Մատչելիության հղումներ

Հաշմանդամության կարգ ստանալը փոխվել է․ շահառուները դժգոհ են, ՀԿ-ն Սոցապին դատի է տվել


37 տարի սայլակով տեղաշարժվող Արմեն Ալավերդյանն անհանգստացած է՝ եթե դիմի Սոցապ նախարարություն՝ աջակցող որևէ սարք, օրինակ, քայլակ կամ հենակ ստանալու համար՝ գուցե զրկվի հաշմանդամության իր առաջին խմբից:

Աշխատանքային ստաժը ներառյալ՝ ամսական շուրջ 60 հազար դրամ թոշակ է ստանում: Ասում է՝ եթե 3 տասնամյակ իր հաշմանդամության կարգը համարվել է անժամկետ ու ինքը դեռ սայլակով է տեղաշարժվում, առողջական վիճակում ոչ մի դրական փոփոխություն չկա, չի քայլում, ապա ինչո՞ւ պետք է նորից փորձաքննություն անցնի՝ դա հաստատելու համար:

Կառավարության անցած շաբաթվա որոշմամբ ամբողջությամբ ուժի մեջ է մտել փոփոխված օրենքը։ Ըստ այդմ՝ նախկին մեթոդով հաշմանդամության առաջին, երկրորդ և երրորդ կարգ ստացած քաղաքացիները հիմա պետք է նոր մեխանիզմով գնահատվեն: Այս անգամ, ոչ թե դիագնոզով է պայմանավորվելու նրանց հաշմանդամության կարգը, այլ հիմքում դրվելու է մարդու ֆունկցիոնալության հարցը: Աջակցող սարքերն էլ տրամադրվելու են ըստ կարիքի:

«Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը նկատում է՝ թվում է՝ լավ բարեփոխում է, ծառայությունների ցանկն ընդլայնվում է, բայց՝ «չգիտես ինչու պետք է նորից անցնել գնահատումը, նորից ապացուցել, որ դու հենց խորը կամ առաջին խմբի հաշմանդամություն ունես»:

«Ես գտնում եմ, որ դա խախտում է մի քանի սկզբունք. առաջինը, որ օրենքը հետադարձ ուժ չունի, ինչքանով հաճելի է մարդկանց, որոնք տարիներ շարունակ կարգավիճակի հետ համակերպվել են, փորձել են կարգավորել են, փորձել են կարգավորել իրենց կյանքը, որոշ ծառայություններից ստացել է պետությունից, հանկարծ էդ ամեն ինչը կասկածի տակ դնել: Եվ երրորդը՝ պիլոտային փորձը փորձը ցույց տվեց ֆունկցիոնալ գնահատման, որ առաջին խումբ գրեթե ոչ մեկին չեն նշանակում», - ասաց Ալավերդյանը:

Առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները՝ նոր մեթոդով խորն ու ծանր սահմանափակումներով մարդիկ՝ գրեթե նույն արտոնություններն ունեն: Առաջինի դեպքում թոշակը 50 հազար 600 դրամ է, երկրորդինը՝ 41 հազար 400։ Ալավերդյանն ասում է՝ սա միակ կայուն գումարն է, որ ինչ էլ պատահի, գիտի յուրաքանչյուր ամիս կստանա: Իր պես շատերին է ճանաչում, որոնց համար խնդիր է և՛ կարգի փոփոխությունը, և՛ տարբեր արտոնություններից զրկվելը, թեև դրանք էլ կատարյալ չի համարում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն արդեն դատի է տվել նախարարությանը, վիճահարույց են համարում մարդու ֆունկցիոնալության գնահատման նոր մեթոդը։ Գործը դեռ չի էլ քննվել։

Կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանն ահազանգել էր՝ հաշմանդամության անժամկետ կարգ ունեցող մարդիկ նոր փորձաքննության դեպքում կարող են զրկվել դրանից։ Հարցրեցինք՝ գուցե այս նոր մեթոդով պետությունը փորձո՞ւմ է մաքրել ցանկերն ու թողնել միայն այն մարդկանց, որոնք իսկապես հաշմանդամություն ունեն:

«Որոշում կայացնողները մոռացել են նկատել, որպեսզի մարդն այս նոր համակարգ մուտք գործի իրենց նոր կագրավորմամբ, պետք է դիմի ծառայությունների անհատական ծրագիր ստանալու համար: Եթե մարդը կեղծ փաստաթղթերով է ու չունի իրենց ասած հաշմանդամությունը, ապա ինչո՞ւ պետք է դիմի ծառայությունների անհատական ծրագրի համար՝ սայլակ ձեռք բերելու համար ինչո՞ւ պետք է մարդը դիմի, հետևաբար կստացվի, որ այն մարդը, ով կեղծ փաստաթղթերով է ստացել իր հաշմանդամությունը, չի դիմի որևէ բանի ու կշարունակի ստանալ իր հաշմանդամության նպաստը կամ օգտվել այդ ծառայություններից», - նշեց Հովսեփյանը:

Հայաստանում գրանցված է շուրջ 174 հազար հաշմանդամություն ունեցող մարդ, որոնցից ավելի քան 8000-ը՝ հենց առաջին կարգի հաշմանդամություն ունի, այսինքն՝ նախորդ մեթոդով նրանց տրամադրված այդ կարգն անժամկետ է, գնահատման նոր համակարգով՝ ոչ, ավելին՝ հնարավոր է, որ փոխվի նրանցից շատերի խումբը: Որքանո՞վ են տեղին այս մտահոգությունները՝ Սոցիալական հարցերի նախարարությունն առայժմ լռում է՝ առաջարկելով հարցերն ուղարկել գրավոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG