Հարավային Կորեայի ընդդիմությունն իմփիչմենթի ենթարկեց նախագահ Յուն Սեոկ Յոլին՝ պատճառն անցած շաբաթ ռազմական դրություն մտցնելու նրա փորձն էր, հաղորդում է Reuters-ը։
Նախօրեին հաղորդվեց, որ Հարավային Կորեայի խորհրդարանական հիմնական ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը և հինգ փոքր ընդդիմադիր կուսակցությունները դարձյալ նախագահին իմպիչմենթի ենթարկելու գործընթաց են սկսել՝ նոր համատեղ նախագիծ ներկայացնելով։
Նախագիծը խորհրդարանը քննարկեց ուրբաթ օրը, իսկ քվեարկությունն այսօր էր։
Դեկտեմբերի 3-ին Յունի կարճատև ռազմական դրության հռչակումը քաղաքական քաոսի և մեծ բողոքի ալիք էր բարձրացրել՝ նրա հրաժարականի պահանջով։ Ռազմական դրությունը տևեց ընդամենը վեց ժամ, քանի որ Յունը ստիպված եղավ չեղարկել որոշումը, երբ Ազգային ժողովը միաձայն դեմ քվեարկեց:
Դեմոկրատական կուսակցությունը պնդում է, որ Յունի հրամանագիրը՝ հեղաշրջման փորձ էր: Յունը պաշտպանել է իր հրամանագիրը՝ հերքելով հեղաշրջման մեղադրանքները:
Ռազմական դրություն հայտարարելու, ապա ժամեր անց այն չեղարկելու նախագահի փորձից հետո ընդդիմադիրների՝ նախագահին անվստահություն հայտնելու առաջին փորձը ձախողվեց։ Նախագահին հեռացնելու համար ընդդիմադիրներին 200 ձայն էր հարկավոր, իսկ նախագահի կուսակցության պատգամավորներից՝ ընդամենը 8 ձայն։ Սակայն, իշխող «Ժողովրդի ուժի» պատգամավորները բոյկոտեցին քվեարկությունը և նախաձեռնությունը բավարար թվով ձայներ չստացավ: