Հանրային ռադիոյի տնօրենի ընտրության աղմկահարույց գործընթացից հետո թեկնածուները դատական գործընթաց են սկսում՝ մրցույթն անվավեր ճանաչելու պահանջով։
Մրցույթի կազմակերպիչները ոչ միայն Հայաստանի օրենքներն են խախտել, այլև մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ոտնահարել՝ քաղաքական հայացքների համար խտրականություն է դրսևորվել, հայտարարում է 0 ձայն ստացած մասնակիցներից Լուսինե Պետրոսյանը, որը դիմումն արդեն ուղարկել է վարչական դատարան, հիմա սպասում է ընդունել-չընդունելու պատասխանին։
Նոր ղեկավարի մրցույթն անցած ամիս ամփոփվեց։ «Հրապարակ»-ի լրագրող Լուսինե Պետրոսյանն ու 6 այլ թեկնածուներ 0 ձայն ստացան, 5 ձայնով հաղթեց «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից Արմեն Քոլոյանը։ Ընտրությունն անցկացրած Հանրային հեռարձակողի խորհրդի հասցեին մեղադրանքների իսկական տեղատարափ սկսվեց. Հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոն վերահսկող մարմնին քննադատում էին ոչ օբյեկտիվ որոշումներ կայացնելու, իշխանությունների պատվերը կատարելու մեջ։
«Մրցույթի ընթացակարգերը խախտվել են առհասարակ, որովհետև մրցույթ նշանակում է օբյեկտիվ գիտելիքների ստուգում, այսինքն՝ թեստավորման փուլ, հմտությունների ստուգում, այսինքն՝ հարցազրույցի փուլ, նշանակում է նշանակված գնահատականներ, գնահատականների բողոքարկման մեխանիզմ և այլն։ Այս բոլորը բացակայում են, ինչը նշանակում է, որ մրցույթ չի եղել, եղել է ուղղակի ստուգատես, հիմա ստուգատեսն ինչի՞ հիման վրա է եղել ներկայացված, այսինքն, ընդամենը փաստաթղթերի, այլ բան չի պահանջվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լուսինե Պետրոսյանը։
Լրագրողը ոչ միայն մրցույթի արդյունքներն է վիճարկում, այլև պահանջում է փոխել ընթացակարգն ու նորն անցկացնել։ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշել էր՝ այս անգամ հենց իրենք են նոր տնօրենին ընտրելու, մինչդեռ նախկինում այլ անձինք են ընտրություն կատարել։
Լուսինե Պետրոսյանի կարծիքով՝ եթե մրցութային նոր կարգը մինչև ընտրությունը փորձաքննություն անցներ, եզրակացությունը բացասական էր լինելու. - «Բոլորովին վստահ եմ, որ եթե այդ կարգն ուղարկվեր պետական իրավական փորձաքննության Արդարադատության նախարարությունում, կստանար բացասական եզրակացություն, թերությունները մատնանշված կլինեին, կուղղեին, ոչ թե այդքան ամբողջ օրենսդրության, միջազգային նորմերին հակասող կարգով կբերեին, մրցույթ կանցկացնեին, որ իրականում բովանդակային առումով մրցույթ չի եղել»։
Կընդունի՞ վարչական դատարանը լրագրողի հայցը վարույթ, պարզ կլինի առաջիկա օրերին։ Պետրոսյանին զուգահեռ հայց է նախապատրաստել նաև աղմկահարույց ընտրությունների գլխավոր գործող անձը ՝ Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը։
«Ով կորոշի բողոքարկել այդ մրցույթը, ուղղակի դատապարտված է հաղթանակի, որովհետև այն ձևը, այն ընթացակարգը, այն փիլիսոփայությունը, որով այդ մրցույթն անցկացվել է, հակասում է բոլոր հնարավոր և անհնար նորմերին, և դա դատարանում հիմնավորելը շատ հեշտ է լինելու», - նշեց նա։
Իր ղեկավարած լրատվամիջոցում վարչապետի հասցեին քննադատական խմբագրականից հետո էր սկսվել վերահսկող մարմնի հետ բուռն բանավեճը, որն իր գագաթնակետին հասավ մրցույթի օրերին։
«Գրեթե պատրաստ է, գուցե նույնիսկ այսօր հանձնած էլ լինեմ, ես մի քանի օր առաջ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ստորագրել եմ, ենթադրում եմ, որ այսօր կամ վաղը պետք է արդեն հայցը գնացած լինի», - նշեց նա։
Նոր տնօրենի մրցույթում Խումարյանը նույնպես 0 ձայն էր ստացել։ Նա, սակայն, քվեարկությունից շատ ավելի վաղ էր ահազանգում՝ գործընթացն օբյեկտիվ չէ։ Գարեգին Խումարյանն, օրինակ, մատնանշում էր խորհրդի մի քանի անդամի այս կամ այն կերպ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ունեցած կապերը՝ նրանցից մեկը նախկին իշխանական պատգամավոր է։
Հայցի բովանդակության վերաբերյալ շատ փակագծեր առայժմ չի բացում, բայց ասում է՝ վիճարկում է խորհրդի ներկայիս անդամների ընտրություն կատարելու իրավաչափությունը։
«Իմ դեպքում Հանրային հեռարձակողի խորհուրդն անպատշաճ ընտրիչ է, և ստեղծված իրավիճակում այդ մարդիկ ինձ ո՛չ կարող են ընտրել, ո՛չ կարող են չընտրել։ Այս տասնամյակների ընթացքում մենք չենք ունեցել այս աստիճանի հեղինակազրկված Հանրային հեռարձակողի խորհուրդ, ինչպես հիմա է, ու դա պետք է նաև պատշաճ պատասխան ստանա», - ասաց նա։
Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը չի էլ թաքցնում՝ Խումարյանից դժգոհ են եղել, դրա համար են գնացել ընտրության։
«Եթե նշանակվում են ընտրություններ, դա արդեն նշանակում է, որ խորհուրդը ման է գալիս ավելի լավ թեկնածու, թե՞ չէ… հենց այդպես է», - այս ամիս «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ասել էր նա։
Արա Շիրինյանն արձագանքել էր մեղադրանքներին՝ գրաքննություն մտցնելու փորձեր, իշխող ուժի հետ կապեր, ձևական մրցույթի անցկացում։ Խորհրդի նախագահի պատասխանները միատեսակ էին՝ իրենք ճիշտ են: