Մատչելիության հղումներ

Սոցապ նախարարությունը դատարանում չընդունեց հաշմանդամության կարգ ստանալը փոխելու դեմ ՀԿ-ի բողոքը


37 տարի անվասայլակով տեղաշարժվող Արմեն Ալավերդյանը դեռ չի դիմել Սոցապ նախարարություն: Կասկածները չեն փարատվում, որ նոր համակարգով ստուգվելու դեպքում, հաշմանդամության իր առաջին կարգից չի զրկվի:

Ալավերդյանն ասում է՝ եթե մինչև այսօր չի քայլում, վաղը դժվար ոտքի կանգնի: Իսկ առաջին կարգը ենթադրում է սոցիալական աջակցության մի շարք ծրագրերից օգտվելու հնարավորություն: Առաջինի դեպքում, ամսական հատկացվող թոշակը 50 հազար 600 դրամ է, երկրորդինը՝ 41 հազար 400:

«Շատ մեծ ռիսկ կա, որ եթե ես չանցնեմ այդ նոր փորձաքննությունը, էդ ֆունկցիոնալության գնահատումը, ես կարող եմ զրկվել եթե ոչ բոլոր, ապա բավականին լուրջ ծառայություններից, ընդհուպ մինչև սալյակ ստանալու հնարավորությունից», - ասաց նա:

Անցած տարվանից գործող գնահատման նոր համակարգով, նախկին 1-ին կարգը ծանր խումբն է, 2-րդը՝ միջին, 3-րդը՝ թեթև: Այս նոր համակարգով որոշվում է մարդու հաշմանդամության ոչ թե կարգը, այլ խումբը: Գնահատման հիմքում ոչ թե մարդու բժշկական դիագնոզն է դիտարկվում, այլ նրա ֆունկցիոնալ հնարավորությունները:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի նախագահ Մուշեղ Հովսեփյանն ասում է՝ գնահատման նոր համակարգից դժգոհ մարդիկ իրենց են դիմում, որ հասկանան՝ ինչպե՞ս է համակարգը որոշել, որ իրենք, օրինակ, զրկվում են նախորդ կարգից ու ավելի թեթև խմբում հաշվառվում: ՀԿ-ի մասնագետներն էլ չունեն այդ հարցի պատասխանը, Սոցապ նախարարությունը չի հրապարակում գնահատման այդ բանաձևը: Հարցի պատասխանը ստանալու համար հասարակական կազմակերպությունը նախարարությանը դատի է տվել: Դատական արդեն 5-րդ՝ վերջին նիստում էլ ՀԿ-ն այս հարցի պատասխանը չստացավ:

Նախարարության ներկայացուցիչները դատարանում չընդունեցին ՀԿ-ի պնդումները, թե նախարարության այս գործողությունը՝ նոր համակարգի բանաձևի գաղտնի պահելը, հաշմանդամություն ունեցող անձանց համար օրենքով պաշտպանվելու անհավասար պայմաններ է ստեղծում, ինչն էլ իր հերթին խտրական վերաբերմունք է: Ավելին՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ» Աննա Հակոբյանն ասաց՝ հաշմանդամության խումբը որոշող՝ Հայաստանի այս նոր համակարգն իր օբյեկտիվությամբ հետաքրքրել է անգամ Լատվիային, Լիտվային, Էստոնիային ու Չեխիային: Իսկ պետական քաղաքականությունն, ըստ պաշտոնյայի, օբյեկտիվ գնահատման համակարգ ունենալն է, չհաշվարկված հատկացումներ անելու կամ հաշմանդամության թիվը բարձրացնելու փոխարեն պետությունը փորձում է ծառայությունները զարգացնել: Հետևաբար բանաձևի չհանրայնացնելը ճիշտ որոշում են համարում:

«Չի կարելի այս բանաձևը համադրել սոցիալական պաշտպանության ոլորտի այլ բանաձևերի հետ: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը, եթե մի դեպքում դրա հանրայնացնելը, նպաստի դեպքում տուն այց կատարել ու գնահատել նյութատեխնիկական ունեցվածքը մեկ բան է և մեկ այլ բան է, երբ որ մարդու առողջությունն է գնահատվում, կենսագործունեությունը, և հենց առաջին հերթին դրա չհանրայնացնելը բխում է հենց հաշմանդամություն ունեցող անձի շահերից», - ասաց Աննա Հակոբյանը:

Հայաստանում գրանցված է շուրջ 174 հազար հաշմանդամություն ունեցող մարդ, որոնցից ավելի քան 8000-ը՝ հենց առաջին կարգի՝ ծանր հաշմանդամություն ունի: Այս 1.5 տարվա ընթացքում, նոր մեթոդով առաջին անգամ փորձաքննություն է անցել շուրջ 39 հազար 500 մարդ, նրանցից ավելի քան 19 հազարը հաշմանդամության այս կամ այն խմբում է ներառվել։

Պաշտոնական հրապարակված վիճակագրություն չկա այն մասին, թե քանիսի դեպքում է հաշմանդամության խումբը փոխվել։ Իսկ գործող նոր համակարգի հաշվարկման մեխանիզմը պարզելու համար Սոցապ նախարարությանը դատարան հասցրած ՀԿ-ն կսպասի դատավորի վճռին։ Այն կհրապարակվի այս ամսվա վերջ, որից հետո նոր կհասկանան՝ ինչ անել:

XS
SM
MD
LG