Մատչելիության հղումներ

Հանրային ռադիոյի տնօրենի ընտրության դեմ հայցը վարույթ է ընդունվել


Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի շուրջ կրքերը չեն մարում, թեև ընտրված թեկնածուն մեկ ամսից ավելի է պաշտոնավարում է։ Մրցույթի մասնակիցներից Լուսինե Պետրոսյանի հայցը դատարանը վարույթ է ընդունել, ինչը նշանակում է, որ Արմեն Քոլոյանի թեկնածությունն ընտրելու` Հանրային հեռարձակողի խորհրդի որոշումը կարող է կասեցվել։

«Առաջին հայցապահանջը՝ անվավեր ճանաչել երկու որոշումները, այսինքն՝ մրցույթի արդյունքների՝ Քոլոյանին հաղթող ճանաչելու, և մյուսը՝ պարոն Քոլոյանին տնօրեն նշանակելու: Վիճարկվել են այս երկու վարչական ակտերը, և այդ վիճարկման մասով հայցը ընդունված է վարույթ: Դրա համար էլ ասում ենք, որ կասեցված է առաջին որոշումը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետրոսյանը:

Լուսինե Պետրոսյանը պահանջում է անվավեր ճանաչել մրցույթի արդյունքները և Քոլոյանին տնօրեն նշանակելու որոշումը; Հանրային ռադիոյի մրցույթում 8 թեկնածու էր պայքարում։ Հանրային հեռարձակողը հուլիսի վերջին ընտրեց Արմեն Քոլոյանին, որ երեք տասնամյակից ավելի աշխատել էր «Ազատություն» ռադիոկայանում որպես լրագրող։ Լուսինե Պետրոսյանը 0 ձայն էր ստացել ու համարում է, որ մրցույթը հայաստանյան ու միջազգային նորմերի խախտումներով է ընթացել։

«Առաջինը, որ ես պնդում եմ, որ իմ հանդեպ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 12-րդ արձանագրությամբ ամրագրված՝ քաղաքական կարծիքի ..., այսինքն՝ քաղաքական կարծիքի համար խտրականություն է դրսևորվել: Դա այն հիմքն է, որով ընդհանրապես ես վիճարկել եմ, և որով դա ընդունվել է վարույթ», - նշեց Պետրոսյանը:

Լուսինե Պետրոսյանը «Հրապարակ» թերթում հոդվածներ է գրում և հաճախ քննադատում վարչապետ Փաշինյանին ու նրա թիմին։ Նրա կարծիքով՝ իր թեկնածությունը չեն դիտարկել հենց քաղաքական հայացքների պատճառով:

«Երկրորդ հիմքն այն է, որ կարգը, որով մրցույթը անցկացվել է՝ վիճարկվող մրցույթը, դա չի համապատասխանում վերադաս օրենսդրական ակտերին Հայաստանի՝ ոչ Կառավարության որոշումներին, ոչ անգամ օրենքներին և ոչ էլ ընդհանրապես միջազգային պրակտիկային», - ասաց նա:

Հայցի երկրորդ մասով Լուսինե Պետրոսյանը պահանջել է, որ դատարանը պարտավորեցնի Հանրային հեռարձակողի խորհրդին՝ մեկամսյա ժամկետում ընտրության նոր կարգ մշակել ու դրանով նոր մրցույթ անցկացնել. - «Այ այս մասով ես ինչքան գիտեմ դատարանը մերժել է»:

Ի՞նչ է նշանակում՝ երբ դատարանը վարույթ է ընդունում հայցը։ Ըստ Վարչական դատավարության օրենսգրքի՝ հայցը վարույթ ընդունելուց հետո կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը, մինչև ուժի մեջ կմտնի այդ գործը քննող դատական ակտը։ Օրենքը նաև բացառություններ է նախատեսում, օրինակ՝ երբ այդ որոշումը ենթակա է անհապաղ կատարման, կամ երբ վարչական մարմինը գրավոր հիմնավորել է, որ այդ պաշտոնավարումը անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից։

Ի՞նչ է անելու Հանրային հեռարձակողի խորհուրդը։ Խորհրդի անդամ Արփի Ոսկանյանն «Ազատությանը» փոխանցեց, թե երեկ են ստացել դատարանի որոշումը ու դեռ քննարկում են անելիքները։

«Ժամանակ է պահանջվում, որպեսզի դրան խորհրդի բոլոր անդամները ծանոթանան, քննարկենք և որոշումներ կայացնենք ու հասկանանք մեր հետագա անելիքները։ Միայն կարող եմ ասել, որ որքանով հասցրեցի ծանոթանալ հայցադիմումի մեջ մեզ ներկայացված պահանջներին, դրանք բացարձակապես հիմնազուրկ են», - ասաց Ոսկանյանը:

Լուսինե Պետրոսսյանի պնդումը, թե խորհուրդն առաջնորդվել է քաղաքական նախատրամադրվածությամբ, Արփի Ոսկանյանը հերքեց. - «Ես՝ որպես խորհրդի անդամ, կարող եմ ասել միայն, որ քաղաքական հայացքները Լուսինե Պետրոսյանի ընդհանրապես չեն քննարկվել, և ընդհանրապես որևէ մեկի քաղաքական հայացքները քննարկման թեմա չեն եղել»։

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանն «Ազատությանը» փոխանցեց, թե շարունակում է պաշտոնավարել և իրավական գործընթացներից տեղյակ չէ։

«Ով ինչ գործընթաց ուզում է, թող սկսի, ես հավատում եմ, որ արդարադատության համակարգը կընդունի այն որոշումը, որը ճիշտ կհամարի։ Ավելին չեմ կարող ասել։ Ծանոթ չեմ հայցի բովանդակությանն ու իրավակարգերին։ Եթե իրենք համարում են՝ վարույթ ընդունելը նշանակում է պաշտոնավարման կասեցում, ապա թող պաշտոնական որոշում ուղարկեն, ես պատրաստ եմ հանձնել բանալին ու այլևս աշխատանքի չգալ», - հայտարարեց Քոլոյանը:

Սա միակ դատական հայցը չէ ընդդեմ մրցույթի։ Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանն էլ, որ աղմուկով հեռացավ պաշտոնից, հայց է նախապատրաստում՝ վիճարկելու է Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի արդյունքները, և պահանջում վերականգնել իր խախտված իրավունքը։

Խումարյանը նախորդ մրցույթին էլ էր մասնակցում, 0 ձայն էր ստացել, պահանջում էր խորհրդի հրաժարականը։

Հանրային ռադիոյի նոր ղեկավարի մրցույթի աղմկոտ պատմությունը սկսվեց, երբ Խումարյանը պաշտոնավարման օրերին՝ տարեսկզբին խմբագրական էր գրել ու հակադրվել վարչապետ Փաշինյանին։

XS
SM
MD
LG