Հանրային հեռարձակողի խորհուրդը կարծում է՝ վարչապետի հարցազրույցին ռադիոյի կայքում իր տեսակետները հակադրած Հանրային ռադիոյի տնօրենն առերևույթ չարաշահել է լիազորությունները, Գարեգին Խումարյանը ճիշտ հակառակ կարծիքին է։
«Շատ հեշտ է, գիտեք, ոչինչ չանել, իսկ հետո ասել, թե ցլերն ուժեղ են։ Եկեք հանվենք։ Գուցե այդպես նրանք մեզ ոտատակ չտան:
Անցած շաբաթ այս տաղավարում մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։ Թուրքերը կոտորում են հայերին։ Այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչեց «եկեք դադարենք հայ լինել»-ը», - իր հոդվածում գրել է Խումարյանը։
Թե՛ Սահմանադրություն ու Անկախության հռչակագիր փոխել-չփոխելու հետևանքների մասին Փաշինյանի հարցազրույցի, թե՛ դրան հակադրվող Խումարյանի հրապարակման արձագանքները բուռն են։
Այս քննարկումների ֆոնին, երեկ երեկոյան Հանրային ռադիոն վերահսկող մարմինը տեղեկացրեց՝ քննության կառնեն Հանրային ռադիոընկերության տնօրենի գործողությունների համապատասխանելիությունը թե՛ էթիկական և թե՛ իրավական նորմերին։ Հայտարարության մեջ և պնդել էին՝ արտառոց չէ վարչապետին քննադատելը, ապա, չնայած հակառակի մասին բազմաթիվ օրինակներին, պնդել, թե առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ, ու տարակուսել «հանրային լրատվամիջոցի կամայական օգտագործումից»։
7-հոգանոց խորհրդի 5 անդամներ, նրանց թվում՝ նախագահ Արա Շիրինյանը, հրաժարվեցին պատասխանել «Ազատության» հարցերին։
Գարեգին Խումարյանն պնդեց՝ ինքն էթիկա ու իրավական նորմեր չի խախտել, իսկ իր հրապարակումը ո՛չ առաջինն էր, ո՛չ՝ վերջինը։
«Հանրային ռադիոընկերության ղեկավարը և լրագրողներն առհասարակ իսկապես փոքր-ինչ կաշկանդված են քաղաքական բնույթի տեսակետներ արտահայտելու առումով, բայց ես չեմ խոսում քաղաքական բնույթի հարցերի մասին, ես խոսում եմ հարցերի մասին, որոնք մի աստիճան ավելի վերև են, քան քաղաքականությունը, գոյաբանական հարցերի շուրջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հանրային ռադիոյի տնօրենը։
«Ինչ վերաբերում է Հանրային ռադիոընկերության կայքը օգտագործելուն, ապա ես մեծ լրագրողական կոլեկտիվի մաս եմ, ես էլ այստեղ աշխատող լրագրողներից մեկն եմ, պարբերաբար գրում եմ ինչ-որ թեմաներով: Ես քիչ առաջ նայեցի՝ ես մոտ 10 հրապարակում ունեմ իմ սյունակի տակ, համենայնդեպս, մինչ այս որևէ խնդիր երբեք չի եղել», - հավելեց Խումարյանը։
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները նաև հայտարարել էին՝ «ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ»։
Խորհրդի գնահատականներին համաձայն չէ Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմնի ղեկավար, Երևանի մամուլի ակումբի երկարամյա նախագահ Բորիս Նավասարդյանը։
«Հարցազրույցները, նաև՝ երկրի առաջին դեմքի հետ, կարող են նաև բանավեճային ռեժիմով անցնել։ Այն հարցերը, որոնք քննարկվել են մեր կողմից քննարկվող հարցազրույցում, արժանացել են բավականին տարբեր կարծիքների, և բնականաբար այդ կարծիքները պետք է գոնե հնչեցվեին հարցազրուցավարի կողմից, և չդառնար այդ հարցազրույցը հերթական մենախոսությունը Հայաստանի վարչապետի», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Նավասարդյանը։
Բորիս Նավասարդյանի համար համոզիչ չեն նաև Խումարյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքները. - «Գարեգին Խումարյանը լրագրող է, լրատվամիջոցի ղեկավար, և որտե՞ղ ինքը պիտի արտահայտի իր պրոֆեսիոնալ կամ քաղաքական դիրքորոշումները կարևոր հարցերում, եթե ոչ՝ իր ղեկավարած լրատվամիջոցում»։
Թե՛ իրավական, թե՛ էթիկական հարցեր քննարկելու անհրաժեշտություն Նավասարդյանը տեսնում է, բայց ոչ՝ լոկ Հանրային հեռարձակողի խորհրդի կազմով։ Ասաց՝ Հանրային հեռարձակողը միացել է Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմնին, ու եթե էթիկայի հարցերին անդրադարձ է կատարվելու, ապա դա պետք է լինի նաև իրենց մասնակցությամբ։ Եթե իրենց չներգրավվեն, չբացառեց, որ սեփական նախաձեռնությամբ տան գնահատական։
«Այն ձևը հարցազրույցի, որը փաստորեն արդեն ավանդույթ է դարձել Հանրային հեռուստատեսությունում՝ իշխանության ներկայացուցիչների հետ, երևի արդյունավետ չէ, եթե պաշտոնյան չի ցանկանում խորանալ շատ կարևոր և սուր հարցերին և խուսափում է դրանից, և երբ լրագրողը նպաստում է նման հարցազրույցի վարմանը, ապա, բնականաբար, այստեղ հասարակության, հանրության, լսարանի հետաքրքրությունները չեն կարող բավարարվել», - նշեց Նավասարդյանը։
Այս պահին պաշտոնավարող խորհրդի բոլոր 7 անդամներին նշանակել է Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթներից հետո:
Թե երբ է խորհուրդը պատրաստվում հրապարակել Խումարյանի վերաբերյալ իր որոշումը, տեղեկություն չկա։ Քանի որ խորհրդի մեծամասնությունը հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին՝ խորհուրդ տալով բավարարվել երեկ երեկոյան հրապարակած հայտարարությամբ, չկարողացանք ստանալ հստակ պատասխան՝ Հանրային ռադիոյի տնօրենի հրապարակումը քննելիս էթիկական ու իրավական ի՞նչ նորմերով է խորհուրդն առաջնորդվելու, եթե դրանք չհամապատասխանող համարեն, ի՞նչ պատիժ կարող է հետևել՝ արդյո՞ք ընդհուպ մինչև գործից ազատում։
Ի դեպ, Գարեգին Խումարյանն ասաց՝ իր աշխատանքային պայմանագիրն ավարտվում է ապրիլի կեսին, դրանից հետո պետք է հայտարարվի նոր մրցույթ, որին ինքը պատրաստվում է մասնակցել ու վստահ է՝ հաղթելու է։