդ թվում՝ միջավայրային արգելքները», - ընդգծեց նա:

Հայաստանում գրանցված է հաշմանդամություն ունեցող շուրջ 174 հազար մարդ, որոնցից ավելի քան 8 հազարը հենց առաջին կարգի՝ ծանր հաշմանդամություն ունի: Այս մեկուկես տարվա ընթացքում նոր մեթոդով առաջին անգամ փորձաքննություն է անցել գրեթե 40 հազարը։

Իսկ 44-ամյա Ապավենը, որի համար սայլակով տնից դուրս գալը մի մեծ պատմություն է, ասում է՝ իր առողջական վիճակում ոչինչ դեպի լավը չէր փոխվել, բայց հաշմանդամության իր ծանր խումբն ավելի թեթև էին գնահատել: «Քանի գնում է ավելի է վատանում մեր վիճակը, ավելի է բարդանում: Կոնկրետ էս 20 տարվա մեջ արդեն ես չորս անգամ վիրահատություն եմ տարել», - ասաց նա:

«Ազատության» նկարահանումից մեկ օր անց Բեգլարյանը զանգահարեց ու պատմեց, որ երրորդ անգամ բողոքարկելուց հետո իրեն հաշմանդամության իր նախկին խումբ են վերադարձրել: Հույս ունի, որ եկող ամիս արդեն ոչ թե 65 հազար, այլ իր նախկին թոշակը՝ 111 հազարը կստանա։

XS
SM
MD
LG